ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դատապարտվել է, և իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել. Սեյրան Օհանյան

ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ նկատելով.

«ՍԴ որոշումը ճիշտ որոշում է և ևս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով նաև քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ ՍԴ որոշումը մտել է ուժի մեջ։

Սեյրան Օհանյանը նշեց՝ արդեն առիթ ունեցել է ասելու, որ չի հասկանում մեղադրանքի էությունն իր նկատմամբ ու կարծում է, որ դատարանը ևս այսօր իր խոսքը պետք է ասի՝ հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճելով:

«Ես Գլխավոր շտաբի պետ եմ եղել, ընդ որում՝ նաև ես հիշեցնում եմ, որ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին է Պաշտպանության մասին օրենքը փոխվել, և ԳՇ պետը դարձել որպես զորային կառույցի ղեկավար:

Երբ ես եղել եմ ԳՇ պետ, հրամանատար չեմ եղել: Ինչևէ, մեղադրանքի հիմքում դրված էր, որ ես ընթերցել եմ, թե Արտակարգ դրության հրամանագրի համաձայն՝ ԶՈՒ ինչ խնդիրներ պետք է կատարեն, պարզապես ես ընթերցել եմ, և այսօր դատարանն իր որոշումը պետք է ընդունի,- խոսելով Մարտի 1-ի գործի՝ իրեն առնչվող դրվագի մասին՝ ասաց նա, ապա արձագանքելով լրագրողի հարցադրումին՝ «բայց ընթերցել եք, չէ՞», նկատեց,- Ես ընթերցել էի, որ ԱԴ պահանջներն այսպիսինն են, ԶՈՒ-ն այս խնդիրներն է կատարում, և ԶՈՒ-ն այն ժամանակ կատարել է երկրի կարևոր օբյեկտների պահպանության խնդիրը՝ թե՛ Սահմանադրության համաձայն, թե՛ հրամանագրի համաձայն, և նաև Պահակային և կայազորային ծառայության օրենքի պահանջների համաձայն, որն ընդունել է ՀՀ ԱԺ-ն»:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կընթերցեն ՍԴ որոշումը և ըստ այդմ՝ կհասկանան իրենց անելիքները, Սեյրան Օհանյանը նշեց.

«Կարծում եմ, որ վարչապետն այդտեղ որևիցե անելիք չունի, որովհետև վարչապետը Դատական իշխանության ղեկավար չէ. մեր երկրում կան իշխանության երեք թևեր՝ Օրենսդիր, Գործադիր, Դատական իշանություն:

Ինքը մեկ անգամ այդտեղ անելիք է ունեցել 2008 թ. մարտի 1-ին և հրահրել է այդ ամբողջ գործունեությունը, ընթացքը, և այսօր այդտեղ վարչապետն անելիք չունի.  անելիքը մեր Դատական իշխանության հարթության մեջ է»:

Հարցին, թե Ձեզ համար այդ արյունալի իրադարձությունների գլխավոր մեղավորը, պատասխանատուն ո՞վ է, նա պատասխանեց.

«Գոյություն ունի անմեղության կանխավարկած. մենք բոլոր տեսահոլովակներում, տեսաերիզներում տեսնում ենք, թե ով է հրահրել, ով էր բախման կոչ անում, ում հոգին էր լուսավորվում, երբ իրենք ոստիկանների ձեռքից ինչ-որ ոստիկանական պարագաներ էին վերցնում և նաև համապատասխան փոքր տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա»:

Ճշգրտմանը, թե 2008 թ. այդ իրադարձությունների համար նաև մեղավոր եք համարում Նիկոլ Փաշինյանի՞ն, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորներն այդ սպանություններում, որովհետև այս գործընթացը տարիներ շարունակ ընթանում է, և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ՍԴ կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր իրենց հարազատներին կորցրել են: Սպանությունների հոդվածն այլ է, ՍԴ կարգի տապալումն այլ է՝ առավել ևս, որ այդ հոդվածն այսօր ՍԴ-ն հերքեց:

ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դատապարտվել է, և իր իշխանության ժամանակ՝ այս երեք տարիների ընթացքում, այդ դատապարտման հոդվածը չի հերքվել: Զանգվածային անկարգությունների կազմակերպման համար էր դատապարտվել, և այդ հոդվածը մինչև հիմա էլ մնում է իր վրա, իսկ այս ամենը արդյունք է զանգվածային անկարգությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս