Հայաստանում չասված խոսք, չպատռված դիմակ, չվարկաբեկված տականք, չբացահայտված հանճար չի մնացել․ ստեղծված իրավիճակը փոխել է պետք․ Մելիք-Շահնազարյան
Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցը շատերի սրտով չէր։ Խոսքն առավելապես քաղաքական ուժերի մասին է ու նրանց կողմնակիցների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Հիմա դեռ լուռ են, բայց ձայնը շուտով կլսենք։ Առաջնորդների ցուցումներին են սպասում։ Դա երևի բնական է. Միքայել Մինասյանը քաղաքական ուժերի համար սովորականից զատվող օրակարգ է պահանջում։ Նա ասում է՝ Հայաստանում եկել է անկեղծության ժամը։ Քաղաքականությունը մահացել է։
Շատ անկեղծ ու սրտացավ եմ ասում, հարգելիներս, քարոզարշավները, խոստումները, անցյալի հաջողություններին հղվելը, մրցակիցների վատ ու թույլ կողմերին մատնացույց անելը… այդ ամենն արդեն կարևոր չեն, անպետք են։ Հայաստանում չասված խոսք, չպատռված դիմակ, չվարկաբեկված տականք, չբացահայտված հանճար չի մնացել։ Բոլորին ամեն ինչ պարզ է։ Ու՞մ և ի՞նչ է պետք ապացուցել։ Եվ միթե՞ հիմա դրա ժամանակն է։
Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխել է պետք։ Մենք ինքներս պետք է փոխվենք։ Բոլորս։ Հուսով եմ՝ համաձայն եք սրա հետ։ Բայց արդյո՞ք ընտրություններն են այդ փոփոխությունների ճանապարհը։ Իհարկե ոչ։ Որոշում է պետք այդ փոփոխությունների համար։ Ամեն մեկի և բոլորիս մտքում կայացված որոշում՝ չլինել համակերպվող, գերի չլինել, անճար չլինել… Այլ հակառակը՝ պայքարել, կառուցել, պատասխանատվություն ստանձնել ու առաջ նայել։ Թվում է՝ պարզ բաներ եմ ասում, բոլորին հասկանալի։ Բայց ունե՞նք արդյոք մենք այդ որոշումը մեր մեջ։ Փորձեք անկեղծ պատասխանել այս հարցին ու ամեն ինչ պարզ կդառնա։
Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից թերևս առաջինն է, որ պատռել է մեռած քաղաքականության կապանքները։ Պետք է անկեղծ ասեմ, ես անչափ ուրախ եմ, որ հենց ինքը առաջինը հասավ այդ հանգրվանին։ Բայց ես նրան լավ գիտեմ՝ ճիշտ այն պահին, երբ այդ ազատության մեջ քաղաքական մեկ այլ ուժ ևս հայտնվի, նա կստանա Մինասյանի ու նրա ընկերների լիարժեք աջակցությունն ու օգնությունը։ Ուզում է ընտրություն լինի, ուզում է՝ հեղափոխություն։ Որովհետև նպատակը շատ հստակ է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան։ Արդար ապագան։ Անվտանգ ապագան։ Բարեկեցիկ ապագան»,-գրել է քաղաքագետը։