Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն․ ընտրություններ կարող են չկայանալ

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց  Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Սա այն հոդվածն էր, որով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրված Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ ՍԴ-ի որոշումից հետո այդ քրեական գործը կկարճվի կամ որևէ այլ իրավական ձևակերպմամբ կդառնա առոչինչ։

Սա Նիկոլ Փաշինյանի համար մեծագույն ֆիասկո է, քանի որ նրա իշխանության ավելի քան երկու տարիները կառուցվել էին ու են Ռոբերտ Քոչարյանի դեմոնիզացման առանցքի շուրջ, որին ծառայում էր Մարտի 1-ի գործը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Մարտի 1-ի գործը բացված է, վերջին անգամ այդ գնահատականին նա խելամտորեն ավելացրել է՝ «ըստ էության»։

ՍԴ-ի որոշմամբ, սակայն, փակվեց ոչ թե Մարտի 1-ի գործը, այլ փաշինյանական քարոզչության ամենամեծ էջը, փակվեց ոչ միայն ըստ էության, այլ նաև՝ ըստ ամենայնի ու ամբողջությամբ։ Ընդ որում, նման որոշում է կայացրել ոչ թե «նախկինների», «ծախված», «կոռումպացված» Սահմանադրական դատարանը, այլ նոփ-նոր, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հակասահմանադրական գործողություններով օծտված ՍԴ-ն, որի կազմավորման համար իշխանությունը նախաձեռնեց ու տապալեց մի ամբողջ հանրաքվե։ Իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ազնվության նշույլի առկայության դեպքում չի կարող ՍԴ-ին, նրա անդամներին ու նախագահին որակել՝ որպես վնգստացող ու «լավատեսությունը ծծող», թեև չպետք է բացառել նաև այդ տարբերակը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին չի ծառայում անգամ սեփական քմահաճույքով կազմավորված ՍԴ-ն, ինչը կարող է նրան ցայտնոտի մեջ գցել՝ դրդելով անկանխատեսելի քայլերի, որոնցից ամենականխատեսելին կարող է լինել իր իսկ հայտարարած արտահերթ ընտրությունների չեղարկումը։ Բանն այն է, որ ՍԴ-ի որոշումը ու որպես դրա հետևանք՝ Մարտի 1-ի գործի կարճումը քաղաքական քարտ-բլանշ է Ռոբերտ Քոչարյանի համար, ով հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին՝ անգամ, եթե դա կազմակերպի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ ՍԴ-ի որոշումը հանրության առնվազն մի մասի համար նշանակելու է, որ Քոչարյանը մեղադրվում էր հանիրավի, նրա նկատմամբ իրականացվում էր քաղաքական հետապնդում, իսկ դա վարկանիշային դրական ազդեցություն է ունենալու նրա համար։

Հենց դա էլ կարող է ստիպել Նիկոլ Փաշինյանին որևէ պատրվակով հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից: Առավել ևս, երբ հասարակության դժգոհություններն անձամբ Փաշինյանից և նրա կառավարությունից օր օրի ավելի են շատանում:

ՍԴ-ի որոշումը Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից՝ նշանակում է իշխանության վերահսկելիության էական կորուստ։ Եթե դրան գումարենք նաև այն, որ Փաշինյանն անվերահսկելի է համարում նաև դատական համակարգը, ապա նրա տագնապները կարող են ավելանալ անկարելիության աստիճանի։

Գործնականում նրա իշխանության միակ հենարանը մնացել են ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որի աշխատակիցների մի մասի՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային և մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերի աստղաբաշխական բարձրացմամբ Փաշինյանը փորձում է իրեն պաշտպանել բոլորից։ Բայց դա իշխանություն պահպանելու տեսանկյունից խիստ սահմանափակ ռեսուրս է, հատկապես, որ ուժային կառույցների ներկայացուցիչները բոլորից առաջ ու բոլորից լավ են զգում, թե երբ է երկրի ղեկավարը կորցնում իրական իշխանությունը։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս