Չսովորող ժողովուրդը չի կարող կենսունակ լինել
Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես է մեր կրթական համակարգը դուրս գալու այս ճգնաժամից։ Ոմանք կարծում են, որ պետք է շարունակաբար փաստաթղթեր մշակենք։ Պետք է ռազմավարություններ, օրենքներ, կարգեր հաստատենք, որոնք նպաստելու են իրավիճակի բարելավմանը։ Մյուսները կարծում են, որ պետք է հրաժարվենք այլ երկրների փորձը Հայաստանում ներդնելուց և ստեղծենք ազգային կրթական համակարգ։ Կան նաև մարդիկ, որոնք ուզում են խորհրդային համակարգը վերականգնել։ Հնչում են նաև տեսակետներ, որ պետք է լավագույն կադրերին ընդգրկենք կրթության կառավարման գործում։
Վերոնշյալ բոլոր մոտեցումները մի բան է միավորում։ Բոլորն էլ ինչ-որ քայլեր են առաջարկում՝ առանց Հայաստանի կրթության ամենամեծ խոչընդոտը հաշվի առնելու։ Իսկ այդ խոչընդոտն այն է, որ մենք սովորել չենք ուզում, սովորելը չի համարվում պատվաբեր զբաղմունք։ Տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդն անուշադրության է մատնվել իշխանությունների կողմից։ Ցածր աշխատավարձերը, կենսաթոշակները մարդկանց մղել են այն մտայնության, որ դու պիտի գլխիդ ճարը տեսնես։ Մեկը մեկնել է արտագնա աշխատանքի, մյուսը դրսի հարազատներից օգնություն է ստացել, մյուսը կոռուպցիոն գործարքների մեջ է ներքաշվել, մի մասն էլ մի քանի տեղ են աշխատել՝ իրենց զրկելով առողջությունից և հանգստից։
Վերջին 30 տարիներին այս ձևով ապրել է մեր հասարակության շատ մեծ մասը։ Այդ ապրելակերպն անվստահություն է առաջացրել պետական ինստիտուտների հանդեպ, ներառյալ՝ կրթական համակարգը։ Երեխաներն ու երիտասարդները կրթության բովանդակությանը լուրջ չեն վերաբերվել, քանի որ տեսել են, որ այն չի համապատասխանում իրական կյանքին։
Մարդկանց ձևավորման վրա այս տարիներին ավելի շատ ազդել է ոչ թե ուսումնական հաստատությունների մատուցած բովանդակությունը, այլ, այսպես կոչված, «քողարկված ուսումնական ծրագիրը»։ Մարդիկ ինքնագլուխ, իրենց շրջապատի ազդեցիկ մարդկանց միջոցով ձևավորել են իրենց համոզմունքները, մոտեցումները և ապրել դրանց համապատասխան։ Այդ համոզմունքների առանցքում եղել են սեփական «ես»-ն առաջ տանելը, բաշարելը, դուխով լինելը (պատահական չէ, որ վերջինս 2018թ.-ին օգտագործվեց) և նմանատիպ մի քանի այլ որակներ։ Մեր ժողովրդի զգալի մասի մոտ այս որակներն այսօր արմատացել են և ընտանիքի, շրջապատի խողովակներով փոխանցվում են սերնդեսերունդ։
Ոչ մի կառավարություն կամ նախարար չի կարող Հայաստանի կրթական համակարգում էական փոփոխություններ մտցնել՝ առանց այդ որակների ազդեցությունը նվազեցնելու։ Կրթությունը զարգանում է այն հասարակարգերում, որոնցում մարդիկ հոգատար են հանրային բարիքի նկատմամբ, ունեն բարոյական ավելի բարձր նկարագիր, խոնարհ են։ Ի դեպ, Դարվինի տեսության կարևոր կետերից մեկն այն է, որ բնական ընտրության կանոնին ենթարկվում են ոչ միայն անհատները, այլև խմբերը, ազգերը։ Այն խմբերը, որոնք ունեն բարոյական ավելի բարձր նկարագիր, ավելի մրցունակ են։
Մեզ բնորոշ եսակենտրոնությունը, միշտ ճիշտ լինելու մոլուցքը, մյուսներին վերևից նայելը, սխալվելուց վախենալը և սխալները թաքցնելը չեն թողնելու, որպեսզի մեր կրթական համակարգը զարգանա։ Ավելին, այդ որակները գուցե ապահովում են առանձին մարդկանց խմբերի հաջողությունը, բայց երկարաժամկետ առումով հարվածի տակ են դնում մեր ժողովրդի կենսունակությունը։
Մարդուն փորձում ես ինչ-որ բան սովորեցնել, իսկ ինքը մտածում է, որ այդ ամենը վաղուց գիտեր։ Մարդուն ասում ես, որ սխալվել է, ինքը քեզ համարում է անձնական թշնամի։ Սեփական սխալն ընդունելը մեզանում դիտարկվում է՝ որպես ինքնաոչնչացում։ Մարդը սխալ է թույլ տալիս, մենք չենք հանդուրժում։ Բայց կրթությունը նախևառաջ սխալներ թույլ տալու և դրանք շտկելու միջոցով առաջ գնալու հնարավորություն է։ Եթե մենք չենք ընդունում մեր սխալ լինելը, ինչպե՞ս ենք առաջ գնալու։ Եթե մենք չենք ընդունում մեր սխալները, ապա միշտ շարունակելու ենք նույն սխալները թույլ տալ։ Ոչ մի կերպ չենք ուզում հրաժարվել արդեն հնացած, ժամկետանց բազմաթիվ մոտեցումներից։
Մինչդեռ, ինչպես հայտնի սոցիոլոգ Ալվին Թոֆլերն է նշում, 21-րդ դարում գրագետ են համարվելու այն մարդիկ, որոնք ունենալու են ապասովորելու՝ նախկինում սովորածը, որը հերքվել է, նոր գիտելիքով փոխարինելու հատկանիշ։ Մենք անգամ չենք ուզում հրաժարվել մեր կարծիքից, նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է դրա սխալ լինելը։ Կարծիքը նույնացնում ենք մեր ինքնության հետ և մինչև վերջ փորձում ենք պաշտպանել այն։ Այնպիսի տպավորություն է, որ կարծիքն անօտարելի գույք է։
Ամենավատ բաներից մեկն էլ այն է, որ Հայաստանում սովորելը դիտարկվում է՝ որպես ցածր պաշտոն կամ դիրք զբաղեցնող մարդկանց համար նախատեսված մի բան։ Օրինակ, ուսուցիչները, տնօրենները, դասախոսները, քաղծառայողները վերապատրաստվում են, մասնակցում են դասընթացների։ Իսկ ռեկտորներն ու պրոռեկտորները, նախարարներն ու փոխնախարարները չեն վերապատրաստվում։ Ինչո՞ւ։ Եթե որոշումները կայացնում են հենց այդ մարդիկ, ինչո՞ւ են նրանք դուրս մնում սովորելու գործընթացից։ Գուցե պատճառն այն է, որ նրանք շատ զբաղված են։
Ամեն դեպքում, մեր կառավարիչներն օրինակ չեն ծառայում աշխատողների համար։ Հայաստանում շատ քիչ պետական հաստատություններ կան, որոնցում ղեկավարը՝ բոլոր աշխատողների հետ միասին, մասնակցում է ուսումնական ծրագրի։ Մեզանում մեծահասակ սովորողի, սկսնակի կարգավիճակը համարվում է անպատվաբեր։ Մտածում ենք, որ իշխանությունը պատկանում է սովորեցնողին։ Ուրեմն, եթե իշխող ես, սովորելը քո գործը չէ։
Եթե մենք չկարողանանք նվազեցնել վերոնշյալ կարծրատիպերի ազդեցությունը մեր հասարակությունում, ապա կրթական բարեփոխումները միշտ ձախողվելու են։ Այս պահին մենք չունենք նպաստավոր միջավայր սովորելու համար։ Իսկ նման դեպքում, ինչ լուծում էլ առաջարկես, չի ստացվի։