Բաժիններ՝

 «Որքան հայն ապրում է Արցախում, այնքան ժամանակ Արցախի թեմը գործելու է». Արցախի թեմի առաջնորդ

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ հեղինակն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Արցախի թեմին սպասվող վտանգներին, ընդգծելով, որ Հայ Առաքելական եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու շեմին։

«Վատիկանի նկատմամբ Բաքվի ուշադրության մեջ ինչ-որ զարմանալի բան կա: Ադրբեջանը ֆորմալ առումով մուսուլմանական երկիր է: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները նկատելի օգնություն չեն ցուցաբերում շիիզմի առաջատար կենտրոններ Իրաքին և Իրանին: Ավելի շատ հայտնի է Ադրբեջանի դերը քրիստոնեական սրբավայրերի վերականգնման գործում, որում նա ակտիվորեն համագործակցում է Վատիկանի հետ:

Այսպիսով, օրերս Վատիկան են այցելել «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատվիրակությունն ու Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Բաքվի հրատարակությունները, այցի ընթացքում «Հեյդար Ալիև» հիմնադրամի և Սուրբ Աթոռի հնագիտական խորհրդի միջև համագործակցության նոր համաձայնագիր է կքվել` Սուրբ Կոմմոդոսի կատակոմբները վերականգնելու աշխատանքների շուրջ:

Մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նամակ է ստացել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայից: Հռոմեական կատակոմբների վերականգնման հարցի շուրջ համագործակցության քննարկումներից բացի, Ադրբեջանի պատվիրակությունը «կոչ է արել Վատիկանի մասնագետներին իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև կարծիքներով և առաջարկություններով նպաստել պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում»: Հարցը միայն այն չէ, որ Բաքուն հնարավորություն կունենա գումար վաստակել քրիստոնեական վայրեր կազմակերպվելիք զբոսաշրջությունից։ Այսպիսով հարվածի տակ է ընկնում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

Եթե Լեռնային Ղարաբաղում, Արցախի թեմի փոխարեն, հայտնվեր վերականգնված Աղվանական կաթողիկոսությունը, դա կդժվարացներ Ալբանական եկեղեցի ստեղծելու Բաքվի գործողությունը: Սակայն ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ Էջմիածինն այդ քայլին չեն գնացել: Այժմ նախաձեռնությունը Բաքվի ձեռքում է»,- գրել է հոդվածագիրը:

168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից ոչ միայն՝ Արցախի թեմին, այլև՝ ընդհանուր անվտանգությանն է վտանգ սպառնում։

«Նրանց ամեն մի քայլը սպառնում է մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանը, մենք նոր չէ, որ ճանաչում ենք Ադրբեջանին, ու նրա ձեռագիրը՝ լինի խաչքարերի հետ, արևելագետ-պատմաբանների տեսակետների հետ կապված, աղվանական մշակույթի վերաբերյալ իրենց հայտարարությունները, թե նախկինում եղել են քրիստոնյա, իսկ հիմա դարձել են իսլամ, և ամբողջ այդ ժառանգությունն իրենց նախնիների ձեռքի աշխատանքն է։ Այս ձեռագրերին մենք ծանոթ ենք, բայց իրենց գործելաոճը, իրենց, այսպես ասած, ռազմավարությունը, բխում է ոչ թե քրիստոնեական տաճարները պահպանելու, այնտեղ զբոսաշրջիկներ բերելու կամ ամբողջ քրիստոնյա աշխարհին ցույց տալու, թե տեսեք՝ իրենք որքան մտահոգ են, այլ այստեղ այլ բան է։

Այս ամբողջը դիվանագիտական խաղ է, որը տալիս է Ադրբեջանը։ Այսօր պետք է, որ քրիստոնեական հավատքի միջոցով նրանք հասնեն իրենց նպատակներին, ուստի հագնում ենք «քրիստոնեական զգեստը»։ Թող իմանան, որքան հայն ապրում է  Արցախում, այդ հողի վրա է, այնքան ժամանակ Արցախի թեմը գործելու է, որովհետև սա հաստատված է Մայր Աթոռի կողմից՝ օրհնված Վեհափառի կողմից՝ Վազգեն Վեհափառի, Գարեգին Առաջինի և Գարեգին Երկրորդ կաթողիկոսների կողմից»,- նշեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ Արցախի պատմական թեմը վերաբացվել է, որի ակունքը հասնում է մինչև Գանձասարի կաթողիկոսություն, որտեղ  էլ իր շարունակությունն ունի աղվանական եկեղեցին, որը ծագել է Հայոց եկեղեցու ծոցում։

«Աղվանական եկեղեցին իր հոգևորով ենթարկվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այն անկախ կաթողիկոսություն էր, սակայն իր հոգևորը ենթարկվում էր Մայր Աթոռին, ձեռնադրությունն ամբողջովին կատարվում էր Մայր Աթոռում։ Ուստի Արցախի թեմի հետ պատմական կապը միանշանակ կա, բայց Մայր Աթոռով հաստատված։  Մենք մեր հավատով ենք ապրում, մեր քրիստոնյա Արցախով, և մեր գործունեությունը նրա համար որպես հոգևոր խնամատարի է՝ հոգում ենք հայի հոգևոր կարիքները։ Մնացածը դառնում է երկրորդական և անընկալելի»,- հավելեց  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Թե սպառնացող վտանգների հետ կապված ՀՀ արտգործնախարարությունն ի՞նչ է անում, Արցախի թեմի առաջնորդը դժվացավ ասել։  Ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցու քայլերին՝ սպառնացող վտանգները չեզոքացնելու  առումով, սրբազանն ասաց, որ այն, ինչը Մայր Աթոռն է անում Վեհափառի գլխավորությամբ՝ բացահայտ երևում է։

«Կարող եմ վստահաբար ասել, որ Վեհափառի օրհնությամբ՝ սփյուռքի թեմերը միանշանակ մեր ժողովրդի կողքին են և բազմատեսակ ու բազմաբնույթ ծրագրեր են իրականացնում, որոնք մեր ժողովրդին բարոյահոգեբանական ծանր վիճակից դուրս հանելու համար են, որպեսզի նրանք ապագայի տեսլականով կարողանան ապրել։ Այս տարի մեր թեմի կարգախոսն է՝ հույսը երբեք չի ամաչեցնում, աստվածային հույսով մեր ժողովուրդն իր ապագայի տեսլականը տեսնում է միայն ու միայն Աստծով ու համախմբվածությամբ։ Եկեղեցին հիմա այս ամենն անում է, իսկ թե ինչ են անում դիվանագիտական խողովակներով, ես որևէ տեղեկություն չունեմ»,- եզրափակեց Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս