Մեր ազգաբնակչությանը թողել են բնական ընտրության, ավելի ճիշտ գոյատևման ընտրության առաջ. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համավարակը շարունակվում է։ Չեն դադարում նաև դրա դեմ պայքարի արդյունավետ եղանակների ու միջոցների փնտրտուքը։
Առաջնայինը շարունակում են մնալ կանխարգելիչ միջոցառումները, որտեղ կարևոր տեղ են զբաղեցնում պատվաստանյութերի որակը և պատվաստման գործընթացի արդյունավետությունը։
Խնդիրը նաև այն է, որ հասարակության լայն շարջանակներին փորձում են հեռու պահել պատվաստանյութերի ընտրության, դրանցից առավել արդյունավետների ձեռքբերման քննարկումներից։
Մեր պետությունը, բացի այն, որ չունի որևէ պայմանագիր պատվաստանյութի ձեռքբերման, նաև բանակցում է մի պատվաստանյութ ձեռքբերելու ուղղությամբ, որը կիրառման թեև կարճ ժամանակահատվածին ունեցել է բացասական ազդեցություն։ Ավելին, դրա որոշակի խմբաքանակի համար վճարվել է նախավճար։
Ավելի քան 15 եվրոպական երկիր հրաժարվել է շարունակել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը։
Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և մի շարք այլ երկրներում գրանցվել են բացասական ազդեցություններ պատվաստանյութի կիրառումից հետո։
Խնդրի հնչեղության պատճառով դրան անդրադարձավ նաև Առողջապահության համամխարհաին կազմակերպությունը՝ հայտնելով, որ սկսել են գնահատել AstraZeneca պատվաստանյութի ռիսկերն ու առավելություններն ու հետազոտությունների ավարտին կտեղեկացնեն այդ մասին հանրությանը։
Միևնույն ժամանակ եվրոպական շատ երկրներ սեպարատ բանակցությունների ճանապարհով ձեռք են բերում ռուսական «Sputnik-V» և դրա տեղական արտադրություններ հիմնելու թույլտվություն ստանում։ Ըստ էության, այս պահին առկա լավագույն ցուցիչներ ունեցող պատվաստանյութերից մեկն է։
Լավագույնների շարքի մեջ են նաև Pfizer, Moderna, իսկ վերջին ժամանակներս նաև Johnson & Johnson: Փաստացի մի քանի ամիս է, ինչ աշխարհը լայնածավալ օգտագործում է պատվաստանյութերը։ Մինչ այս պահը որևէ պատվաստանյութ ՀՀ-ն ձեռք չի բերել։ Միայն ՌԴ-ն նվիրատվություն է կատարել ՀՀ-ին փոքր խմբաքանակով։
Վարակը կանխարգելելու համար պետք է ձեռք բերվեն աշխարհում իրենց արդյունավետությունը ապացուցած և զանգվածային պատվաստանումների համար օգտագործված պատվաստանյութեր։
Թե ինչու՝ մինչև հիմա չի հաջողվել կնքել պայմանագիր որևէ արտադրողի հետ, մնում է միայն գուշակել, քանի որ պատկան մարմիններից արձագանք սպասելն անիմաստ է։
Մեզ մոտ հակահամաճարակային ծրագրի շրջանակներում միայն ավելանում են հիվանդանոցների ու հիվանդների քանակը։
Մեր ազգաբնակչությանը թողել են բնական ընտրության, ավելի ճիշտ գոյատևման ընտրության առաջ»։