Հայաստանի ողբերգական ախտորոշումը

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր: Դա չի վերաբերում հարցման այն արդյունքին, որի համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ոչ էլ անգամ այն սահմռկեցուցիչ տվյալին, որ տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո հարցվածների 33 %-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին։

Դրանք, իհարկե, մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք վկայում են մեր հասարակության ոչ համարժեքության և տեղի ունեցածից անհրաժեշտ հետևություններ անել չկարողանալու մասին։ Շատ ավելի սարսափելի են հարցման այն արդյունքները, որոնք արտահայտում են հասարակության համար խնդիրների ու առաջնահերթությունների կարևորությունը։

Երբ հարցվածներին խնդրել են մատնանշել Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ քաղաքական անկայունություն՝ 12 %, տնտեսություն և գործազրկություն՝ 11 %, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ 9 %, Զինված ուժերի բարեփոխման անհրաժեշտություն՝ 8 %, Կառավարության վատ աշխատանք՝ 6 %, Գերիներին վերադարձնելու անհրաժեշտություն՝ 6 %, Տարածքային և սահմանային խնդիրներ՝ 5 %, Հայաստանի ազգային անվտանգություն՝ 3 %։

Այս հերթականության ամենասահմռկեցուցիչ ցուցանիշն այն է, որ, ըստ կարևորության՝ գերիների վերադարձի հարցը գտնվում է նշված ութ խնդիրներից միայն վերցերորդ տեղում։

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, իրականում սա ոչ թե սովորական հարցման արդյունք է, այլ մեր հասարակության ախտորոշումը։ Որևէ առողջ հասարակությունում գերիների վերադարձը պետք է լիներ բոլոր առաջնահերթությունների առաջին հորիզոնականում։

Դա կվկայեր այդ հասարակության հումանիզմի, հանրային գնահատման սանդղակում մարդու արժևորման մասին։ Եթե գերիների վերադարձը մեզ համար թիվ մեկ գերակայությունը չէ, նշանակում է՝ մենք՝ որպես հասարակություն, զրկված ենք ամենամարդկային այն հատկանիշից, որին անվանում են էմպաթիա՝ ապրումակցում։ Սա մեր անհատական ու հավաքական էգոիզմի արտահայտությունն է, որը ցույց է տալիս, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք միմյանց մասին հոգ տանելու, կողքինների ցավն ու տառապանքը կիսելու պարզ, մարդկային կարողություն։

Փոխարենը՝ մեզ համար կարևոր են այն գործոնները, որոնք հանգում են տնտեսական բարեկեցությանը, հարցվածները՝ որպես թիվ մեկ հիմնախնդիր, նշել են քաղաքական անկայունությունը, որն ուղղակիորեն ազդում է տնտեսական կյանքի վրա, իսկ ահա առաջնահերթությունների երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է տնտեսության ու գործազրկության մասին մտահոգությունը։

Այսինքն՝ որպես հասարակություն, մեզ համար կարևոր է նյութականը, փողը, որի համեմատ ոչ թե՝ երկրորդական, այլ՝ վեցերորդական պլան է մղվում թշնամական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձման հարցը։

Այդքանից հետո պետք չէ զարմանալ, որ տարածքային և սահմանային խնդիրներն ու  Հայաստանի ազգային անվտանգությունն ամենաքիչն են հուզում հարցվածներին, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքներն ու սահմաններն ամեն օր գտնվում են իրական վտանգի առաջ, իսկ Հայաստանի անվտանգությունը խոցելի է առավել, քան երբևէ։

Այս հարցումները՝ փոքր ընտրանք ունենալով, այդուհանդերձ վկայում են մեր հանրային գիտակցության ու արժեհամակարգի խորն անկման մասին։ Նաև այդ անկումն է հնարավոր դարձրել պատերազմում մեր պարտությունը ու հասարակության հեշտ հարմարվողականությունը հայրենիքի կորստին ու նոր կորուստների սպառնալիքին։

Իրականում իր նշանակությամբ ու վտանգավորությամբ սա շատ ավելի անդառնալի պարտություն է, քան անգամ արցախյան պատերազմում կրած մեր պարտությունը։

Սա նշանակում է, որ մենք պարտվել ենք՝ որպես արժեքային համակարգ ունեցող հասարակություն, ու իսկապես վերածվել ենք «ժողովրդի», որին հղում անելով՝ «ժողովրդի իշխանությունը» Հայաստանի հետ անում է այն, ինչ չէին կարող երազել մեր հավաքական թշնամիները՝ միասին վերցրած։

Մենք պարտվել ենք փողին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, մենք նյութականն ավելի բարձր ենք դասում, քան բոլոր այն արժեքները, առանց որոնց տարածքը չի կարող՝ պետություն, մարդիկ էլ՝ հասարակություն դառնալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս