«Կարմիր բլուրի» ծայրամասում ֆիքսել ենք մարդու գործունեության հետքեր. Միքայել Բադալյան

«Մարտ ամսվա վերջին Հյուսիս-Հարավ մայրուղու Արգավանդի խճուղին Շիրակի փողոցին կապող հատվածում, որը նաև շրջանցում է «Կարմիր բլուր» հնավայրը, ճանապարհի շինարարության ժամանակ շինարարները  խեցեղեն բեկորներ են գտել:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանալով՝ շինարարական աշխատանքները դադարեցվել են, դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ հրատապ կերպով պեղումներ իրականացնելու համար:

«Գտանք խեցեղեն տարբեր բեկորներ, որոնք և՛ ուրարտական են, և՛ տեղական՝ կարմիր և սև փայլեցված մակերեսով: Սա շատ կարևոր է մեր հնագիտության համար, քանի որ ունենք տեղականի և ուրարտականի համադրություն: Այն մեր հնագիտության կարևոր, ոչ այդքան շատ լուսաբանված խնդիրներից մեկն է: Կարևոր է փաստել, որ մենք «Կարմիր բլուրի» ծայրամասում ֆիքսել ենք մարդու գործունեության հետքեր: Բացվել է կառույց՝ քարերի կանոնավոր շարով, ինչը ևս խոսում է մարդու կողմից իրականացված գործունեության մասին: Դա կարող է լինել դամբարան կամ մեկ այլ կառույց: Ապրիլի 8-ին  ուրարտական ժամանակաշրջանի միջին չափի կարասի ստորին հատված գտանք, և սա մեզ համար կարևոր բացահայտում է»,- ասուլիսի ժամանակ ասաց Միքայել Բադալյանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի փոխանցմամբ՝ այդ հատվածում 2013-2016թթ. հնագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ լայնամասշտաբ պեղումներ են իրականացվել՝ հիմնականում ստուգողական փոսերով, որտեղ հնագիտական շերտեր չեն գտնվել:

Նա տեղեկացրեց նաև, որ «Կարմիր բլուր»-ում այս տարի շատ լուրջ հնագիտական աշխատանքներ են իրականացնելու:

«Ճեմուղին, որ տանում է դեպի ամրոց, դրանից աջ ընկած հատվածում հայտնաբերվեցին հզոր պատի հետքեր, և մենք այդտեղ սկսեցինք հետազոտություններ. հայտնաբերվել են մի շարք հզոր պատերի, կառույցների հետքեր, որոնք խոսում են այն մասին, որ այդտեղ գուցե ուրարտական թաղամաս ունենք: Պատկերացրեք՝ 1.70, 2 մետր լայնությամբ, 20 մետր երկարությամբ պատեր, ու այս տարի այդտեղ իրականացնելու ենք լայնածավալ պեղումներ, չի բացառվում, որ կսկսենք ամռան սկզբին»,- ասաց Միքայել Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս