ՊԵԿ-ը հարկային տեռորի է ենթարկում տնտեսվարողներին. փոքր բիզնեսները փակվում են. Կառլեն Խաչատրյան

Օրերս ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց Կառավարության հեղինակած «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն այս նախագիծը համարեց ընդամենը քաղաքական նպատակահարմարությամբ օգտագործվող գործիք՝ իշխանության ձեռքում։

«Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծումը միանշանակ հավելյալ վերահսկողական գործիք է լինելու իշխանության ձեռքում, և կապ չունի, թե այդ գործիքին հասնելն իշխանությունն ի՞նչ հիմնավորմամբ կներկայացնի՝ կասի՝ դա անում են կոռուպցիայի դեմ պայքարի՞, թե՞ ապօրինի գույքի բռնագանձնման դեմ պայքարի համատեքստում, միևնույն է՝ նպատակը պարզ է։ Այն գործընթացները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել մեր երկրում՝ մասնավորապես, քաղաքական այլախոհների նկատմամբ կիրառվող գործիքակազմը, տալիս է համոզում, որ բանկային հաշիվների միասնական ռեեստրը՝ բանկային գաղտնիք համարվող տվյալների բազան, իշխանության ձեռքում լինելու է հավելյալ գործիք՝ ճնշումներ գործադրելու համար»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք իշխանության ձեռքում որպես մահակ և վերահսկողական գործիք կարո՞ղ ենք դիտարկել նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունն Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակից հանելն ու այն վարչապետի աշխատակազմին հանձնելու որոշումը, տնտեսագետ Խաչատրյանը պատասխանեց.

«Ամեն ինչ վարչապետի աշխատակազմի ձեռքում կենտրոնացնելու ձգտմամբ եմ Կառավարության այս որոշումը պայմանավորում։ Նմանատիպ կառույցները վարչապետի աշխատակազմի ուղիղ ենթակայության տակ տեղափոխելը նպատակ ունի այդ կարևոր կառույցների և տնտեսվարողների վրա վարչապետի աշխատակազմի կողմից ուղղաձիգ ազդակներ հղելու։ Իմ տպավորությամբ՝ կառավարության ներսում յուրայինների և ոչ յուրայինների խնդիր կա, գուցե Նիկոլ Փաշինյանը չի վստահում Վահան Քերոբյանին։ Այս մոտեցմամբ նրանք կարող են հասնել նրան, որ բոլոր նախարարությունները վերացնեն ու դրանով զբաղվեն վարչապետի աշխատակազմի անդամները, թեև աշխարհում ընդունված է, որ կառույցները ստեղծվել են, որպեսզի անձի փոփոխությամբ որևէ համակարգ չփլուզվի և ապահովվի այդ համակարգերի շարունակականությունը։ Հիմա, երբ դուք հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց տիրույթ եք տեղափոխում նման կառույցները, դա չի բերելու պետական կառավարման համակարգի աշխատանքի շարունակականության ապահովմանը, գուցե առանձին անձանց օժանդակի, բայց ընդհանուր գործին վնաս է լինելու»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։

Անդրադառնալով կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, Կառլեն Խաչատրյանը նշեց, որ, թեև Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ առաջին եռամսյակում գերակատարել է հարկային հավաքագրման ցուցանիշները, սակայն չի ասում, թե դրան ինչպե՞ս է հասել։

«Տնտեսվարող սուբյեկտներին ենթարկում են հարկային տեռորի, եթե խոսեք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, կտեսնեք, թե ի՞նչ խայտառակ վերահսկողական գործիքներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն՝ տեռորի են ենթարկում, ստիպում վճարել տուգանքները, և այլն, իսկ դա հանգեցնում է նրան, որ շատ տնտեսվարողներ փակվում են, և այսօր տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված անկումը պայմանավորված է նրանով, որ տնտեսական գործունեություն իրականացնողներ են փակվել»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։

Տնտեսագետը նշեց, որ առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները հնարավոր է եղել իրականացնել նաև բարձր գնաճի պատճառով, հետևաբար՝ գնաճի այս ցուցանիշը պահպանելը բխում է նախ իշխանության շահերից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս