Ինչո՞ւ ապօրինի հրամաններ ստացած ուժային կառույցների նախկին ղեկավարները ցուցմունք չեն տալիս
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և գրեթե ողջ ԳՇ-ի սպայական կազմի կողմից ստորագրված հայտարարությունից հետո, որով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը, Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ Զինված ուժերը պահանջում են երկրի կառավարումը ձախողած և հազարավոր զոհերով ու տարածքային կորուստներով նվաստացուցիչ պարտություն կրած ղեկավարի և ողջ կառավարության հրաժարականը:
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- ասված էր ԳՇ հայտարարության մեջ:
Սրան, բնականաբար, հետևեց Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ արձագանքը, ով ԳՇ պետին մեղադրեց զինված հեղաշրջման փորձի մեջ ու աշխատանքից ազատելու առաջարկն ուղարկեց ՀՀ նախագահին: Փաշինյանին, ի դեպ, երկրորդեց միայն Թուրքիան:
Նիկոլ Փաշինյանը այսքանով չբավարարվեց. արագ իր ոճի մեջ ուղիղ եթեր մտավ, իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, բայց հասկանալով, որ վաղուց արդեն 2018 թվականը չէ, և մարդ չի հավաքվում, իր մի քանի հարյուր կողմնակիցներին տարավ երթի, շրջեց Երևանի՝ հատկապես իր սրտի սիրելի օլիգարխի վերահսկողության տակ ավանդաբար գտնվող տարածքներով, բայց հասկանալով, որ միևնույն է, բացի իշխանական ռեպրեսիվ միջոցներով իրեն միացրած զանգվածից, առանձնապես մարդ չի հավաքվում, ցրեց երթը:
Զուգահեռաբար ընդդիմադիրները հավաքվեցին Ազատության հրապարակում, ապա բարիկադավորվեցին Բաղրամյան պողոտայում, ուր արդեն երկու օր ու գիշեր կրկին տեղի են ունենում հավաքներ, երթեր:
ԳՇ հայտարարության օրը հայտարարություններով հանդես եկան նաև Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, ոստիկանությունը՝ կողմերին կոչ անելով մնալ օրինականության և սահմանադրականության դաշտում:
Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը:
Ի դեպ, բառացիորեն վերջերս իր իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները չեղարկած Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո կրկին օրակարգ բերեց հարցը, սակայն թե «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող ընդդիմադիր կուսակցությունները, և թե խորհրդարանական «Լուսավոր Հայաստանը» կարծես թե չարձագանքեցին այդ հրավերին: Այս իրավիճակում մի հետաքրքիր ու շատ կարևոր հանգամանք, սակայն, կարծես թե վրիպում է ընդդիմադիր շարժման թե՛ կազմակերպիչների, և թե՛ այդ շարժմանը հարողների ուշադրությունից:
Նիկոլ Փաշինյանի օրոք ուժային կառույցների ղեկավար աշխատած անձինք՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ նախկին տնօրեններ Արթուր Վանեցյանը և տնօրենի ժ/պ Միքայել Համբարձումյանը, ովքեր միացել են ընդդիմադիր շարժմանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, տարբեր ժամանակներում հայտարարել են, որ նրանից ստացել են ապօրինի հրամաններ:
Խոսենք փաստերով:
12.11.2020թ.
Նիկոլ Փաշինյանի կողմից թավշյա իշխանափոխությունից հետո ոստիկանապետ նշանակված, ապա նրա իսկ կողմից գեներալի կոչում ստացած Վալերիյ Օսիպյանը, ով մասնակցում էր ընդդիմադիրների հանրահավաքին, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ստացել է ապօրինի հրամաններ, բայց չի կատարել:
«Իմ ընկերոջ (Արթուր Վանեցյանի.- Գ.Ս.) հետ համամիտ եմ ու նաև դրա համար եմ այստեղ, որ ինքը ձերբակալված է: Ես ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել: Ես ունեմ փոքր երեխաներ ու նաև նրանց ապագայով մտահոգված եմ այստեղ»,- ասել էր Վալերիյ Օսիպյանը:
Ի դեպ, օրերս՝ փետրվարի 25-ին, ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կոչով էր հանդես եկել՝ ոստիկաններին հորդորելով չկատարել ապօրինի հրամաններ:
«Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։ Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել»,- ասել էր նա:
12.11.2020թ.
ԱԱԾ տնօրենի՝ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, ով մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում գրեց, հայտարարություն տարածեց, որում նույնպես ակնարկել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանից ստացել է ապօրինի հրահանգներ:
«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում…
Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ»,- նշել էր Միքայել Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ խոսքը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կալանավորմանն է վերաբերում, ով պատերազմի վճռական փուլում զինվորականությանը կոչ էր արել իր ձեռքը վերցնել իշխանությունն ու փրկել Արցախը:
«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե՝ Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,- ասել էր Վազգեն Մանուկյանը, ինչին էլ ըստ էության հետևել էր Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգը:
13.11.2020թ.
Գլխավոր դատախազությունը, ի պատասխան 168.am-ի հարցին՝ ի՞նչ ընթացք է տրվել Վալերիյ Օսիպյանի և Միքայել Համբարձումյանի վերոնշյալ հայտարարություններին, պատասխանել է. «Այդ հայտարարությունները կոնկրետություն չեն պարունակում: Հայտարարություններն արվել են իրավապահ մարմինների նախկին ղեկավարների կողմից, որոնց, թերևս, կարիք չկա լրացուցիչ հուշելու, թե հնարավոր հանցավոր դրսևորումների հետ առնչվելու պարագայում ինչպիսին է իրավական ընթացակարգը: Հիմա էլ նրանք զրկված չեն իրավապահ մարմիններին դիմելու հնարավորությունից»:
21.11.2020թ.
