Քաղաքական բազարի ժամանակները

Քաղաքական պայքարի ու քաղաքական առևտրի միջև կա սկզբունքային տարբերություն։ Եթե քաղաքական պայքարը կարող է հետապնդել ամենավեհ նպատակներ, ապա քաղաքական առևտուրը, որպես կանոն, ամենաճղճիմ զբաղմունքներից մեկն է։

Որևէ երկրում քաղաքական համակարգի որակը որոշվում է նաև նրանով, թե քաղաքականության սուբյեկտները որքանով են իրենց գործունեության մեջ ընդունելի համարում կամ մերժում քաղաքական առևտուրը, որը, որոշակի չափաբաժնով, կարող է տեղի ունենալ նաև բարոյական քաղաքականության մեջ, բայց երբեք չդառնալ դրա շարժիչ ուժը։

Ընտրությունները քաղաքական առևտրի իդեալական ժամանակներ են, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքական կոմերսանտների համար։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո, լավ կամ վատ, այդուհանդերձ Հայաստանում ընթանում էր քաղաքական պայքար, որը գոնե հռչակագրային մակարդակում ուներ բարձր արժեքներ։

Գործող իշխանության ու Նիկոլ Փաշինյանի դիրքերն այդ պայքարում անասելիորեն թույլ էին, քանի որ նրանք պայքարի առաջացման պատճառի հիմնական մեղավորներն էին։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի համար գերխնդիր էր՝ գործընթացները քաղաքական պայքարի տիրույթից տեղափոխել քաղաքական առևտրի հարթություն, ինչը և նրան հաջողվեց. հունիսի 20-ին կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Առաջիկա երեք ամիսներին հայ հասարակությունը դառնալու է քաղաքական տոնավաճառի մասնակիցը, որում նրանից գնելու են իր ձայնը՝ փոխարենը ոչինչ չտալով, իհարկե, վերջում հայտարարելով, որ «հաղթեց ժողովրդի իշխանությունը»։ Քաղաքական առևտուրն էժան զբաղմունք է, դրանում չեն գործում սկզբունքներն ու արժեքները, տիրապետում է մանր քաղաքական շահը, որի բավարարման համար բոլոր կողմերը պատրաստ են ամեն ինչի՝ յուրայիններին հայհոյելուց՝ մինչև հակառակորդներին քծնելը, բացահայտ ստից՝ մինչև ճշմարտության աղավաղումը։ Քաղաքական առևտրում, որպես կանոն, գերակա դեր ունի տվյալ պահի իշխանությունը, որովհետև նա է տիրապետում ընտրական համակարգին, այդ թվում՝ վարչական ռեսուրսին ու քրեական աշխարհին, ընտրակեղծարարության մեքենային՝ մի խոսքով։

Խաղի մյուս մասնակիցները՝ իրական ընդդիմադիրներից մինչև պսևդոքննադատներ, իշխանական թաքնված սպասարկուներից մինչև ուղղակի ղալմաղալ անողներ, ընդունելու են իշխանության կանոնները՝ անգամ ամենափոքր մասնաբաժին ստանալու համար։
Քաղաքական պայքարն ավարտվել է, սկսվել է քաղաքական առևտուրը՝ մանրամեծածախ բազարի բոլոր օրենքներով, ավանտյուրիստների հաղթանակով ու ազնիվների ջախջախմամբ, կեղծարարների օվացիաներով, խեղկատակների քրքիջով ու ինտելեկտուալների ծաղրով և, բնականաբար, առևտրի հիմնական վճարամիջոցի շրջանառությամբ՝ փողով կամ շատ փողով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս