Անորոշ վիճակ է. Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատել են
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ի քառօրյայի ընթացքում հայտնել էր, որ Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակիցների կրճատման հարց է առաջ եկել. մոտ 100-ը կրճատվել են:
«Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ հանքն ամբողջ ծավալով չի աշխատում: Հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատման հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել է, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի: Իսկ սոցիալական այս ծանր պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդիր է»,- նշել էր Թովմասյանը:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ Սոթքի հանքավայրը Հայաստանի Հանրապետության տարածքում լիովին շահագործվում է, աշխատանքները դադարեցված են եղել միայն պատերազմի ժամանակ՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ինչ վերաբերում է դեռևս նոյեմբերի 26-ին տարածված լուրերին, թե ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար, որին հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքումը, ընկերությունից տեղեկացրեցին, որ կլինի սահմանագծում ու սահմանազատում, որից հետո պարզ կլինի, թե որ մասն է մնացել մեզ մոտ, որը՝ թշնամու:
Ընկերությունից աշխատողների կրճատման գործընթացների վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին, սակայն 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ աշխատակիցների կրճատումները շարունակվում են: Ընկերությունը փուլային կրճատումներ է անում, դեկտեմբերի 1-ից արդեն 280 հոգի անցել է ոչ վճարովի պարապուրդի: Այսինքն, մոտ 300 հոգու 2 ամսում կրճատել են:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը հաստատեց՝ կրճատումներ եղել են, սակայն կոնկրետ թիվ չնշեց:
«Կրճատումներ եղել են, դե, եթե հանքավայրի տարածքը կրճատվել է, աշխատողներին էլ պետք է կրճատեն: Մարդիկ ապրելու մի բան կգտնեն, հիմա դեռ անորոշ վիճակ է»,- նշեց Հակոբ Ավետյանը:
Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Հայաստանի 10 խոշոր հարկատուներից մեկն է։ 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ խոշոր հարկատուների 4-րդ հորիզոնականում էր և ապահովել է ընդհանուր 16 264 679 000 դրամի մուտք ՀՀ պետական բյուջե։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են։ Բաժնետոմսերի հսկիչ փաթեթը` 50,3 %-ը, պատկանում է «Գեոպրոմայնինգ» ընկերության հիմնադիր Սիման Պովարենկինին: