«Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է Ադրբեջանը` փորձելով ուրիշ ժողովուրդների հայրենիքը ոչնչացնել ու կառուցել իր հայրենիքը». Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և  զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախում իր կողմից բռնազավթված հայկական տարածքներում շարունակում է  մշակույթի էթնոցիդի քաղաքականությունը, որը ձևավորվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում։

«Հիմա Ադրբեջանի այդ քաղաքականությունն ավելի այլանդակ ձևեր է ընդունել։ Փաստորեն, խորհրդային ժամանակաշրջանը պարարտ հող էր Ադրբեջանի կողմից ուրիշ ժողովրուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման քաղաքականության համար, ինչն էլ հետագայում ավելի վայրագ ձևով շարունակվեց»,- 168.amի հետ զրույցում ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողները ոչնչացվում են։ Ավելին, Արցախ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը պետական հրահանգ իջեցրեց՝ հայկական եկեղեցիների բոլոր արձանագրությունները ոչնչացնել։ Շուշիի «Կանաչ ժամ», Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ադրբեջանցիներն իսպառ ոչնչացրել են, այդ թվում՝ տարբեր հուշարձաններ, հայկական գերեզմանոցներ։

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, խորհրդային տարիներին ադրբեջանական ԽՍՀ  ղեկավարությունը ձեռնամուխ էր եղել իր տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների ձևախեղմանը, ոչնչացմանը։ Սկզբում ոչնչացնում էր այն հուշարձանները, որոնք գտնվում էին Կուրի ձախ ափում, այնուհետև նույնն արեց պատմական Արցախ-Ուտիք նահանգում և Նախիջևանում։

«Անկեղծ, այս պարագայում ես դժվարանում եմ ասել, թե ինչ պետք է անի հայկական կողմը մեր մշակութային հուշարձաններն ադրբեջանական ոչնչացումից փրկելու համար։ Պետք է ավելի հստակ աշխատել տարբեր ուղղություններով, գուցե միջազգային հանրության մոտ խիղճ արթնանա։ Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու հետ կապված՝ միջազգային կառույցները մեծ աղմուկ են բարձրացնում, բայց հազարավոր հուշարձանների վայրագ ոչնչացման հետ կապված՝ որևէ քայլ չի ձեռնարկվում միջազգային հանրության կողմից։ Ճիշտ է, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, նաև Հայաստանի, դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բայց որևէ գործուն քայլ չկա կառույցի կողմից։ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն այս հարցում բավականին ակտիվ են աշխատում, սկզբնական շրջանում ակտիվ աշխատում էր նաև ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Հիմա, անկեղծ, չգիտեմ, թե ինչ է արվում համապատասխան լիազոր մարմնի կողմից։ Ամեն դեպքում տարբեր աշխատանքներ կատարվում են, սակայն չգիտեմ` ինչ հաջողություններ կլինեն, քանի որ զգում ենք, որ աշխարհը լուռ է ու խուլ»,- հավելեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանն իր այս գործողություններով փորձում է ուրիշի հայրենիքի վրա իր սեփական հայրենիքը կառուցել։ Նաև՝ իրականացնում է այն նույն քաղաքականությունը, ինչ Օսմանյան Թուրքիան դարեր շարունակ տարածում էր ու իրականացնում։

«Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է Ադրբեջանը, փորձելով ուրիշ ժողովուրդների հայրենիքը ոչնչացնել ու կառուցել իր հայրենիքը և ամեն ինչ անել, որպեսզի բնիկ ժողովրդին զրկի իր հայրենիքից՝ իրացնելով այդ հայրենիքը»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս