Եվ փրկեա զմեզ ի փրկիչե
Հայաստանում նախընտրական շարժեր են և, ինչպես սովորաբար, կրկին ակտիվացել են փրկիչների որոնման փորձերը։ Ի բնե դատապարտված փորձերը։ Ու Հայաստանն այս վիճակին հասցրած փորձերը։
Քաղաքականության արժեզրկման ու վարկաբեկման արդյունքում հասարակությունն իր բոլոր խնդիրների լուծումը տարիներ, տասնամյակներ շարունակ փնտրում է անձերի մեջ՝ պատմության տարբեր փուլերում փրկչական հատկանիշներով օժտելով այս կամ այն անհատին, որը, ինչպես ընթացքում կամ հետագայում է պարզվում՝ նախ ինքը փրկության կարիք ունի։
Այդ անհատին փրկչական հատկանիշներով օծելուց հետո կամ հընթաց հասարակությունը գտնում է հակափրկիչների համ հակահերոսների, որոնցից պետք է փրկել երկիրն ու ժողովրդին։ Հակահերոսների դեմոնիզացիան փրկիչների կերտման օպերացիայի անբաժանելի մասն է, որևէ մեկը չի կարող փրկչի դեր ստանձնել, եթե չկա հակահերոսը, նա, ումից պետք է փրկել ամենայնը։
Հենց դա տեղի ունեցավ նաև 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին և Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ սկսած դեմոնիզացիայի շնորհիվ նաև՝ «փրկեց ժողովրդին»։ Ժողովուրդն այնքան կուրորեն կուլ տվեց փրկչության խայծը, որ մինչև այսօր՝ վերջին խայտառակ պարտությունից ու հազարավոր զոհերից հետո էլ, նրան թվում է, թե փրկված է։
Կարևոր չէ՝ ումից կամ ինչից, կարևորը փրկված լինելու զգացողությունն է, որը հանրային գիտակցություն ու հոգեբանություն է ներարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից կամ Նիկոլ Փաշինյանի համար։
Հասարակության որոշակի հատված տեղի ունեցած աղետից հետո էլ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը փրկել է իրեն, և դա, բնականաբար, դառնալու է նաև էլեկտորալ վարքագիծ առաջիկա ընտրություններում։
Խորքային առումով, սակայն, խնդիրն այս կամ այն ժամանակահատվածում քաղաքական դաշտում հայտնվող փրկիչների անձերը չեն, այլ երևույթն ինքը։ Հատկապես ժամանակակից աշխարհում, որտեղ գերակայում են համակարգերն ու տեխնոլոգիաները, որևէ խնդրի լուծում կապել անհատի հետ՝ առնվազն ցածր գիտակցության արտահայտություն է և հետամնացություն։
Եվ, որպես կանոն, որքան ցածր է հասարակության կրթական ցենզը, այնքան մեծ պահանջարկ են վայելում փրկիչները։
Իրականում պետական ու հանրային որևէ խնդիր, այդ թվում ու առավել ևս՝ այն խորքային պրոբեմները, որոնցում գտնվում է հիմա Հայաստանը, կարող են լուծվել միայն մրցունակ, ժամանակակից գաղափարներով և, իհարկե, դրանք իրագործելու ունակ անձանցով։
Բայց Հայաստանում որևէ մեկը չի խոսում գաղափարների, ծրագրերի, դրանք ներկայացնողների ունակությունների մասին, հանրային միտքը, ուշադրությունն ու էներգետիկան կենտրոնացած է այս կամ այն անհատի արարչագործության կամ, հակառակը՝ սատանայականության հարցերի վրա։
Ու նաև դրա հետևանքն է, որ Հայաստանում, ինչպես հետամնաց բոլոր երկրներում, ոչ թե անձերն են ծառայում համակարգերին, այլ հակառակը՝ այս կամ այն անհատը՝ գալով իշխանության՝ համակարգերն է ծառայեցնում իր շահերին ու հավակնություններին։
Մենք այդպես էլ չկարողացանք կերտել համակարգ-պետություն և մնացինք անձ-պետություն հետադիմության տիրույթում։ Չկարողացանք, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ մեզ իրականում պետք է փրկել կեղծ փրկիչներից, որոնց որոնմամբ հասարակությունը զբաղված է հենց այս օրերին։
Հարություն Ավետիսյան