Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն
Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
– Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ժամանակ շատ տեսանյութեր հրապարակվեցին տելեգրամյան մասնավոր ալիքներում և խմբերում, որտեղ երևում էր, թե ինչպես էին Ադրբեջանի զինծառայողները նվաստացնում, սպանում և անմարդկային այլ վերաբերմունք դրսևորում հայ մեծ թվով ռազմագերիների՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Սա Ժնևի երրորդ կոնվենցիայի ակնհայտ խախտում է, քանի որ կոնվենցիայում ասվում է, որ «ռազմագերիներին պետք է մարդկայնորեն վերաբերվել… Մասնավորապես, ռազմագերիները չպետք է ենթարկվեն ֆիզիկական խոշտանգումների… Նմանապես, ռազմագերիները պետք է մշտապես լինեն պաշտպանված, մասնավորապես ընդդեմ բռնության և ահաբեկման, ընդդեմ վիրավորանքների և հանրային հետաքրքրասիրության: Ռազմագերիների նկատմամբ վրեժխնդրության դրսևորումներն արգելված են»: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքեն ադրբեջանցի զինվորականների նման գործողություններին:
– Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է դեպքեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը ռազմագերիների նկատմամբ բռնություն, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, խոշտանգումներ են իրականացրել՝ ինչպես նրանց գերեվարելու, այնպես էլ տեղափոխման կամ տարբեր մեկուսարաններում պահելու ընթացքում: Մենք արձանագրել ենք նաև դեպքեր, երբ նրանք խոշտանգել են քաղաքացիական անձանց: Սրանք Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտումներ են, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործության: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն կառավարության վրա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք պետք է պարբերաբար հայցեն տեղեկատվություն և թարմացումներ հետաքննությունների ու դատական գործընթացների վերաբերյալ: Սա պետք է արվի Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն:
– Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանները՝ կապված ռազմագերիների և մյուս գերիների փոխանակման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստել է՝ հայտարարելով, թե նրանց վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, նա պնդել է, թե իրենց մոտ անազատության մեջ գտնվող հայերը չունեն ռազմագերու կարգավիճակ: Ադրբեջանական կառավարությունն անգամ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցել: Մինչդեռ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հրադադարում ամրագրված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման վարքագիծը:
– Human Rights Watch-ը չի կարող հաստատել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից՝ իրենց կողմում պահվող անձանց թվի կամ կարգավիճակի մասին պնդումները: Սակայն անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի: