«Միակ բանը, որ մենք պետք է համադրենք, դա օրվա իշխանության բացարձակ անգրագիտությունն է իրենց իսկ ինքնավստահության հետ». Աննա Սեդրակյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Աննա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը երեկ հերթական անգամ խոսեց մի բանից, որի մասին ունի շատ մակերեսային պատկերացումներ, բայց անհիմն վստահություն, որ ինքը հասկանում է, թե ինչի մասին է խոսում։ Խոսքը Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու հեռանկարների մասին է։
Կարելի էր նույնիսկ չանդրադառնալ իր այս հերթական դատարկաբանությանը, եթե իրենց թիմում տնտեսության համար պատասխանատուներից մեկը՝ պատգամավոր Babken Tunyan / Բաբկեն Թունյանը, չփորձեր համոզել բոլորիս, որ կիսագրագետ վարչապետի ասածը իրատեսական է։
Մինչ իրենց սխալ հաշվարկներին անդրադառնալը եկեք ֆիքսենք մեկ բան. Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար ամենահամեստ հաշվարկներով անհրաժեշտ է 500 -700 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում։ Որտեղի՞ց ենք վերցնելու այդ գումարը, ո՞վ է պատրաստ այսօր Հայաստանում կատարել այդպիսի ներդրում և վստահել մի կառավարության, որը փաստացի «մսխել» է «Հայատան» հիմնադրամին փոխանցված գումարները։ Լավ, ենթադրենք գումարը գտանք։ Տեսեք՝ ինչ պրիմիտիվ հաշվարկ են մեզ ներկայացնում։ Բաբկեն Թունյանն ասում է.
«Հայաստանից արտահանվում է 509.8 հազար տոննա (հավանաբար նկատի ունի խտանյութ)։ 1 կգ-ի արժեքը կազմում է ընդամենը 1.2 դոլար։ Մաքուր պնձի արժեքը մի քանի անգամ բարձր է։
Օրինակ, 2020 թվականին Հայաստան ներմուծված 76 հազար տոննա պնձալարի 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է 4.9 դոլար։ Անգամ ջարդոնի տեսքով պղինձն է իր արժեքով անհամեմատ բարձր 1 կգ՝ 4.6$: Համեմատեցի՞ք 1.2-ը 4.6-ի հետ»։
Ցավալի է, որ երկրի տնտեսության համար պատասխանատուներից մեկը չգիտի, որ Հայաստանում արտադրվող պղնձի խտանյութում մաքուր պղնձի պարունակությունը չի գերազանցում 25%։ Ավելի պարզ՝ խտանյութը բաղկացած է 25% մաքուր պղնձի մետաղից և 75% այսպես կոչված «հողից»։ Վճարում, բնական է, կատարվում է միայն մաքուր պնձի համար։ Հետևաբար 1.2$-ը առավել քան համադրելի է 4.6$-ի հետ, կոպտագույն հաշվարկով այն կազմում է 4.8$ (1.2 x 4 (25%)):
Լավ, սա էլ դնենք մի կողմ, ենթադրենք գտել ենք ներդրումը ու կառուցել ենք նոր պղնձաձուլարան (ի դեպ Հայաստանը երբեք չի արտադրել մաքուր պղինձ, Ալավերդու պղնձաձուլարանն արտադրում էր այսպես կոչված «սև պղինձ» (blister cooper), որը դեռ ենթակա էր վերջանական մշակման)): Իսկ ի՞նչ ենք անելու ամեն 1 տոննա վերամշակումից առաջացած 3(!) տոննա ծծմբաթթվի հետ։ Հայաստանում տարեկան ունենալու ենք 1.500.000 տոննա 25-30 տոկոսանոց շատ ագրեսիվ, քիմիական այլ տարրերով հագեցած «կեղտոտ» ծծմբաթթվի լուծույթ, որը վաճառելու համար պետք է այն առաջին հերթին մաքրել քիմիական տարրերից և բարձրացնել կոնցենտրացիան մինչև 90%: Այս ամենը պահանջում է ևս մեկ մեծ արտադրամաս, որը չափազանց էներգատար է, ինչն ավելացնում է առանց այդ էլ բարձր ինքնարժեքը։ Բացի դա, վերը նշված գործընթացի իրականացման արդյունքում առաջանում են բարձր ռիսկայնության շատ վտանգավոր «սպիտակ կաթ» կոչվող թափոններ։
Փոքր երկրում նման թափոնների պահեստավորումը պոչամբարներում նույնիսկ քննարկման ենթական չէ։
Լավ, ենթադրենք ունեցանք բարձր խտայնության, վաճառքի ենթակա մեծ քանակի ծծմբաթթու։ Ո՞նց ենք վաճառելու այդ ապրանքը գերմրցակցային միջազգային շուկայում (որոշ երկրներ նույնիսկ նվիրում են ծծմբաթթուն, հասցնելով հնարավոր սպառման երկիր ), ի՞նչ տրանսպորտային ուղիներով է այն արտահանվելու։ Ապարշջափակված երկաթգիծը լուծում չէ, քանի որ մեծ հավանականությամբ հարևան պետությունները թույլ չեն տա շրջակա միջավայրի համար այսչափ վտանգավոր բեռի տարանցիկ փոխադրումը, հաշվի առնելով մեր երկրների վտանգավոր ռելիեֆը։
Սա է պատճառը, որ աշխարհի հիմնական ձուլարանները կառուցվում են մեծ նավահանգիստների մոտակայքում, այդ վտանգավոր բեռը առավել անվտանգ և էժան տեղափոխելու համար։
Այսպիսով, վերադառնալով պարոն Թունյանի «համադրության» ակնարկին, միակ բանը, որ մենք պետք է համադրենք, դա օրվա իշխանության բացարձակ անգրագիտությունն է իրենց իսկ ինքնավստահության հետ։ Իսկ իրենք լավ կանեն համադեն սեփական պոպուլիզմն ու օբյեկտիվ իրականությունը»: