Ինչպես կանգնեցնել թուրքացման ալիքը. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԻՆՉՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԱԼԻՔԸ
Անցած տարվա նոյեմբերի 10-ին, Կապիտուլյացիայի աղետալի ակտը ստորագրելուց անմիջապես հետո, ես գրել էի նրա մասին, որ Հայաստանը և Արցախը բազմաքայլ աշխարհաքաղաքական դավադրության զոհ են դարձել։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հանրային հայտարարությունները գալիս են ևս մի անգամ փաստելու, որ այդպիսի դավադրություն ոչ միայն տեղի է ունեցել, այլև շարունակվում է հիմա էլ նոր թափով։ Նրա առանցքային նպատակն է՝ դնել Հարավային Կովկասը Թուրքիայի ռազմավարական ազդեցության տակ, հեռանկարում նաև ճանապարհ բացելով նրա համար Կենտրոնական Ասիա և Ռուսաստանի խորքը։ Արցախը այս մեծ խաղում ընդամենը մի միջանկյալ խաղաքարտ էր, և նրա հանձնումը անհրաժեշտ էր մի կողմից հայ ժողովրդին ստորացնելու և նրա դիմադրության ոգին ջարդելու, իսկ մյուս կողմից էլ՝ նաև Ռուսաստանին տարածաշրջանում վարկաբեկելու և նրա թուլությունը ի ցույց դնելու համար։
Այս հավակնոտ ծրագիրը հզոր հովհանավորներ ունի, նաև Թուրքիայից դուրս, և նրա հեռագնա նպատակը Ռուսաստանի վերջնական կազմաքանդումն է, իսկ միջանկյալ փուլերում նրանից պետք է պոկվեն և Թուրքիայի ենթակայության տակ դրվեն նրա նախկին և ներկա դաշնակիցները։ Դա արդեն տեղի է ունեցել Ուկրայինայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, հիմա այս ծրագրում հասել է Հայաստանի հերթը։ Հայաստանի գործող իշխանությունները վերջին շաբաթներին մեծ եռանդով լծվել են Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարների (որոնք նրանք անվանում են «տարածաշրջանային ուղիների ապաշրջափակում») գովերգմանը, ներկայացնելով դա որպես երկար սպասված խաղաղության, դարավոր թշնամության հաղթահարման, և տարածաշրջանի բարգավաճմանն ուղղված քայլեր։
Իրականում, չկա թերևս մի հայ մարդ, առավել ևս Հայաստանում ապրող, ով չէր ցանկանա, որ մեր տարածաշրջանում վերջապես խաղաղություն հաստատվի, որ մենք կարողանանք կենտրոնանալ ստեղծարար աշխատանքի վրա, որ մեր զավակներին կյանքին չսպառնան դժոխային ԱԹՍ-ները և հեռահար հրթիռները։ Սակայն խաղաղությունը հաստավում է ոչ թե սոսկ ցանկությամբ, այլ ուժերի իրական հաշվեկռի հիման վրա։ Դեռ ոչ մի պետություն, պարտվելով և զինաթափվելով, արժանապատիվ խաղաղություն ձեռք չի բերել։ Խաղաղությունը հաստատվում է միան այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկը այլևս իրատեսական չի համարում պատերազմի միջոցով սեփական քաղաքական նպատակներին հասնելը, և ստիպված է լինում հաշվի նստել դիմացի կողմի շահերի հետ։ Ուստի երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է մեր վրա թուր ճոճել, ամբողջ աշխարհի աչքի առաջ բարբարոսաբար ավերում է հայկական հուշարձանները, շարունակում է գերի պահել մեր եղբայրներին, հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է և հաջորդը Սյունիքի հերթն է, դժվար է ենթադրել, որ նրանց առաջ զինաթափվելով և հաղթողի ողորմածությանը հանձնվելով, մենք կարող ենք երկարաժամկետ խաղաղություն և բարգավաճում ստանալ։
Իրականում, Թուրքիան և Ադրբեջանը բնավ նպատակ չունեն աջակցել Հայաստանի զարգացմանը, այլ անթաքույց ցանկություն ունեն այն ներսից գրավել։ Եթե թուրքերին հաջողվի իրենց ներքին համակիրների միջոցով Հայաստանում ի վերջո իշխանություն զավթել, տեղի կունենա ուղիղ հակառակը՝ Հայաստանը կկտրվի Ռուսաստանից, ինչպես նաև զգալի չափով իր այլ բարեկամ երկրներից և այնտեղ բնակվող հայկական սփյուռքից, այդտեղից կնվազեն ներդրումները և դրամական հոսքերը, որոնք մինչ այժմ Հայաստանի զարգացման գլխավոր խթանն են եղել, փոխարենը Հայաստան արագացված տեմպերով կներթափանցի թուրքական կապիտալը՝ խեղդելով տեղական բիզնեսին։ Ռուսաստանը կարող է հարկադրված լինել նաև դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանից, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում, և նրան փոխարինելու կգան թուրքական զորքերը, որոնք վերջին տարիներին ագրեսիվորեն իրենց ներկայությունն են ընդլայնում ողջ տարածաշրջանում։
Արդյունքում, Հայաստանը էլ ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից, և ստիպված կլինի սպասարկել նրանց ցանկացած քմահաճույք, և մեկին կհետևի մյուսը՝ մի օր Սահմանադրությունը կփոխվի, հնարավորություն տալով օտարներին ազատ հող ձեռք բերել, հաջորդ անգամ կպարզեցվի քաղաքացիություն ստանալու և ընտրություններին մասնակցելու իրավունքը, երրորդ անգամ պարտադիր կդարձվի որոշակի քվոտան ուժային կառույցներում։ Այսպիսի զարգացումների հետևանքում, մի քանի տասնամյակի ընթացքում Հայաստանի ամբողջ մարզեր առանց որևէ կռվի կվերաբնակեցվեն թուրքերով, ազերիներով և նրանց տարաբնույթ այլ արբանյակներով, իսկ բնիկ հայ բնակչությունը ստիպված լինի արտագաղթել Ռուսաստան, Եվրոպա և ԱՄՆ, որտեղ այն ավելի անվտանգ իրեն կզգա, քան սեփական հայրենիքում։ Եթե որևէ մեկին սա թվում է ֆանտաստիկ սարսափների ֆիլմ և անհեթեթ չափազանցություն, ապա պետք է հիշեն, որ ընդամենը երկու հարյուր տարի առաջ Հայաստանի ներկա տարածքը հենց այդպիսի վիճակում էր, և հենց այդ ժամանակների մասին են մինչև հիմա երանությամբ հիշում ազերի պարագլուխները, հայտարարերով Սյունիքի, Սևանի և նույնիսկ Երևանի նկատմամբ իրենց հավակնությունների մասին։
Այսօր մենք դեռ հնարավորություն ունենք կանգնեցնել այդ կործանարար թուրքացման ալիքը՝ առաջին հերթին ինքներս մեր մեջից դուրս մղելով վախկոտին, հարմարվողին, ստորաքարշին, և գիտակցելով, որ պատերազմում պարտությունը աշխարհի վերջը չի, որ մենք դեռ կարող ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին, որ մենք աշխարհում բազմաթիվ բարեկամներ ունենք, որոնցից Հայաստանի իշխանություններն իրենք էին երես դարձրել, և որոնք պատրաստ են այլսօր էլ կանգնել մեր կողքին, եթե մենք պայքարենք մեր իրավունքների համար։ Այսօր մենք պետք է գլուխներս բարցրացնենք և մարտնչենք մեր ապագայի համար՝ առաջին հերթին մեր երկրում ապրելով և արարելով, մեր վիրավոր, բայց մարտնչող բանակը ոտքի կանգնեցնելով, մեր բարեկամների հետ սառեցված հարաբերությունները վերականգնելով, և վճռականորեն մերժելով բոլոր նրանց, ովքեր խաղաղասիրության քողի տակ, այսօր մեզ կեղծ խոստումներով սեփական հայրենիքից օտարման են տանում»։