«Փաշինյանը կարող է տոկոս վերցնել, բայց չեմ կարծում, որ դա իրեն բավարարելու է, ու դա շատ տարբերվելու է 2018 թվականի արդյունքից»

Ազգային ժողովն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտի 24-ին խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, որ ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով:

Այսպիսով, հնարավոր ընտրությունները, որի շուրջ ինչ-ինչ պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել քաղաքական մի քանի ուժերի հետ, և  օրն էլ, որքան էլ որ տարօրինակ է, ամրագրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ, կանցակցվեն հենց այս ընտրակարգով: Ինչո՞ւ այսքան հապճեպ, ու ինչի՞ն են միտված այս փոփոխությունները. 168.am-ը հարցադրումները հղեց քաղաքագետ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանին:

Վիգեն Հակոբյանը նկատեց՝ ընտրական մոդելի հստակեցումը, ռեյտինգայինից հրաժարումը, ամենևին էլ ամենաօպտիմալ տարբերակը չէ Փաշինյանի համար, իսկ թե ինչու՝ մանրամասնեց.

«Իշխանությունը, որը հույսը դնում է  նաև վարչական ռեսուրսի վրա, միշտ որոշակի առավելություններ է ունենում նաև ռեյտինգայինում, որովհետև ռեյտինգայինի պարագայում վարչական ռեսուրսը շատ ավելի հեշտ է կիրառվում:

Այս տեսակետից ես, օրինակ, համոզված չեմ, որ հաշվարկը միանշանակ  ճիշտ է արվել Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև, ամեն դեպքում, եթե ռեյտինգային լիներ, իր մոտ փոքր-ինչ ավել հնարավորություն կլիներ նաև այդ համակարգի շնորհիվ ավելի շատ ձայներ ստանալ:

Իհարկե, այդ պարագայում ընտրությունները քիչ քաղաքական են լինում, քան 100 տոկոս համամասնականի պարագայում, սակայն դրան գումարվում է տեղի հեղինակությունների գործոնը, վարչական ռեսուրսի գործոնը և այլն:

Իրենք գուցե հաշվարկել են, որ  այդ պարագայում  իրենք սահմանափակելու են որոշ ընդդիմադիր կուսակցությունների եղած ռեսուրսները, մասնավորապես՝ պահպանված  վարչական ռեսուրսը.  օրինակ, հանրապետականները՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  բավականին լուրջ ռեսուրսային կուսակցություն են՝ և՛ կառույցների, և՛ ֆինանսների, և՛ մարդկանց առումով:

Գուցե հաշվարկել են՝ դրանով ավելի շատ կվնասազերծեն, կչեզոքացնեն Հանրապետականի ռեսուրսը, Ռոբերտ Քոչարյանի քողարկված ռեսուրսները և այլն»:

Քաղաքագետի համոզմամբ՝ այս իրավիճակում  քաղաքական ուժերի  մեջ ակտիվ բանակցություններ կգնան՝ կա՛մ դե յուրե նախընտրական բլոկներ ստեղծելու մասին, կա՛մ դե ֆակտո՝ մեկ ցուցակով ընտրությունների գնալու մասին՝ կախված այն հանգամանքից, թե ինչ անցողիկ շեմեր կհաստատվեն:

Անդրադառնալով առհասարակ քաղաքական դաշտի նախընտրական մոտիվներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Տարբեր կուսակցություններ են ստեղծվում: Այդ կուսակցությունները շատ տարբեր նպատակներ ունեն՝ կան կուսակցություններ, որոնց համար առաջին ընտրությունն է, և իրենց համար հարմար ստարտ է, կան կուսակցություններ, որոնք մտնում են  դաշտ, որպեսզի ինչ-որ մեկից ձայներ տանեն, փոշիացնեն, կան կուսակցություններ, որոնք, չեմ բացառում՝ ինչ-որ մի պահի կարող ենք տեսնել՝ միանում են իրար կամ ավելի խոշորներին, լիդեր-կուսակցություններին:

Այժմ բոլորն իրենց սեփական հավակնությունների մասին են խոսում, սակայն մոտակա տասն օրվա ընթացքում որոշակի բյուրեղացումներ կլինեն. որոշակի տվյալներ կունենանք՝ ով ոնց է շարժվում»:

Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ունեն այն էլեկտորատը, որի վրա հենվելով՝ կարող են վստահորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, նա պատասխանեց.

«Ամեն դեպքում, իրենք ունեն իրենց միջուկային էլեկտորատը. դա այն էլեկտորատն է, որը ցանկացած պարագայում տվյալ քաղաքական ուժի հետևորդն է, բայց ինձ համար նաև ակնհայտ է, որ այդ ընտրազանգվածը շատ հեռու է բավարար լինելուց, որպեսզի ինքը կարողանա հաղթել ընտրություններում:

Եվ  Փաշինյանի համար ամենամեծ խնդիրն այն չէ, թե ինքն ինչքան կվերցնի. ի վերջո, հաջորդ կառավարությունը,  իմ այսօրվա տեսանկյունից, այնուամենայնիվ կոալիցիոնի է նմանվելու, որովհետև, ըստ իս, այս պահի դրությամբ չկա որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա միանշանակ և միայնակ 50+1-ով ներկայանալ խորհրդարանում, որպեսզի  ինքնուրույն կառավարություն ձևավորի:

Նիկոլ Փաշինյանն ունի մրցունակ ձայներ, բայց իմ կարծիքով՝ դա շատ հեռու է, որպեսզի ինքը կարողանա հաղթել. ինքը կարող է տոկոս վերցնել, բայց չեմ կարծում, որ դա իրեն բավարարելու է, ու դա շատ տարբերվելու է 2018 թվականի արդյունքից՝ անգամներ»:

Վիգեն Հակոբյանը հավելեց, որ քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան ոչ թե Փաշինյանի ընտրազանգվածի վրա, այլ չկողմնորոշված ընտրազանգվածի, որի հետ կարելի է աշխատել, և իրենց սեփական ընտրազանգվածի վրա, որին  պետք է կարողանան ընտրատեղամաս բերել այդ օրը.

«Այս 4-5 ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ընդդիմադիր ուժերն ունեն  ընդդիմադիր զանգված, բայց իրենք չէին կարողանում այդ ընդդիմադիր զանգվածին փողոց դուրս հանել: Իրենց գլխավոր խնդիրը դա էր: Կարծում եմ՝ շատ սխալ է, երբ բոլոր հանրահավաքների ժամանակ փորձում ես «նիկոլական» զանգվածներին հեղաշրջել. դա անիմաստ է, այդ կոդին տիրապետում է անձամբ Նիկոլը: Եթե մարդը այսքան իրադարձություններից,  կորուստներից հետո դեռ Նիկոլի հետևորդ է, ուրեմն իր հետ անհնար է աշխատել»:

Ամփոփելով խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ ընտրություններն անցնելու են «սև-սպիտակ», «նիկոլ-հականիկոլ» սխեմայով, որն այս անգամ ձեռնտու է լինելու հենց ընդդիմությանը.

«Երբ իշխանությունն իր քաղաքական կուրսի մեջ մտցրեց պրոթուրքական էլեմենտը, իսկ այսօրվա իշխանությունն ընկալվեց՝ որպես դրսից կառավարվող, պրոթուրքական ազդեցության ուժ, այդ պահից սկսած՝ երբ դու համարում ես՝ այդպիսի ուժեր են իշխանության և այդ քաղաքական կուրսն են տանում, Հայաստանում սկսեց ձևավորվել նաև ազգային-ազատագրական պայքարի էլեմենտներ. Սա՝ իդեոլոգիայի տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս