Թվերն ավելի խոսուն են. հերթական սկանդալի հետևից
Էկոնոմիկայի նախարարը հերթական սկանդալային հայտարարությունն արեց՝ այս անգամ զբոսաշրջության սպասվող աճերի վերաբերյալ, ու մի կողմ քաշվեց։ Հետո շատերը սկսեցին գլուխ ջարդել՝ նախարարի հայտարարության հիմքերը գտնելու համար, բայց չեն գտնում։
Չեն գտնում, որովհետև դրա համար հիմքեր չկան։ Այսօր, երբ ոչ միայն Հայաստանն է գտնվում բարձր անկայունության գոտում, այլև ամբողջ աշխարհն է շարունակում բախվել փակ սահմանների հետ, տրամաբանությունից դուրս է խոսել զբոսաշրջության աճերի վերաբերյալ, առավել ևս՝ այնպիսի կոնկրետությամբ, ինչպիսին անում է էկոնոմիկայի նախարարը։
«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել տուրիզմի ոլորտում։ Բայց այս տարի արդեն դուք էլ կարող եք տեսնել փողոցներում, որ եթե անցած տարի մարտ ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք պարսիկների բավական մեծ խումբ։
Ապրիլին, գիտենք, որ շատ ամրագրումներ կան: Իսկ մայիսից պլանավորում ենք մտնել լրիվ նորմալ և ընդունելի տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ -20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- հայտարարեց նախարարը։
Որտեղի՞ց նրան այդքան վստահություն, ոչ մեկը չի կարող ասել։ Նույնիսկ ոլորտի մասնակիցներն են զարմացած։ Բայց նրանց մտահոգություններին անդրադառնալուց առաջ՝ նախ ներկայացնենք զբոսաշրջության անցած տարվա միտումներն ու փորձենք գլուխ հանել նախարարի կանխատեսումներից։
Անցած տարին իսկապես անբարենպաստ էր զբոսաշրջության համար։ Եվ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար։ Զբոսաշրջային հոսքեր ունեցանք հիմնականում տարվա սկզբին, երբ համավարակով պայմանավորված՝ դեռ սահմանափակումներ չէին կիրառվել։
Սահմանափակումները, ինչպես հայտնի է, մտցվեցին մարտի 16-ից։ Մինչ այդ զբոսաշրջության ակտիվությունը բավական բարձր էր։ Դա, անշուշտ, դեռ կարող էր շարունակվել, եթե համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումները ժամանակին կիրառվեին ու պատշաճ մակարդակով։
Բայց այն ժամանակ իշխանություններն այլ, ավելի հրատապ խնդիրներ ունեին լուծելու՝ սահմանադրական հանրաքվեի էին պատրաստվում, վարչապետն արշավներ ու մասսայական միջոցառումներ էր կազմակերպում, փողոցներում բուկլետներ էր բաժանում, և այլն։
Դա բերեց նրան, որ Հայաստանը շատ արագ բախվեց համավարակի հետ կապված խնդիրներին։ Այդ բախումը չափազանց ծանր եղավ՝ հանգեցնելով մեծ կորուստների։ Մինչև համավարակի հետ կապված սահմանափակումների կիրառումը, զբոսաշրջիկների հոսքը Հայաստան պահպանվում էր։ Սահմանափակումների կիրառումից հետո այն կանգնեց։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա առաջին եռամսյակում մեր երկիր էր եկել 311 հազար զբոսաշրջիկ։ Երկրորդ եռամսյակում հոսքեր ընդհանրապես չեն եղել։ Որքան էլ գուցե շատերի համար կարող է տարօրինակ լինել, բայց վիճակագրությունը որոշակի «մուտքեր» է արձանագրել նաև երրորդ և չորրորդ եռամսյակներում. Երրորդում, պարզվում է, Հայաստան է եկել 16 հազար, իսկ չորրորդում՝ նույնիսկ 48 հազար զբոսաշրջիկ։
Տարվա կտրվածքով ժամանած զբոսաշրջիկների քանակը կազմել է 375 հազար՝ նախորդ տարվա 1 մլն 894 հազարի դիմաց։
Այս թվերի տարբերությունը 1 մլն 519 հազար է։
Անցած տարի այդքանով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան 2019թ.։ Անկումն անցնում է 80 տոկոսից։
Էկոնոմիկայի նախարարը կանխատեսում է, որ զբոսաշրջիկների հոսքն այս տարի կաճի 319 տոկոսով։ Եթե սա վերածենք զբոսաշրջիկների կոնկրետ թվի, ապա կստացվի, որ այս տարի Հայաստան պետք է այցելի 1 մլն 572 հազար մարդ։
Այսօրվա անորոշությունների ու անկայունության պայմաններում, երբ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասում առաջիկայում, որտեղի՞ց նախարարին այդքան վստահություն, որ զբոսաշրջության աճը կլինի հենց 319 տոկոս և ոչ, ասենք՝ 318 կամ 320 տոկոս։ Չհաշված համավարակի գործոնը, որի հետ կապված՝ տնտեսության ու հատկապես զբոսաշրջության ռիսկերը կրկին մեծացել են։ Համավարակը վերստին ակտիվացել է, և առկա են նոր սահմանափակումներ կիրառելու սպառնալիքներ։ Նման հավանականությունն ամենևին չի բացառվում, նույնիսկ քննարկվում է։
Այսպիսի պայմաններում նման կանխատեսումներ անել զբոսաշրջության վերաբերյալ, անշուշտ, լուրջ չէ, անգամ, եթե հաշվի չառնենք, թե ինչ աշխարահաքաղաքական բարդ իրավիճակում է հայտնվել մեր երկիրը՝ տարածաշրջանի նոր իրողությունների ու իշխանությունների վարած անհեռանկար քաղաքականության հետևանքով։
Սա շատ լավ հասկանում են նաև ոլորտում զբաղվածները։ Եվ ոչ միայն հասկանում, այլև ամեն օր առերեսվում են դրա հետ։ Թերևս, դա է պատճառը, որ նրանց հունից հանել է էկոնոմիկայի նախարարի ոչնչով չարդարացված լավատեսությունը։ Ընդհակառակը՝ նրանք այդ չափազանցված լավատեսության տակ լուրջ ռիսկեր են տեսնում ոլորտի համար։
Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ զբոսաշրջության սպասվող 319 տոկոսանոց աճի վերաբերյալ, Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան համարում է անիրատեսական և ոլորտի բազում խնդիրները կոծկելու փորձ։
«Նախարարի պնդումը առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի և նորմալ տեմպի մեջ», մեզ համար ավելի քան մտահոգիչ է, քանի որ գոյություն չունի ապագային վերաբերող քիչ թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն: Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է թուլացնել պետության և զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում՝ անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:
Մեր կարծիքով՝ նախարարի կողմից հնչեցված 319 տոկոս աճի, այն է՝ ավելի քան քառակի անգամ աճի մասին կանխատեսումն ընդհանրապես մոտ չէ իրականությանը, քանի որ, բացի վերոնշյալ բարդություններից, առկա են բազում այլ խոչընդոտներ, որոնք դարձնում են նման վերականգնման տեմպերը անհնար»,- ի պատասխան էկոնոմիկայի նախարարի, ով նախարարական այս կարճ ժամանակահատվածում հասցրել է տնտեսության զարգացումների վերաբերյալ իր անհիմն դատողություններով ու իրականությունից կտրված գնահատականներով զարմացնել շատերին՝ հայտարարել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