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ, երբ անտառահատումների արգելքի դեմ բողոքի դուրս եկան Նիկոլ Փաշինյանի համերկրացիները, վերջինից հրաման է ստացել բիրտ ուժի դիմելով՝ ճնշել բողոքը, ինչն ինքը չի արել:
«Կհիշեք երևի, 2 տարի առաջ Իջևան քաղաքում եղան բողոքի ակցիաներ, անտառից փայտ կտրողների բողոքի ակցիաները։ Այն ժամանակ ես ԱԱԾ տնօրեն էի ու հայտնվեցի այնտեղ։ Շատ տրամաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջևանում և ցուցարարների մեջ՝ մեկ շատ պարզ պատճառ կա, Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց մեծ զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ։ Նա զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, և ասաց, որ՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր՝ սատկացրեք բոլորին։ Այ, հիմա ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, թե սիրում է բոլորիդ, խոնարհվում է բոլորիդ առջև, նա սուտ է ասում, նա ատում է բոլորիդ, նա սիրում է միայն իր իշխանությունն ու պաշտոնը»,- նշել էր Ա. Վանեցյանը՝ հավելելով, որ «Առնվազն ուժային կառույցի երեք նախկին ղեկավարներ՝ ես, Վալերիյ Օսիպյանը և Միքայել Համբարձումյանը, հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավապահ համակարգի աշխատանքին, չի տիրապետում իր պարտականություններին և ապօրինի հրամաններ է տալիս, և որևէ արձագանք չկա»:
Նույն այդ օրը ԱԱԾ նախկին տնօրենն ասել էր, որ իր այդ հայտարարությունը Կառավարությունը չի կարող ժխտել, որովհետև շատ ավելի մանրուքներ էլ կարող է պատմել։
Հիմա՝ մի կարևոր նկատառում: Նախորդ տարեվերջին, երբ փաստաբանները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել էին տարբեր հանցակազմերի առկայության պարագայում կալանավորել Նիկոլ Փաշինյանին, վերջինս պատասխանել էր, որ կաշկանդվածություն չունի և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում պատրաստ է դիմել գործողությունների:
168.am-ի հետ զրույցում այդ մասին ասել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպած 3 փաստաբաններից մեկը՝ Արամ Վարդևանյանը: «Գլխավոր դատախազի կողմից ուղղակիորեն արձանագրվել էր, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդում, այդ թվում՝ քրեադատավարական գործողություններ կլինեն»,- նշել էր նա:
Այժմ՝ ասելիքի բուն նպատակը:
Ո՞րն է անհետևանք հայտարարությունների իմաստը, ինչպե՞ս են նշված անձինք՝ ուժային կառույցների երբեմնի ղեկավարները, պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ու հայրենիքի փրկության ճանապարհը: Մասնագիտությամբ իրավաբաններ Արթուր Վանեցյանը, Վալերիյ Օսիպյանը, Միքայել Համբարձումյանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում երբևէ աշխատած, ապօրինի հրամաններ ու հրահանգներ ստացած, բայց ըստ իրենց՝ չկատարած այլ անձինք, ովքեր այսօր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչո՞ւ ցուցմունք չեն տալիս իրենց հայտնի դրվագներով, ինչո՞ւ չեն գնում ՀՀ գլխավոր դատախազություն ու խիստ գաղտնիության պայմաններում ասում այն, ինչ իրենց հայտնի է:
Եվ եթե Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում բազմիցս ասել է, որ պետական գաղտնիքներ չի բացահայտի, քավ լիցի, թող չբացահայտի, բայց Դատախազությունում չասելու պատճառն ու իմաստը ո՞րն է, հատկապես որ, որքան հասկանում ենք, Գլխավոր դատախազը հենց դրան էլ սպասում է, եթե թարգմանենք պաշտոնական իրավաբանական հայերենն առօրյա-խոսակցականի:
Ի դեպ, այսօր այս առնչությամբ Արթուր Վանեցյանն ասել էր.
«Գլխավոր դատախազությունը մոտ երեք տարվա մեջ իր արարքներով ապացուցել է, որ ծառայում է օրվա քաղաքական իշխանությանը, նրանք չեն ծառայում օրենքներին: Դրա համար, եթե մենք հիմա հաղորդում ներկայացնենք հանցագործության մասին, վատագույն դեպքում մեզ սուտ մատնության մեջ կմեղադրեն, երկրորդ ամենավատ տարբերակը՝ կսկսեն ինչ-որ մի կեղծ քննական պրոցես, քննություն կիրականացնեն, հետո կասեն, որ չհիմնավորվեց, գործը կկարճեն ու դրանով իրենց հետքերը կմաքրեն: Հետագայում, որ լինի իշխանափոխություն, նորմալ քննություն, կասեն՝ այն ժամանակ քննություն է իրականացվել և գործը կարճվել է, հանցակազմ չի հայտնաբերվել»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձնելու մասին հայտարարությունից ընդամենը 20 րոպե անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»:
Թերևս, այլևս խոսքերի և ակնարկներով ելույթների ժամանակը վաղուց անցել է: Ժամանակն է, որպեսզի և Արթուր Վանեցյանը, և Վալերիյ Օսիպյանը, և Միքայել Համբարձումյանը պատմեն այն ամենի մասին, ինչի մասին մինչ օրս լռել են: Ամեն ինչի մասին: Եվ այդ ամենը պետք է արվի իրավական ճանապարհով, որպեսզի հետո բոլոր հարցերի պատասխանները պահանջվեն ՀՀ գլխավոր դատախազից: