Բաժիններ՝

«Վաճառքի գներն իջել են 30 տոկոսով, վարձակալության գները՝ 40 տոկոսով». Անշարժ գույքի շուկայի միտումները

Համավարակը, պատերազմն ու  քաղաքական անկայունությունը շարունակում են իրենց բացասական հետևանքները թողնել Անշարժ գույքի շուկայի վրա:

Ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծության, 2021թ․ հունվարին Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործարքները 22,4 տոկոսով ավելի քիչ են՝ անցած տարվա հունվարի, և 44,6 տոկոսով՝ դեկտեմբերի համեմատ։ Ոլորտի փորձագետները նշում են վարձակալության ու վաճառքի շուկայում գնանկման մասին:

168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը ներկայացրեց շուկայի այս պահի պատկերը. «Գներն իջնում են:  Վաճառքներ կան, բայց հիմնականում այն գույքերի դեպքում, որոնց գները բավականին իջեցվել են. շատ սեփականատերեր կան, որոնք վարկային բեռ ունեն և ստիպված իջեցրել են գները: Անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ՝ վաճառքի գներն իջել են 30 տոկոսով, վարձակալության գները՝ 40 տոկոսով»:

Նա հավելեց, որ նաև արտագաղթն է նպաստում, որպեսզի մարդիկ վաճառեն գույքը. «Շատերը վաճառում են և լքում են երկիրը, կամ եթե ունեն մի քանի գույք, մի մասը վաճառում են, որպեսզի արտերկրում գույք ձեռք բերեն»:

Թե ինչպիսի միտումներ կան շուկայում, այս  հարցի պատասխանը Վահե Դանիելյանը պայմանավորում է ներքաղաքական իրավիճակով.

«Առայժմ գներն իջնում են, գնային հետագա զարգացումը կախված է ներքաղաքական վիճակից. եթե կայունություն լինի, գների անկումը կանգ կառնի, և հնարավոր է՝ նույնիսկ աճի, որովհետև ամբողջ աշխարհում անշարժ գույք գները թանկացել են մեկ տարվա ընթացքում»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ համավարակով և հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում նկատվում է եկամուտների նվազում և աղքատության աճ, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենում անշարժ գույքի շուկայի վրա:

«Վերջիններիս կարելի է հավելել ապագայի անորոշությունը և երկրում սկիզբ առած արտագաղթը, որոնք լրացուցիչ ռիսկեր են ստեղծում շուկայում առկա ճգնաժամային իրավիճակի վատթարացման տեսանկյունից»,- նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով 2021թ. հունվարի անշարժ գույքի գործարքներին՝ տնտեսագետը նկատեց.

«Ընդհանուր գործարքների ամենից բարձր՝ 36,1% ցուցանիշը գրանցվել է հողերի, իսկ ամենից ցածրը՝ արտադրական նշանակության օբյեկտների նկատմամբ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսական ճգնաժամը երկրում դեռ չի ավարտվել, և բիզնեսն արտադրական նշանակության տարածքների նկատմամբ պահանջարկը չի վերականգնվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս