«Եթե Հայաստանում տեղի ունենար ռազմական հեղաշրջում՝ գալու էին այլ ուժեր, որոնք Թուրքիային խիստ անհանգստացնում են». Թուրքագետ

ՀՀ իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանում, թե ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի անհանգստությունը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ Թուրքիայից դիտմամբ են նման հայտարարություններ անում, որպեսզի դրանք դարձվեն Հայաստանի ներքաղաքական օրակարգի մաս: Այդ նույն «Իմ քայլ»-ականները, սակայն, չեն կարողանում բացատրել, թե ինչո՞ւ նախկինում՝ 2018 թվականից առաջ, Թուրքիան՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ, երբևէ անհանգստություն չէր հայտնում Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխություն-հեղափոխության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահը, նրա խոսնակը, արտգործնախարարը, «Գորշ գայլեր» խմբավորման ղեկավարն իրենց խիստ անհանգստությունն են արտահայտել՝ նշելով, որ դատապարտում են տեղի ունեցածը։ Թուրքիայի  և Ադրբեջանի իշխանություններին հատկապես անհանգստացրել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականների կոշտ հայտարարությունը, որով նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- ասված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ:

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով Թուրքիայի այս «հոգատարությանը», նախ նկատեց՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները սխալվում են՝ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները մանիպուլյացիաներ չեն։

«Չկա որևէ մանիպուլյացիա, ես այդ ամենը լսել եմ նրանց շուրթերից՝ շատ հստակ ու ցայտուն»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ թուրքագետի՝ քանի որ Թուրքիայում արդեն կա ռազմական հեղաշրջման փորձ, և ներկայիս իշխող վերնախավը նաև դրա տուժածներից է, այդ փաստը՝ ռազմական հեղաշրջման վերաբերյալ, նրանց մոտ դող է առաջացնում, հատկապես, երբ լսում են զինվորականության անունը։

«Չմոռանանք, որ 2016 թվականին Թուրքիայում կրկին ռազմական հեղաշրջման անհաջող  փորձ տեղի ունեցավ։ Այսինքն՝ Թուրքիայի իշխանությունը զգայուն է ռազմական հեղաշրջման թեմայի նկատմամբ։ Այս մասով հասկանալի է, բայց կա նաև երկրորդ հատվածը, եթե Հայաստանում տեղի ունենար ռազմական հեղաշրջում, բնականաբար, գալու էին այլ ուժեր, որոնք Թուրքիային խիստ անհանգստացնում են, որովհետև Թուրքիան այս իշխանությունից կարողանում է ստանալ ամեն ինչ, իսկ նոր ուժերը կարող են ավելի պետականամետ տրամադրված լինել  և կխանգարեն Թուրքիայի ծրագրերին։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց երազում նման իշխանություն չէին տեսնի, որն այսօր ունի Հայաստանը, նրանք չէին մտածում, որ Հայաստանն այսպիսի իշխանություն երբևէ կունենա»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Ինչ վերաբերում է «Գորշ գայլերի» պարագլխի հայտարարություններին, ապա Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ և նա, և Էրդողանը քաղաքական նույն գծի մեջ են, քաղաքական համախոհներ են, հետևաբար՝ նրա հայտարարությունը շատ բնական է։

Հարցին՝ եթե այսօր Թուրքիան ՀՀ իշխանությունների համար այդքան անհանգիստ է, շարքային քաղաքացին կարո՞ղ է իսկապես հավատալ, որ ՀՀ գործող իշխանության մեջ թուրքական գործակալներ կան, ինչպես դրա վերաբերյալ ավելի վաղ եղան տարբեր հրապարակումներ, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը բավականին նպաստավոր է Թուրքիայի իշխանությունների, Ադրբեջանի շահերի համար։

«Իշխանության մեջ կան գործիչներ, որոնք պետական շահերի նկատմամբ այդքան էլ ջերմ չեն և ավելի տարօրինակ քաղաքականություն են վարում, իսկ մեր քաղաքացիները, բնականաբար, տարբեր բաներ են մտածում։ Ես չեմ կարող որևէ մեկին նման բնորոշում տալ, բայց ամեն դեպքում՝ այդ ամենն անհանգստացնող է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հաջորդ հարցին՝ եթե իրավիճակն այսպես շարունակվի, կասկածներ չե՞ն առաջանում, որ  Թուրքիայի իշխանությունը հասնելու է այն բանին, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հրաժարվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, թուրքագետը պատասխանեց.

«Ես չեմ ցանկանում դա մեկնաբանել, որովհետև չեմ ուզում նման բանի հավատալ»։

Տեսանյութեր

Լրահոս