
«Դատավորին ճանաչում եմ, բայց Ֆիլհարմոնիկում նրա ու մյուսների հետ հանդիպման փաստը հերքում եմ». ՊՎԾ աշխատակից

Այսօր մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երևանի պատմության մեջ կասեցվել է Երևանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին:
«Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երևանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, և եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ և վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը»,- գրել էր թերթն ու հավելել, որ հարցը հիմա քննարկվում է և՛ Արդարադատության նախարարության կողմից, և՛ ԲԴԽ-ում:
Սկզբնաղբյուրը գրել էր նաև, որ իր աղբուրների պնդմամբ՝ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի և վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջև:
«Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում և ավագանու որոշման իրականացումը կասեցվում է»,- գրել էր թերթը:
168.am-ի հետ զրույցում այդ ենթադրյալ հանդիպման մասնակիցներից ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանը նախ ասաց, որ ծանոթ չէ հրապարակմանը, ապա մեր բառացի մեջբերումից հետո տարակուսեց՝ բայց ինչի՞ համար պիտի հանդիպեինք, որ:
Նշեցինք, որ հարցի հասցեատերը մենք չենք, ընդամենը փորձում ենք ճշտել՝ եղե՞լ է արդյոք նման հանդիպում, թե՞ ոչ, Ֆիլհարմոնիկի շենքում չե՞ն հանդիպել դատավորի, Վիկտոր Մնացականյանի և Մանուել Մարգարյանի հետ:
«Չէ, չենք հանդիպել… Ես, իհարկե, հերքում եմ: Վիկտոր Մնացականյանին ես Ֆիլհարմոնիկում շատ շուտ-շուտ տեսնում եմ, մնացածներին՝ չէ»,- ասաց Տիգրան Քանքանյանը, ապա հավելեց, որ բոլորին էլ ճանաչում է:
ՊՎԾ աշխատակցի խոսքով՝ ինքն աշխատել է թվարկած մարդկանց հետ, այդ թվում՝ դատավոր Հրաչ Այվազյանի հետ:
«Հրաչ Այվազյանի հետ ես 2001 թվականից աշխատել եմ, բայց նման հանդիպման մասին առաջին անգամ եմ լսում»,- նշեց Տիգրան Քանքանյանը:
Վերջինս տեղյակ չէր, որ Հրաչ Այվազյանի վարույթում գործ է եղել, ինչի մասին հիշատակել է մամուլը, և հենց այդ գործի հետ է կապված հրապարակման մեջ նշված հանդիպումը:
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ Մանուել Մարգարյանի հետ կապված գործից: Առաջին անգամ եմ լսում, որ Մանուել Մարգարյանի հետ կապված գործ կա»,- ասաց Տիգրան Քանքանյանը՝ չհերքելով, որ Մանուել Մարգարյանին, իհարկե, ճանաչում է, միասին աշխատել են:
ՊՎԾ աշխատակցի խոսքով՝ այժմ դատավոր Հրաչ Այվազյանի հետ աշխատել են Ֆինանսների նախարարությունում 2001թ., աշխատել է նախագահի վերահսկողական ծառայությունում, Հրաչ Այվազյանի հետ ընկերություն է արել նաև:
«Բայց Ձեր նշած հանդիպման փաստը հերքում եմ»,- ասաց Տիգրան Քանքանյանը:
Զրուցեցինք նաև Մանուել Մարգարյանի հետ: Վերջինս ասաց, որ տեղյակ է մամուլում տեղ գտած այսօրվա հրապարակմանը:
«Անկեղծ ասած, մենք հայց ենք նախապատրաստում զրպարտության դեպքով»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը:
Խնդրեցինք մեկնաբանել՝ հրապարակման ո՞ր հատվածն է ինքը դիտարկում՝ որպես զրպարտություն:
«Ես դատավորին ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ… Հետո այնտեղ լրացուցիչ բաներ էին գրել ավել-պակաս՝ իմ անձի հետ կապված»,- ասաց Մանուել Մարգարյանը՝ չհստակեցնելով «ավել-պակասի» խնդրո առարկան:
Նա ևս հերքեց հանդիպման փաստը, սակայն ասաց, որ ճանաչում է Տիգրան Քանքանյանին, նախկինում իրենց ֆինբաժնի պետն է եղել, միասին են աշխատել:
Վիճահարույց դատական հայցի և այդ առնչությամբ ընդունված վճռի վերաբերյալ Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումները կներկայացնենք առաջիկայում: