Բաժիններ՝

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախորդ տարի Հայաստան է վերադարձել 14564 ՀՀ քաղաքացի, 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով». Արա Այվազյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում  ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Արա Այվազյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման գործունեության շարունակականության ապահովելուն։

«Այդուհանդերձ տարին Հայաստանի անկախությունից ի վեր, թերևս, ամենածանրն էր՝ պայմանավորված գլոբալ և տարածաշրջանային հայտնի իրադարձություններով։ Մի կողմից՝ կորոնավիրուսը, մյուս կողմից՝ ադրբեջանաթուրքական ագրեսիան, նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ողջ պետական մարմինների, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության համար։ Դրանց հաղթահարումն էապես ձևավորեց մեր աշխատանքների օրակարգը։ Կորոնավիրուսի պայմաններում ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանատների միջոցով ձեռնարկել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղում աջակցելու և  հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումը։ Այս ամենի արդյունքում Հայաստան է վերադարձել 14564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով»,- ասաց Արա Այվազյանը։

Շարունակելով՝ արտգործնախարար Այվազյանը նաև շեշտեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության գործառույթը շարունակել է մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրել Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի հունվարի վերջին Ժնևում կայացել էր Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում նշվել է, որ կողմերը քննարկել են խնդրի կարգավորման սկզբունքները, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու քայլերը, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակացույցի և օրակարգի վերաբերյալ։

«Համավարակը բացասական ազդեցություն ունեցավ այդ հանդիպումների ժամանակացույցի վրա, և շփումները շարունակվեցին առցանց։ Ապրիլի 21-ին այդպիսի մի հանդիպման ընթացքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ համանախագահները կողմերին կոչ արեցին խստորեն հետևել ՄԱԿ-ի քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահը հրապարակավ քննադատեց այդ հայտարարությունը և պաշտոնանկ արեց այդ հայտարարությանը հավանություն տված Ադրբեջանի արտգործնախարարին՝ դրանով ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր քաղաքականությունը»,- ընդգծեց Արա Այվազյանը։

Ըստ նախարարի՝ այս ամենից հետո Ադրբեջանը նախ հարձակում իրականացրեց Տավուշի ուղղությամբ, իսկ արդեն սեպտեմբերին՝ Արցախի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս