Ընդունենք՝ ուսուցիչներից մեկը չի համապատասխանում չափորոշիչներին, ի՞նչ են անելու, պատժամիջո՞ց են կիրառելու. Նունե Ամիրյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է՝ դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Հիմքում կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումը, ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներն են, ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն 2019թ. փետրվարի 14-ին իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել, որ Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ) ՓԲԸ-ն լուծարվելու է, ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ ԿԱԻ նախկին աշխատակիցները հանդիպել էին դեկտեմբեր ամսին: Հանդիպումն առցանց է եղել, որի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ եթե նույն տեղի համար լինի երկու և ավելի հոգի պայքարող, ապա առաջնահերթությունը կտրվի Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներին:
ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանի փոխանցմամբ՝ արդեն մրցույթ է հայտարարվել տարբեր բաժինների և պաշտոնների համար, և արդեն մի քանի հոգու ընդունել են աշխատանքի:
«Լինելու է 69 հոգանոց հիմնարկ: Արդեն աշխատանքի ընդունել են մոտ 8 հոգու: Ես դիմել էի, մարտի 9-ին պետք է մրցույթ լիներ, ցավոք, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ հետաձգվել է, և դեռ ժամկետ չեն ասել: Հուսանք՝ էլի մարդկանց աշխատանքի կվերցնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նունե Ամիրյանը:
Հարցին՝ Կրթության ազգային ինստիտուտի մոտ 300 նախկին աշխատակիցները, ովքեր, հնարավոր է՝ մրցույթի չմասնակցեն կամ չհաղթահարեն անցողիկ շեմը, արդյոք ունե՞ն այլ աշխատանք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ոմանք գտել են այլ՝ բարձր վարձատրվող աշխատանք, ոմանք չեն էլ փնտրել:
Մեր տեղեկություններով՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ում մոտ 80 տոկոսով բարձրացել է նաև աշխատավարձը: Նախկին 120.000 դրամի փոխարեն մասնագետները կստանան 200.000 դրամ աշխատավարձ, բաժնի պետերը՝ 250.000 դրամ:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արմավիրի մարզի Արագած համայնքում մարտի 28-ին արված հայտարարությանը, համաձայն որի՝ այս տարվա նոյեմբերից ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա, իսկ այն ուսուցիչներին, ովքեր իրենց բարձր որակավորումը չեն կարողանալու ապացուցել, կօգնեն իրենց մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու հարցում կամ կօգնեն վերաորակավորվել և այլ աշխատանքի անցնել, Նունե Ամիրյանը արձագանքեց.
«Միշտ էլ տարակարգ եղել է, և տարակարգ ստացած ուսուցիչներն ավելի բարձր են վճարվել: Հիմա ինչ-որ նոր կարգ են մշակել, որը, որքան գիտեմ՝ դեռ հաստատված չէ: Ինչպես հասկացել եմ՝ հարցաշարով քննություն է լինելու, բայց հարցերը մասնագիտական առարկայից, թե ընդհանրապես ամեն ինչից՝ օրենդրությունից, ՏՀՏ, մանկավարժությունից, գնահատումից են լինելու՝ հայտնի չէ:
Դեռևս հրապարակված ոչ մի բան չկա: Ու այդ քննությունից 90 տոկոս հավաքողը 50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանա: Մնացածն էլ չգիտեմ, թե ինչ են անելու: Ի դեպ, մարտի 17-ին ԿԳՄՍՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ վարչապետն ասաց, որ պետք է համոզված լինենք, որ դասարան մտնող ուսուցիչը համապատասխանում է նոր չափորոշիչներին, որը պետական պահանջ է: Ինչպե՞ս են սա որոշելու, ու ընդունենք, մեկն իրենց կարծիքով՝ չի համապատասխանում չափորոշիչներին, ի՞նչ են անելու, պատժամիջո՞ց են կիրառելու»: