Իրենք աշխատելու են այն ուղղությամբ, որ իրենց ուղին Հայաստանի համար մնա հիմնականը, այլ ոչ թե օժանդակ ուղիներից մեկը․ վրացագետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Այցի շրջանակում կայացել է Արմեն Սարգսյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը։ Նախատեսված է հանդիպում՝ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Նախագահ Սարգսյանը նաև կայցելի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:
168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադառնալով այս այցին՝ նշեց, որ այն խորհրդանշական է և շատ կարևոր, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված փոխայցերի սահմանափակումներից և Արցախյան պատերազմից հետո առաջին հանդիպումն էր․ «Այսօր արդեն փոփոխվող տարածաշրջանում շատ կարևոր է, որ երկու պետությունները, որոնք բարիդրացիական հարաբերություններ, համագործակցություն ունեն և նաև ցանկություն՝ խորացնելու համագործակցությունը, քաղաքական երկխոսությունն ակտիվ պահեն։
Եվ այս այցի հիմնական մեսիջներից մեկն այն է, որ նոր փոփոխվող տարածաշրջանում մենք միմյանց հետ կարող ենք լինել անվտանգ, ապահով և իրար աջակցելով` կարող ենք հասնել ձեռքբերումների»։
Վրացագետը կարևորեց պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումները, ապա տեղեկացրեց, որ, թեև վարչապետի հետ հանդիպում տեղի չի ունենում, քանի որ կորոնավիրուսային ախտորոշմամբ մեկուսացված է, սակայն նախագահ Սարգսյանին դիմավորած փոխվարչապետ, արտգործնախարար Զալկալիանին շատ բարձր է գնահատել այցից սպասումները․ «Նա շեշտել է, որ այս այցը կարող է նոր թափ տալ մեր միջպետական հարաբերություններին»։
Մեր դիտարկմանը, թե գուցե Վրաստանի կողմից Հայաստանի հանդեպ վերաբերմունքն այս պահին պայմանավորված է նաև Վրաստանում վերջին շրջանում առկա հակաթուրքական տրամադրություններով, նա արձագանքեց․ «Այդ էլեմենտը ևս կա․ կան բարդություններ Թուրքիայի հետ՝ Նամահվանի ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ, Բաքվի հետ՝ սահմանի հետ կապված, բայց Թբիլիսիի համար, ըստ իս, ավելի մտահոգիչ պետք է լիներ Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը, որը «հակաթուրքականություն» բառն օգտագործեց՝ անդրադառնալով ՀԷԿ-ի կառուցման դեմ պրոտեստին»։
Նման էլեմենտները չբացառելով՝ Ջոնի Մելիքյանը, այդուհանդերձ, կարծում է, որ այս հարաբերություններն առավելապես հիմնված են համագործակցության ու փոխըմբռնման վրա, ինչը նոր կառուցվող տարածաշրջանում կարող է տալ նոր հնարավորություն հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելու համար․ «Մենք հասկանում ենք, որ տարբեր ինտեգրման գործընթացների մեջ ենք, տարբեր կառույցների մեջ ենք, կամ անվտանգային հարցերը տարբեր ուղղություններով ենք լուծում, բայց կա այն ըմբռնումը, որ պետք է համատեղ խորացնել հարաբերությունները։ Եվ այստեղ արդեն նոր ստատուս-քվոն, որը տարածաշրջանում ստեղծվում է, և ապաբլոկավորման պարագայում ենթակառուցվածքների՝ Թբիլիսիում այս ամենը որպես մարտահրավեր են ընդունում, և իրենք աշխատելու են այն ուղղությամբ, որ հայ-վրացական օրակարգն ակտիվ պահելով՝ ապահովեն, որ իրենց ուղին Հայաստանի համար մնա հիմնականը, այլ ոչ թե օժանդակ ուղիներից մեկը։
Դրա համար կա երկու կողմից հետաքրքրություն հարաբերությունների զարգացման, և քանի որ կա այդ հետաքրքությունը թե՛ Երևանում, թե՛ Թբիլիսիում, կա հնարավորություն այս հարաբերությունները նոր մակարդակի բերելու։ Այստեղ կարևոր է, որ լինի համակարգված աշխատանքը, և այս տարվա ընթացքում այդ հարաբերությունների դինամիկան շարունակվի․ մենք ունենանք այցեր վարչապետների, միջկառավարական հանձնաժողովի նիստ, որպեսզի այս ինստիտուցիոնալ համագործակցությունը տա նաև իր օգուտը»։
Նկատենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում վերահաստատել է Երևանին և Բաքվին բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամությունը։