Աշխատանքային իրավունքների վերականգնո՞ւմ, թե՞ կուսակցական խաղեր
Ապրիլի 1-ին «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր «Կենտրոն» վարչական շրջանում տիրող, մեղմ ասած, անհանգիստ իրավիճակին:
Խնդիրը հասել էր անգամ դատական ատյաններ, մասնավորապես՝ Վարչական դատարան, որտեղ, ըստ աղբյուրի, անհասկանալի որոշում էր կայացվել: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երևանի պատմության մեջ կասեցվել է Երևանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին:
«Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երևանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, և եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ և վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը»,- գրել էր թերթն ու հավելել, որ հարցը հիմա քննարկվում է և՛ Արդարադատության նախարարության կողմից, և՛ ԲԴԽ-ում:
Թերթի աղբուրների պնդմամբ՝ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի և վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջև:
«Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում, և ավագանու որոշման իրականացումը կասեցվում է»,- գրել էր թերթը:
168.am-ն անդրադարձել էր այս թեմային, զրուցել Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, ինչպես նաև Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի հետ: Նրանք հերքել էին նշված հանդիպման փաստը, բայց հաստատել էին, որ միմյանց ճանաչում են, իսկ Տիգրան Քանքանյանը փաստել էր անգամ դատավոր Հրաչ Այվազյանի հետ իրենց ընկերական կապի մասին:
Մանուել Մարգարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Փաստ» հրապարակման առնչությամբ զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացնելու դատարան, քանի որ, ըստ իրեն, «այնտեղ լրացուցիչ բաներ էին գրել ավել-պակաս՝ իմ անձի հետ կապված»:
Մեր զրույցից օրեր անց 168.am–ը կրկին կապ հաստատեց «Կենտրոն» վ/շ պաշտոնյայի հետ՝ տեղեկանալու համար, թե արդյո՞ք զրպարտության վերաբերյալ հայցն արդեն ներկայացրել է դատարան, և, ի վերջո, ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞վ ու ինչպե՞ս են իրեն զրպարտել:
– Ճիշտն ասած, դեռ ոչ, դեռ չենք դիմել:
– Դուք նախորդ անգամ չմանրամասնեցիք, բայց նյութի մեջ կարծես թե գրված է, որ Ձեր մասով քրեական գործեր են քննվում:
– Իմ մասով դեռ քրեական գործ չի քննվում:
– Իսկ կա՞ն նման խոսակցություններ, որովհետև հրապարակումից այդպես է ենթադրվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ խոսակցություններին:
– Խնդիր չկա: Ես տեղյակ եմ, որ նյութեր են ուղարկել, բայց դեռ գործ չի հարուցվել: Ես կաշկանդված չեմ: Հիմա կարող է ցանկացած մարդու մասին էլ հաղորդում ուղարկեն:
– Իսկ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ նյութեր են:
– Անկեղծ ասած, տեղյակ չեմ:
– Դուք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եք: Նշված հրապարակման մեջ ասվում է, որ Դուք վայելում եք կուսակցության հովանավորությունը:
– Նման բան չկա: Դա կեղծ հերյուրանք է: Համայնքային ծառայողը նման բաներից հեռու է: Ես երբեք չեմ ակնարկել նման բան: Ես իմ աշխատանքային իրավունքն եմ պաշտպանում, և դա, կարծում եմ, նորմալ է: Ցանկացած աշխատող պետք է իր աշխատանքային իրավունքը պաշտպանի:
Մենք կհետևենք, անշուշտ, Մանուել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարության միջև եղած հակամարտության ընթացքին, կփորձենք հասկանալ, ի վերջո, սա աշխատանքայի՞ն, թե՞ ամեն դեպքում՝ կուսակցական գերակայության խնդիր է, և արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձր հովանու ներքո են տեղի ունենում խժդժությունները «Կենտրոն» վարչական շրջանում, ինչն էլ չի կարող չանդրադառնալ աշխատանքների կազմակերպման և դրանց արդյունավետության վրա:
Այս առնչությամբ 168.am–ը կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանի հետ՝ փորձելով պարզել՝ ի՞նչ կապ ունի կուսակցությունն այս խնդրի հետ:
Վերջինս, սակայն, ասաց, որ ծանոթ չէ հիշյալ հրապարակմանը և որևէ մեկնաբանություն տալ չի կարող՝ միաժամանակ հավելելով, թե տեղյակ չէ նաև, որ իր կուսակցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Փորձեցինք դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգից տեղեկանալ՝ առհասարակ ի՞նչ վարույթներ կան՝ Մանուել Մարգարյանի անվանն առնչվող, և պարզվեց, որ վերջինս դատական հայցեր ունի ՀՀ Ճարտարապետների պալատի, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ, որոնք ըստ էության նրա գործատուներն են եղել տարբեր ժամանակներում:
168.am-ը տեղեկացավ, որ Մանուել Մարգարյանի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով: