«Ցեղասպանության ճանաչման հարցում Նիկոլը և Էրդողանը միասին խաղում են ԱՄՆ նոր վարչախմբի խաղը». Արմեն Աշոտյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Ա. Աշոտյանի համոզմամբ՝ Հայաստանն այսօր Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ապաշնորհ և դավաճան կառավարման շնորհիվ դարձել է «գեոպոլիտիկ մանրադրամ» և դուրս է մնացել աշխարհաքաղաքական բոլոր կարևոր գործընթացներից:
Նրա համոզմամբ՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի օրակարգով, ապա ոչ միայն համատարած կեղծիքներով են տեղի ունենալու՝ վարչական հսկայական լծակների գործադրմամբ, այլև Հայաստանի համար դժոխքի նոր՝ դավաճանի շրջան են լինելու:
Իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների օրակարգը մի նպատակ ունի՝ գոլորշին թողնելու նպատակ, իր խայտառակ ձախողումները՝ պատերազմի, Արցախի հսկայական տարածքների կորուստի, ավերածությունների հետևանքները լեգիտիմացնելու նպատակ և բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ պետք է ունենալ՝ այդ ընտրություներին ՀՀԿ մասնակցության մասին վերջնական որոշում կայացնելու համար. «Ջուրը դեռ չտեսած, մի բոբիկացեք. չկա ընտրական գործընթաց, կա տենդ…»,-ընդդիմադիր գործընկերներին դիմելով՝ ասում է նա:
«Եթե իրական ընդդիմությունը միասնական «ո՛չ» ասի այդ ընտրություններին, ապա Նիկոլը չի կարող ընտրություններ բեմադրել»,-վստահ է Արմեն Աշոտյանը: