Բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է. պատրա՞ստ է Փաշինյանը կրել ԶՈՒ ղեկավարության հեռացման հետևանքների պատասխանատվությունը

Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում միտինգային  ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, հերթական անգամ հիշեց ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի, այսպես ասած,  իրեն ձեռնտու կետը՝  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում  են  չեզոքություն:

Մյուս կողմից, Փաշինյանի այս պնդման հիմքն ընդամենը սեփական երևակայությունն է, և  ոչ  մի  հստակ ապացույց, որ  ՀՀ  ԶՈՒ  ԳՇ  հայտարարությունը կամ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հաստատակամ որոշումն ուղղորդված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մեկ այլ տեսանկյունից եթե նայենք, ապա սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունում է՝ ինքը կորցրել է իր իշխանությունը դե ֆակտո:

Իհարկե,  ՀՀ զինված ուժերն այս օրերին մի քանի անգամ  հայտարարել են, որ առաջնորդվում են բացառապես պետական շահով:

Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ իր ուղերձում խոստացել էր՝  ան­զիջում պայքար են մղելու  ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Այն, ինչ ՀՀ ԶՈւ ղեկավարությունն այսօր փորձում է անել:

ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 1 կետը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Ըստ այդմ՝ ԳՇ պայքարը ոչ այլ ինչ է, քան սահմանադրորեն իրեն վերապահված պարտականության իրականացման իրավունքի համար պայքար, որի մասին Փաշինյանը միշտ մոռանում է:

Ի դեպ, Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հիշեցրեց.

«2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ Զինված ուժերի զինծառայողներ որոշակի քաղաքական ակտիվություն սկսեցին ցուցաբերել, մեր կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2018 թվականի ապրիլի 23-ին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրերը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին: Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության ծառայության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելիս»:

Մենք էլ մեր հերթին թարմացնենք Փաշինյանի հիշողությունը.

2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացել էին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Այսինքն, տեղի էր  ունեցել քաղաքական գործընթացին կոնկրետ մասնակցություն:

ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը թվով 209 զինծառայողների մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա: Մինչդեռ ոչ մեկը սրա համար խիստ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր, ով 2018-ի հունիսի 11-ին նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, այս պաշտոնից նա ազատվեց  2020-ի հոկտեմբերի 26-ին:

Նիկոլ Փաշինյանը բանակը քաղաքականությունից հեռու պահող Օնիկ Գասպարյանին մեղադրում է մի բանում, որն իր նպատակն է եղել և որը վաղուց իրականացնում է դե ֆակտո  Վաղարշակ Հարությունյանի և Անդրանիկ Քոչարյանի ձեռամբ:

Չմոռանանք, որ հենց իրեն՝ Վաղարշակ Հարությունյանին ևս ժամանակին Ռոբերտ Քոչարյանը կոչումազրկել էր բանակը  Հոկտեմբերի 27-ի զարգացումների ֆոնին  ինքնագլուխ գործունեության գործիք դարձնելու  պատճառով:

Վաղարշակ Հարությունյանն իր տեղակալներին հրահանգել էր, որ մտնեն ԱԺ-ի շենք ու Նաիրի Հունանյանին ասեն՝ բանակը շրջապատել է, ու ինքը որևէ տարբերակ չունի, մնում է հանձնվելը:

«Գիտեք, թե իր պատասխանը որն է եղել, ասում է՝ իսկ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Քոչարյանը մի քանի օր անց նույնն է ասում, թե՝ մենք պայմանավորվել էինք, որ բանակը չպիտի մտնի քաղաք: Նաիրի Հունանյանն ու նախագահն ասում են՝ բանակն ինչո՞ւ է մտել, բայց բանակը որ մտել է, ի՞նչ, մտել է, որ ապահովի անվտանգությունը, այստեղ ի՞նչ պրոբլեմ պիտի լիներ: Դրանից հետո փորձեցին իմ դեմ քրեական գործ հարուցել և մեղադրել, որ ես բանակ եմ մտցրել, սա խախտել է իրենց պլանները,- ասել էր Վաղարշակ Հարությունյանը մի հարցազրույցում, իսկ ավելի ուշ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում լրացրել  իր միտքը,- Այն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, այն ժամանակ մենք ունեինք ռազմական սպառնալիք Երևանում: Եթե զինված խմբեր վերցնում են պետական շենքեր, դա կոչվում է ռազմական սպառնալիք, որը մտնում է բանակի դրույթի մեջ՝ կանխել ռազմական սպառնալիքը: Եվ այնտեղ բանակը գործում էր՝ ժողովրդին պահել այդ տեռորիստներից և հնարավոր հետևանքներից ռազմական: Դա է եղել»:

Վերջին հիշատակված հարցազրույցում  Վաղարշակ Հարությունյանը նաև նշել էր.

«Երբ որ մենք ասում ենք՝ բանակը քաղաքականության մեջ… ես մի հարց պիտի տամ ձեզ՝ ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Ասում եք՝ ընտրություններ: Ոչ մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Երբ մենք ասում ենք՝ չպետք է խառնվի, դա պիտի հասկանանք: Նա չպիտի ունենա կուսակցական պատկանելություն: Սա է: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված՝ ինչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է: Եթե բանակը մասնակցում է ընտրություններին, ապա դա քաղաքական գործընթաց է, չէ՞, սահմանադրական իրավունք է»:

2019-ին Փաշինյանի իշխանությունը  վերականգնեց Ռոբերտ Քոչարյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանից արդարացիորեն  վերցված  զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ, և սրանով, Փաշինյանը, ըստ էության, լեգիտիմացրեց և խրախուսեց բանակի քաղաքականացումը և քաղաքական նպատակների համար օգտագործումը:

Ի դեպ, Օնիկ Գասպարյանը, որին Փաշինյանը մեղադրում է քաղաքական դիրքորոշում որդեգրելու մեջ, մի քանի անգամ հրաժարվել է կատարել Փաշինյանի՝ զորքը ներքաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու պահանջը:

Միաժամանակ, Փաշինյանը Սերժ Սարգսյանի «հրահանգով առաջնորդվող»  Օնիկ Գասպարյանի «օգնությանն» էր դիմել, երբ խնդիր ուներ արդարացնելու պատերազմը 44 օր հետո կապիտուլյացիոն փաստաթղթով ավարտելու քաղաքական իր որոշում-գործարքը. Փաշինյանի ընտանեկան թերթը հարցազրույց էր վերցրել Օնիկ Գասպարյանից, որտեղ գեներալն ասում էր , թե «վարչապետն այդ որոշումը կայացրել է իր  առաջարկությամբ»:

Մինչդեռ ավելի ուշ պարզ դարձավ, որ Օնիկ Գասպարյանը ոչ թե 44 օր հետո էր առաջարկել ավարտել պատերազմը և այն արդյունքներով, որն ունեցանք, այլ 4-րդ օրը՝ զգուշացնելով  ծանր արդյունքների մասին:

Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկություններով՝ Փաշինյանի գործիք «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պահանջել է  աչքի տակով անցկացնել  գեներալի այդ հայտնի ուղերձը, բնականաբար, սրբագրումների համար, ինչը մերժվել է:

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքային իր ելույթում պնդեց նաև, որ Զինված ուժերը և ԳՇ պետը կարմիր գծեր չեն հատել: Այսինքն, ԳՇ-ն չի  օգտվել ռազմական դրության պայմաններում օրենքով իրեն վերապահված լիազորություններից:

Այնինչ, Օնիկ Գասպարյանը հստակ խոստովանեց՝ Նիկոլ Փաշինյանը հատել է անթույլատրելի սահմանը:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»,- ասվում  էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ:

Մինչդեռ հոկտեմբերի 27-ին ՊՆ-ի հետ համատեղ հայտարարության մեջ ԳՇ-ն պնդում էր, որ «առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները»:

Այսինքն, պատերազմից հետո ամիսներ անց այլևս անթույլատրելի են (ինչը վաղուց պիտի լիներ) ՀՀ զինված ուժերի նկատմամբ սրվող և ճղճիմ  գրոհները և անհիմն մեղադրանքները, վարկաբեկման փաստերն ակտիվացան, իսկ  դրանք դրսևորվում էին ոչ միայն ժամանակ առ ժամանակ Փաշինյանի՝ բանակի վրա պատերազմում պարտությունը և տարածքային կորուստները բարդելու հայտարարությունների տեսքով, այլև ՊՆ-ի դիմաց իշխանամերձ շրջանակների կազմակերպած տարաբնույթ ակցիաներով՝ անհետ կորածների հարցում միայն ԳՇ-ին մեղադրելու, Արցախ արձակուրդ եկած զինվորներին չզորակոչելու, և այլն:

Եվ այս ամենի համատեքստում զորամասերում անկարգուկանոն դեպքերը հաճախակիացան, սպաների վարկաբեկումները, ինչը կադրային փորձառու և խիստ զինվորական Օնիկ Գասպարյանը չէր կարող երկար հանդուրժել. Արցախ չզորակոչելը, բնավ, նրա սրտով չէ, զորամասերում բեմադրվող և ստեղծվող ոչկարգուկանոնին նա կտրականապես դեմ է, պատերազմից փախածներին, զինծառայողների, սպաների ճանապարհը կտրողներին պատերազմի օրենքով չպատժելուն՝ ևս:

Այս համատեքստում հիշեցնենք, որ պատերազմի օրերին  Իջևանում  մարդիկ փակել էին  պայմանագրայիններով լցված ավտոբուսների առաջը, չէին թողել գնան Արցախ, ինչի համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց՝ ոչ պատերազմի, ոչ էլ ոչ պատերազմական օրենքներով:  Իջևանի գնդից, իհարկե, հետո զինծառայողներ և սպաներ մասնակցեցին պատերազմին:

Բացի այս, փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում (Զոդի չաստ) տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել էին  մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել էին զորամասի տարածքը։Նմանատիպ դեպքեր եղան նաև ՀՀ ՊՆ այլ զորամասերում:

Դեռևս  2019թ. մարտին Մեղրիի զորամասում արտառոց դեպք էր գրանցվել, երբ շուրջ 200 զինվոր լքել էր զորամասի տարածքը` հրաժարվելով ենթարկվել սպայական անձնակազմի ցուցումներին: Պարզվել էր, որ մի խումբ զինվորներ փորձել էին 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը հաստատել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Եվ երբ սպաները դա թույլ չէին տվել, այդ զինծառայողներն իրենց համածառայակիցներին դրդել էին ըմբոստության, այն է` 2019 թ. մարտի 17-ին հրաժարվել էին ենթարկվել զինվորական ծառայության օրվա կարգացուցակին, իսկ ժամը 22:30-ին, երբ հայտարարվել էր քուն, մոտ 200 զինծառայող դուրս էր եկել զորամասի տարածքից, ու միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս:

Մարտի 27-ին դատախազությունը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ. առաջին գործը ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով` մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը:

Նշված երկու քրեական գործերով էլ նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

Մոտ մեկ տարի հետո պարզվեց, որ  Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ դատախազը քրեական հետապնդումը դադարեցրել է և նրանց մասով վարույթը կարճել:

ԳՇ պետին շրջանցելով, բանակում կառավարման  սեփական մոդելն առաջ տանել՝ Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան զույգի միջոցով՝ փորձելով արդեն օրենքով «զինաթափել» ԳՇ-ին և ԳՇ պետին:

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության օրը պարզ դարձավ, որ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, թե ինչպես և ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի Զինված ուժերի բարեփոխումը:

«Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել, ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Եվ հույս ունեմ, որ մինչև «Ճանապարհային քարտեզի» ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն, եթե ոչ՝ ամբողջությամբ, այլ առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,- փետրվարի 25-ի կառավարության նիստի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 3-ին պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս ի վերջո որոշեց միանալ  Նիկոլ Փաշինյանի՝ հակաբանակ և  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի դեմ արշավին՝ իբր թե լուծելու քաղաքական ճգնաժամը:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու մասին հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այստեղ, թերևս, հիշենք 1998-ի փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և դրան Վազգեն Սարգսյանի անդրադարձը.

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է: Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:

Հիմա հարց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը պատրա՞ստ են կրել ՀՀ ԶՈւ ղեկավարության, ԳՇ պետի հեռացման, բանակի գլխատման պատասխանատվությունը: Բնականաբար, ոչ, որովհետև իրենց դեպքում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի դեպքում, ոչ թե  պատասխանատվության խնդիր է, այլ՝  Օնիկ Գասպարյանին հեռացնելու:

Մինչդեռ Օնիկ Գասպարյանը, ինչպես  այդ ելույթում Վազգեն Սարգսյանն էր նշել՝ շատ գործ ունի բանակի համար անելու, «առնվազն 2-3 տարի անչափ մեծ ծավալի աշխատանք կա»…

 

 

Տեսանյութեր

Լրահոս