ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի պաշտպանական կառույցի նկատմամբ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թուրքական Պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB) պատժամիջոցների արժանի է համարել ռուսաստանյան պաշտպանական սերտորի հետ գործարքի համար:
Ծանուցման մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի դաշնային ռեեստրում, հաղորդվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն եզրակացության է եկել, որ SSB-ն մի քանի տարի առաջ «զգալի տրանզակցիա է անցկացրել» ՌԴ-ի հետ: Դրա հետ կապված Բլինքենը պատժամիջոցներ է նշանակել, որոնք «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում պետք է գործեն SSB-ի, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի եւ եւս երեք ղեկավարների նկատմամբ:
Ծանուցման համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործեր վարել Թուրքիայի այդ քաղաքացիների հետ: Ցուցակի ֆիգուրանտների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվում են, ամերիկյան իշխանությունները մուտքի այցագրեր չեն տալու այդ մարդկանց: SSB-ի նկատմամբ արգելքներ են սահմանվում ամերիկյան արտադրանքի արտահանման համար: Արգելվում են 10 մլն դոլարից ավելի վարկեր տալ SSB-ին:
Այսպիսով, Ջո Բայդենի վարչակազմը SSB-ի նկատմամբ շարունակել է այն ուղեգիծը, որը վերցրել էր նախորդ վարչակազմը. 2020 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել Դոնալդ Թրամփի վարչակազմի այն որոշման մասին, որով պատժամիջոցներ են սահմանվում SSB-ի եւ նրա չորս ղեկավարների նկատմամբ, ընդ որում՝ նույնպես CAATSA-ի շրջանակներում: Վաշինգտոնն այն ժամանակ նման քայլի է գնացել, որպեսզի Անկարային պատժի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այն ժամանակ դիտորդները Թուրքիայի նկատմամբ այդ միջոցառումները համարել են բավականին մեղմ: Թրամփն իր նախագահության ընթացքում դիմադրել է Թուրքիայի նկատմամբ առավելագուն չափով կոշտ դիրք գրավելու կոչերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: