Ալիևը հնարավորինս փորձելու է նվազեցնել Մինսկի խմբի դերը և կարևորությունը հետագա բանակցային պրոցեսում․ Անժելա Էլիբեգովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հերթական հայտարարությամբ են հանդես եկել` ԼՂ հակամարտության կողմերին կոչ անելով իրենց հովանու ներքո, որքան հնարավոր է՝ շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:

«Այս կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են անում համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները արտացոլող համատեղ օրակարգը»,- նշվում է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան 168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին՝ նշեց, որ համանախագահ պետությունները պետք է Ադրբեջանին պարտադրաբար նստեցնեն բանակցությունների սեղանին․

«Ալիևը հնարավորինս փորձելու է նվազեցնել Մինսկի  խմբի դերը և կարևորությունը հետագա բանակցային պրոցեսում, քանի որ ունի նպատակ, որպեսզի հետագա բոլոր քննարկումներն արդեն անցնեն ոչ Մինսկի խմբի ձևաչափով, այլ Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ:

ՌԴ դեպքում՝ ինքն ուղղակի պարտավորված է, այլընտրանք չունի, և իր համար, իհարկե, ցանկալի կլիներ, որ ֆորմատը կուրացիա աներ միայն Թուրքիան, ինչը մեզ համար, իհարկե, անընդունելի տարբերակ է։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի Մինսկի խմբի ֆորմատը պահպանվի, փոփոխության չենթարկվի, և այնտեղ չտեսնենք Թուրքիան։

Կարծում եմ, որ համանախագահ պետություններն Ադրբեջանին արդեն պետք է պարտադրաբար ստիպեն նստել բանակցային սեղանի շուրջ՝ օրակարգը քննարկելու»։

Հայտարարության տեքստում առկա զգուշավոր ձևակերպումներին անդրադառնալով՝ ադրբեջանագետը նկատեց․ «Այդտեղ արդեն մեր դիվանագիտության աշխատելիքն է, որպեսզի բոլոր սկզբունքները նորից ֆիքսվեն շատ հստակ, ու ազգերի ինքնորոշման իրավունքը դառնա դրա առանցքային մաս, որովհետև այո՛, Ալիևի պնդումներն այն մասին, որ հարցը փակված է, իրականությանը չի համապատասխանում, իհարկե։ Պետք է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, և հայկական կողմի դիրքորոշումը պետք է նորից ամրացնել»։

 

Տեսանյութեր

Լրահոս