Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև կոնսենսուս կա. ԵԱՀԿ ՄԽ-ն կսկսի գործել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ ԼՂ հակամարտության կողմերին կոչ անելով իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:
Նրանք վերահաստատել են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները արտացոլող համատեղ օրակարգը: Համանախագահները կողմերին հիշեցրել են «մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին»:
«Դրանք ներառում են հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան բոլոր ռազմագերիների և ձերբակալված այլ անձանց վերադարձին, հակամարտության տարածաշրջանի արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Միջնորդներն ընդգծել են նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Համանախագահներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության շարունակական գործունեությանը, ինչպես նաև առաքելության հնարավոր ընդլայնմանը, և կողմերին կոչ են արել լիարժեք օգտվել և աջակցել նրա ջանքերին: Միջնորդները նաև պատրաստակամություն են հայտնել վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ իրենց գնահատողական և միջնորդական դերը կատարելու համար։
Ուշագրավ է, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը նախորդել էր ապրիլի 12-ին ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի մեկնաբանությունը ԵԱՀԿ ՄԽ դերի վերաբերյալ: Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կարևորությանը, ՌԴ նախագահի անձնական ջանքերին, հումանիտար խնդիրներին՝ ռազմագերիների փոխանակմանը, զոհվածների աճյունների վերադարձին, փախստականների ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովմանը, կողմերի միջև վստահության վերականգնման անհրաժեշտությանը՝ Կարասինն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների պրակտիկան կարող է վերականգնվել, ինչը շոշափելի միջազգային արձագանք կստանար: Նշենք, որ ավելի վաղ՝ մասնավորապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՌԴ պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահը և ԱԳ նախարարը, դիվանագիտական բառապաշարով անվստահություն էին հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա ապագա գործունեությունը փաթեթավորում միմիայն մարդասիրական խնդիրների շուրջ: Կարասինը, ով ՌԴ դիվանագիտական կորպուսում առանցքային ֆիգուր է, բնականաբար, չէր կարող պատահական դիտարկումներ անել:
Ապրիլի 13-ին Ալիևն իր վերջին կոնֆերանսի ընթացքում ասել էր, որ սպասում է ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկների: Նա նշել էր, որ այդ խմբի գործունեության համար որոշ ոլորտներ տեսնում է, բացառությամբ հակամարտության կարգավորմանը, քանի որ, նրա խոսքով, հակամարտությունը կարգավորված է: «Երբ ես խոսում եմ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի մասին, եթե Հայաստանը դա դիտարկի, կան շատ ոլորտներ միջազգային խաղացողների գործունեության համար՝ ինչ վերաբերում է դեմարկացիային, դելիմիտացիային, փոխգործակցությանը: Հուսամ՝ նրանք շուտով կգան մեզ մոտ որոշ առաջարկներով»,- նշել էր Ալիևը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ ԵԱՀԿ ՄԽ-ին դերակատարության հնարավորություն է տրվում:
Ըստ նրա, տեղի ունեցող իրադարձությունները պետք է գլոբալ դիտարկել, ոչ թե կտրված հարևան գոտիներում ծավալվող զարգացումներից: Վերլուծաբանն ասաց, որ սա պայմանավորված է Դոնբասի շուրջ առկա բարդ իրավիճակով, ռուս-թուրքական ու ռուս-ամերիկյան հարաբերություններով:
«Ակնհայտ է, որ Մինսկի խումբը պատերազմից հետո չկարողացավ գործել, դրա համար կային լուրջ խոչընդոտներ, այդ թվում՝ ռուս-թուրքական շփումներ, ԱՄՆ-ի հետ լարվածություն: Սակայն, եթե ՌԴ-ն նշում է, որ ՄԽ-ի անհրաժեշտությունը կա, ուրեմն իրավիճակ է փոխվել, ինչը գուցե կապ ունի նաև ռուս-թուրքական հարաբերությունների և Դոնբասի շուրջ նրանց շփումների հետ: Ակնհայտ է, որ խնդիրներ են առաջացել, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գուցե օգտագործեն առիթն այստեղ նախկին ձևաչափը վերականգնելու նպատակով, հատկապես, երբ ՄԽ-ն խնդիր չի տեսնում նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման հետ: ՄԽ գործունեության վերսկսումը կթուլացնի Թուրքիայի դիրքերը, կամրապնդի ԱՄՆ-ին այս հարցում: Իհարկե, կարծում եմ՝ ՄԽ օրակարգի շուրջ տարաձայնություններ կլինեն, քանի որ կողմերից մեկը համարում է, որ հակամարտությունը կարգավորված է, թեև բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, թեկուզ մարդասիրական խնդիրները հակամարտության կարգավորման առանցքային տարր են: Բայց այստեղ խնդիրները շատ-շատ են, որոնք կարող են քննարկվել: Ինչպես տեսնում ենք, բոլոր ճակատներում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական, էներգետիկ բարդ, որոշ տեղերում՝ համագործակցված հարաբերություններ են զարգանում, որոնք նաև չափազանց փոփոխական են, քանի որ հակամարտ ճակատները մի քանիսն են»,- ասաց վերլուծաբանը:
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն տևական ժամանակ լռություն պահպանեց, և դա պատահական չէր: Նրա խոսքով, ըստ ամենայնի՝ կար ընկալում, որ առանց համապատասխան միջավայրի՝ ՄԽ գործունեությունը հետպատերազմյան իրավիճակում չի վերականգնվի, և այդ հարցում առանցքային դերակատարություն ունի Ռուսաստանը, որը հրադադարի փաստաթղթի մասնակից է:
«Ըստ էության Ռուսաստանն իր գործընթացը շարունակելու է կողմերի հետ, որը վերաբերում է ապաշրջափակմանն ու տարատեսակ հարցերին, որին զուգահեռ՝ կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի տեմպերին ու աշխատանքի ոճին ծանոթ են բոլորը: Այս խմբից սպասումները մեծ չեն, թեև այս փուլում շատ խնդիրների լուծմանը կարող են նպաստել և մասամբ բանակցությունները տեղափոխել ավելի համակարգված հուն: Միակ մտավախությունն այն է, որ դա իսկապես հաջողվի, քանի որ կարող է լինի այց տարածաշրջան, որից հետո գործընթացը չզարգանա բանակցություններով: Այս փուլում կարելի է արձանագրել, որ պատերազմից հետո առաջին անգամ կոնսենսուս է ձևավորվել համանախագահ բոլոր երկրների միջև, այս պահին հարկ է հասկանալ, թե ինչ հարցեր կմոտեցնեն կողմերին բանակցային սեղան նստեցնելու համար: Այնուամենայնիվ, այս պահին արձանագրենք նաև, որ կոնկրետ սկզբունքների հղում չի կատարվում՝ կողմերի համար խոսակցության հարմար պայմաններ ստեղծելու և գործընթացը չվիժեցնելու նպատակով: Կարևոր է, որպեսզի կողմերը ևս կարողանան հնարավորությունից ճիշտ օգտվել՝ դիվանագիտորեն հստակ օրակարգ ունենալով»,- ասաց միջազգայնագետը:
Նա արձանագրեց, որ ՄԽ էջը չէր փակվել, ինչը նշանակում է, որ այն ինչ-որ փուլում սկսելու էր գործել: