
Մեզ առաջին հերթին անհանգստացնում է երեք բնակավայրերի կարգավիճակը, որոնց հետագա ճակատագիրը մենք չգիտենք. Զոհրաբ Ըռքոյան

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Քաշաթաղի բնակավայրերից տեղահանված քաղաքացիներն ունեն բազում խնդիրներ՝ սկսած բնակարանից՝ մինչև աշխատանքի, սնունդի, հագուստի բացակայություն:
«Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ ազատագրված շրջանում վերաբնակվելու առաջարկը շատերն են ընդունել և Հայաստանում վաճառելով իրենց բնակարանները՝ տեղափոխվել են Քաշաթաղ: Մյուս մասը 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո է տեղափոխվել:
«Հիմա ամենակարևորը բնակարանի խնդիրն է, զբաղվածությունը: Մարդիկ ունեն նաև փաստաթղթերի խնդիր, ինչի բացակայությունը երբեմն դժվարություն է առաջացնում կառավարության կողմից հատկացվող աջակցության ծրագրերից օգտվելիս, չնայած այս ամենը կարգավորվող է, հիմնականը բնակարանի և աշխատանքի հարցն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբ Ըռքոյանը:
Նա նշեց՝ ով որտեղից գնացել էր՝ վերաբնակվել, հիմա վերադառնում է իր բնակավայր:
«Շատերը Երևանում են, Աբովյանում, ոմանք՝ վարձով, ոմանք՝ բարեկամի տանը: Ես Բերձորից եմ, տունս եմ թողել-եկել, բայց դա այնքան էլ կարևոր չէ, Հայրենիքս եմ թողել: 25-30 տարի մենք ապրեցինք, ստեղծեցինք ու թողեցինք: Մեզ առաջին հերթին անհանգստացնում է նաև երեք բնակավայրերի կարգավիճակը՝ Բերձորի, Ներքին Սուսի, Աղավնոյի: Այո՛, մեր ժողովուրդն այնտեղ ապրում է, նույնիսկ Աղավնոյում դպրոց կա, մանկապարտեզ են կառուցում, բայց հետագա ճակատագիրը մենք չգիտենք»,- նշեց Զոհրաբ Ըռքոյանը՝ հավելելով, որ մինչև Արցախյան 2-րդ պատերազմը Քաշաթաղում ապրել է մոտ 10.000 բնակիչ, մեծ մասը հետ են եկել, 200-300 հոգի մնացել է Բերձորում, Աղավնոյում, մի քանի ընտանիք տեղափոխվել է Արցախի Բադարա գյուղ, բայց հիմնական մասը Հայաստանում է:
Հավելենք, որ մարտի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Կառավարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները:
Մհեր Գրիգորյանը կարևորել է արցախցիների մասնակցությունը նիստի աշխատանքներին և նշել, որ առաջիկա նիստին ընդառաջ կմշակվի բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը կշրջանառվի՝ ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ՝ նիստին հրավիրված արցախցիների շրջանում: