Ադրբեջանը, խորքային ատելության քաղաքականությամբ, ասում է՝ «գնում ենք խաղաղության». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ինչ էլ լինի՝ որևէ հարց չի կարող հանգեցնել մարդու իրավունքների խախտումների: Մինչդեռ, ՄԻՊ-ի խոսքով, այսօր մենք ունենք մեր սահմանային բնակչության համար բնականոն կյանքի խաթարման խնդիր, իրավունքների կոպիտ խախտում և վտանգված լինելու խնդիր: Թաթոյանի խոսքով՝ կոպտորեն խախտվել են սեփականության իրավունքը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքը, ու վտանգված են միջազգայնորեն ճանաչված այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը:

«Ադրբեջանցի զինվորները, որոնք հիմա մեր սահմաններին են, նրանց գերագույն գլխավոր հրամանտարն է, չէ՞, Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանի նախագահի բառերն են, չէ՞, այս ամեն ինչը, նրանց գերագույն գլխավոր հրամանատարի: Հետևաբար՝ այստեղ հարց է առաջանում՝ բա իրենց ներկայությունն ինչպե՞ս է մարդու իրավունքների տեսանկյունից հնարավոր հանդուրժել»,- ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպությունների լռությունը նպաստեց, որ խաթարվի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, վտանգվեց մարդու իրավունքների հայեցակարգը:

Ու սրան զուգահեռ՝ Ադրբեջանն այսօր էլ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե բոլոր հարցերը լուծված են: Այս պարագայում, ըստ Թաթոյանի, անհրաժեշտություն է առաջանում աշխարհին հասցնել, որ Ադրբեջանն ընդամենը կեղծ թեզեր է առաջ տանում՝ փորձելով թաքցնել իր թշնամանքը հայերի նկատմամբ:

«Ադրբեջանը ասում է՝ «ամեն ինչ հիանալի է, մենք լուծել ենք բոլոր հարցերը, մենք հիմա գնում ենք խաղաղության»՝ իրական քաղաքականությունն ունենալով խորքային ատելությունը էթնիկ հիմքով, ընդ որում, նաև կրոնական»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս