Ընտրությունները կլուծեն միմիայն բյուրոկրատական լեգիտիմության հարցը, սոցիալական լեգիտիմություն չի հաստատվի. Իսկանդարյան
«Աշխատել պետք էր սկսել աղետից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ իշխանությունների քայլերի համարժեքությանն իրավիճակին:
Նախ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ համաձայն չէ այն կարծիքներին, որ պատերազմը չի ավարտվել:
Նրա խոսքով, պատերազմն այն է, երբ դու պատերազմում ես, իսկ պատերազմը դադարել է, կնքվել է հայտարարություն հրադադարի մասին, և լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:
Իսկանդարյանը միաժամանակ շեշտեց, որ դա բացարձակ չի նշանակում, որ բացառված է նոր պատերազմը, դա բացարձակ չի նշանակում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան չեն պատրաստվում, դա չի նշանակում, որ գործողություններ տեղի չեն ունենում Ադրբեջանի կողմից:
«Ես կասեի, որ այն փուլը, որն այսօր առկա է՝ փորձ է Ադրբեջանի կողմից ստանալ բոլոր այն շահույթները, որոնք նա ստացել է հաղթանակից: Այդ շահույթները մի քանի ոլորտում են: Ադրբեջանի ռեժիմը փնտրում է հայերի ցավոտ կետերը և հարվածում է այդ կետերին: Դա ակնհայտըորեն նպատակային է արվում»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ շատ բաներ ներքին լսարանի և ներքին շուկայի համար են արվում:
Նրա խոսքով, մեզ համար ամենացավոտը տարածքներն են ու մարդիկ, ուստի առաջին ուղղությամբ, որով աշխատում են, տարածքների զբաղեցումն է ՀՀ տարածքից և Արցախի շփման գծից, և երկրորդ ուղղությունը՝ մարդիկ են գերեվարում, ռազմագերիներ, որոնց նրանք պահում են կամ քիչ-քիչ են վերադարձնում՝ հասկանալով, որ դա չափազանց ցավոտ է հայկական կողմի համար:
Երրորդը, ըստ Իսկանդարյանի, դա կոմունիկացիոն ռազմավարությունն է երկու տեղում, մեկը Բերձորի ճանապարհն է, այսպես կոչված՝ Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները ձգտում են վերահսկել այդ միջանցքը, և մյուս կոմունիկացիոն խնդիրը Մեղրին է, փորձն է պնդել, հաստատել այն տարբերակը կոմունիկացիաների բացման, որը Թուրքիային է պետք:
Նրա խոսքով, դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պրոյեկտ է:
«Սա այն է, ինչն ադրբեջանական կողմն այս փուլում անում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա, Իսկանդարյանի կարծիքով, պարզ է, որ փակ դռների ետևում ինչ-որ բան տեղի է ունենում, սակայն հրապարակային հարթությունում տպավորություն է, որ գրեթե ոչինչ տեղի չի ունենում, բայց պետք է հասկանալ նաև, որ ռեսուրսն էլ շատ չէ սեփական շահերն առաջ մղելու համար: «Հայաստանին պետք է այլ մակարդակի սուբյեկտայնություն, և պարտությունից հետո բանակցողների մեջքի ետևում այն ռեսուրսները, վստահությունը, այն ուժերը, որի վրա հիմնվելով՝ կարող է առաջ մղել սեփական շահերը, չկան: Ուստի իրավիճակը stand by է, դա բնական է։ Այլ հարց է, որ այդ ռեսուրսները պետք է վերականգնել, այլ հարց է, որ ապագա իրավիճակի պետք է պատրաստվել:
Պետք է ստեղծել հնարավորություններ, որի վրա հիմնվելով՝ կարելի է շահեր առաջ մղել, բայց ներկայումս նման հնարավորություններ չկան: Սա հետպատերազմյան իրավիճակ է: Ներկայիս իշխանությունները պատերազմի ընթացքում են իշխանություն եղել, մեզ մոտ հետպատերազմյան շոկ է, հասարակության էական հատվածը մեղադրում է իշխանություններին, և որպեսզի այս իրավիճակից դուրս գա, իշխանությունը փորձում է իրականացնել ինչ-որ ռեստարտ:
Ի՞նչ են ընտրությունները․ փորձում են լեգիտիմության ռեստարտ իրականացնել: Ասել, որ ես լեգիտիմ եմ պատերազմից հետո»,- բացատրեց Իսկանդարյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակը կանցնի, բայց կարող է երկար տևել, կան երկրներ, երբ այս իրավիճակը տարիներով, տասնամյակներով է շարունակվում, որից պետք է ջանալ խուսափել:
Իսկանդարյանն ընդգծեց, որ պետք էր սկսել աշխատել աղետից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ից: «Բացի դրանից, հասարակությունը պառակտված է, կա էական պառակտում հասարակության մեջ, իսկ նրանց միջև կա ապատիա և հոգնածություն: Ընտրությունները կլուծեն միմիայն բյուրոկրատական լեգիտիմությունը, այսինքն՝ թղթի վրա ցույց կտան՝ մենք անցկացրինք ընտրություններ, մենք հավաքեցինք ինչ-որ տոկոս, սոցիալական լեգիտիմությունը չի հաստատվի ընտրություններից հետո, այլ միայն հակառակը․ ընտրությունները տուրբուլենտություն է, ընտրությունները դիսկուրս են, ընտրությունների ընթացքում իշխանությունները ստիպված են լինելու խոսել, լռել երեք ամիս չի հաջողվի, իսկ թե ինչ է տեղի ունենում, երբ նրանք խոսում են, մենք տեսնում ենք»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ ընտրությունների հարցում իրեն 2 ցուցանիշ է հետաքրքրելու՝ մասնակցությունը և Երևանի ու մարզերի միջև տարբերությունը:
«Դա ավելի հետաքրքիր է, քան արդյունքները»,- նկատեց նա: