«Արցախի նախագահի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի հետ կապված՝ ԱԱԾ-ում քրեական գործ է քննվում. արդյո՞ք այս ժամանակահատվածում հարցաքննվել են նրանք». Արամ Վարդևանյան
Երեկ ՀՀ փաստաբանները Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ: Փաստաբաններից ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի պատասխանատու Արթուր Ղազինյանին և փաստաբան Արամ Վարդևանյանին նաև ընդունեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ավելի վաղ Արթուր Ղազինյանը պետական դավաճանության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և պահանջել հարուցված քրեական գործի շրջանակում իրեն ներգրավել՝ որպես վկա, որովհետև ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նշել էր նաև, որ քրեական գործը հսկող դատախազը պարտավոր է ՀՔԾ-ին ցուցում տալ, որպեսզի նրանք ձեռնարկեն օրենքով սահմանված քայլերը և Նիկոլ Փաշինյանին և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ներգրավեն՝ որպես մեղադրյալ։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում արդեն իսկ 2020թ․-ի նոյեմբերի 21-ին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, բացասական նշանակություն ունեցել ԶՈՒ-երի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա:
168.am-ը գլխավոր դատախազի հետ հանդիպման շուրջ զրուցեց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:
– Ձեր տպավորությամբ՝ գլխավոր դատախազի հետ հանդիպումն առարկայական հետևանքներ կունենա՞, կձեռնարկվե՞ն գործուն քայլեր, թե՞սոսկ արձանագրային հանդիպում էր:
– Գլխավոր դատախազի հետ հանդիպման մանրամասներ, որպես այդպիսին, առանձին չեմ ցանկանում ներկայացնել: Հանդիպման ավարտին Արթուր Ղազինյանը ներկայացրեց այն հիմնական մեսիջը, որը կար այդ հանդիպման արդյունքում: Ես կցանկանամ հարցին անդրադառնալ մեկ այլ կոնտեքստում, ինչի մասին հենց հանդիպման ընթացքում բարձրաձայնել էի: Ես իմ մտահոգությունը հայտնեցի առ այն, որ հաշվի առնելով վարչապետի գործողությունները, օրինակ, գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, դատավորներին կառավարության շենք հրավիրելը, որի լուսաբանման տեսանյութից տպավորությունն այնպիսին էր, որ կոնկրետ գործեր են քննարկվում, ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ դատախազի, քննիչի անկախության և այդ տեսանկյունից պատշաճ քննության խոչընդոտներ կան, իսկ դրանց վերացման հիմնական մեխանիզմը լիազորությունների՝ ժամանակավորապես դադարեցման գործիքակազմն է: Պետք է նաև մեկ հանգամանք էլ նշեմ, որ գլխավոր դատախազի կողմից ուղղակիորեն արձանագրվել էր, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդում, այդ թվում՝ քրեադատավարական գործողություններ կլինեն: Ի դեպ, դատախազության պրակտիկան նույնպես սա, եթե որպես օրինակ բերենք Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի օրինակը: Այսինքն՝ մեղադրանք առաջադրելու դեպքում լիազորությունների դադարեցում անհապաղ տեղի ունենում է:
– Մեղադրանք առաջադրելու և դրանից բխող հետագա գործողությունների հիմքեր չկա՞ն արդյոք:
– Ամեն դեպքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարությունների հետ կապված խիստ անհանգստացնող հանգամանքների ձայնագրությունը, որոնց հիման վրա անհապաղ քրեական գործ հարուցվեց ՀՔԾ-ում, ինչպես պնդում է նախաքննական մարմինը, չկա: Իսկ ձայնագրությունը, օրինակ, արդեն իսկ հիմք էր լինելու, անկախ ցանկացած իրավիճակից, և նաև հաշվի առնելով գլխավոր դատախազի հայտնած դիրքորոշումը՝ մեղադրանք առաջադրելու համար: Բայց այս պահին ձայնագրությունը չի հայտնաբերվում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով:
– Մովսես Հակոբյանն ինքն էլ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ձայնագրությունը ոչնչացված է, սակայն քննությունը շարունակվում է, և առկա են փաստաթղթեր, իսկ աղմկահարույց ձայնագրության մասին էլ նկատել. «Ես ասել եմ՝ այն պաշտոնատար անձն է ձայնագրել, որը պատասխանատու է: Այսօր ինքն այդ ձայնագրությունը ջնջել է, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց դրանից զատ՝ կան նաև գրավոր փաստաթղթեր, որը ևս ապացուցում է ասվածը: Եվ քննիչն իր աշխատանքը պատշաճ չի կատարել, որովհետև այդ ձայնագրությունը, ի դեպ, լսել են ևս երեք հոգի, ես հայտարարել եմ այդ մարդկանց մասին, սակայն նրանք չեն հարցաքննվում»: Պնդել էր, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Զինված Ուժերը համալրում չի կատարել:
-Փաստաթղթերի հետ կապված՝ ևս որոշակի հարցեր կան, որովհետև ըստ դատախազության հայտարարության՝ այդ փաստաթղթերի և դրանց մասով ներկայացված ցուցմունքներով՝ նշվածը չի հիմնավորվել: Շատ հնարավոր է, որ խոսքը գնում է ՀՔԾ-ի մասին, որի գործունեությունը 2.5 տարվա ընթացքում առավել քան հասկանալի և պարզ է հանրության համար, որ այդ մարմնի սուբյեկտիվ գործոնը և քաղաքականացվածությունը շատ բարձր է: Բայց դրա համար ես մեկ այլ օրինակ էլ եմ ուզում բերել, որովհետև պետք չէ կենտրոնանալ Մովսես Հակոբյանի գործի վրա:
– Նկատի ունեք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությո՞ւնը, որում Արցախի նախագահն ասում է, որ պաշտոնական Երևանից 10 օրից ավելի օգնություն չի հասնում:
– Այո, ճիշտ եք: Այդ հեռախոսազրույցի հետ կապված՝ ես կարող եմ ասել, որ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է քննվում: Կարող եմ նաև հստակ ասել, որ դրա վերաբերյալ եղել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցումներ: Սա, իհարկե, լավ է, սակայն ես այլ բան եմ ուզում ասել: Արդյո՞ք այս ժամանակահատվածում հարցաքննվել են Ռուսլան Իսրայելյանն ու Արայիկ Հարությունյանը: Ասեմ ավելին, հնարավոր է՝ հուզական գնահատականներ հնչեցնեն, թե Արայիկ Հարությունյանին այս պահին Հայաստան հրավիրելը նպատակահարմար չէ, և այլ պատճառաբանություններ: Պրակտիկայում, օրինակ, նույնիսկ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով, երբ Սիսիանում պետք է քննչական գործողություններ կատարվեին, Քննչական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման քննիչներ ներգրավվել են քննչական խմբում և կատարել քննչական գործողություններ: Այսինքն՝ որևէ խնդիր չկա քննչական խմբում ներգրավել նաև հենց տարածքային առումով ավելի մոտիկ գտնվող քննիչների, որոնք մեկ ժամվա ընթացքում կարող են կազմակերպել հարցաքննությունը, որի ընթացքում պետք է հնչի մեկ հարց՝ ի՞նչ է ի նկատի ունեցել Արայիկ Հարությունյանն իր հեռախոսային զրույցում, որի բովանդակությունից բոլորս հասկացել ենք, որ զորք չի տրամադրվել, և դա կարծես թե բեկումնային է եղել այս պատերազմի տեսանկյունից: Ռուսլան Իսրայելյանը, ի դեպ, հաստատել էր հեռախոսազրույցի բովանդակությունը: Երկու շաբաթ անց արդյո՞ք դատավարական ընթացակարգեր կատարվել են:
– Արդեն իսկ ըստ էության թե՛ Մովսես Հակոբյանի հայտարարությունների, թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի մասով քրեական գործեր են հարուցված: Որևէ մեկի մեղադրանք կարծես թե առաջադրված չէ:
– Նախաքննական գաղտնիքից լինելով՝ հանդիպման մասնակիցներս, լինելով իրավաբան, նույնիսկ մեզ թույլ էլ չենք տվել ընթացիկ քրեական գործերից փաստական տվյալների կամ դատավարական զարգացումների վերաբերյալ հարցեր տալ ու ոչ էլ առհասարակ դրա վերաբերյալ պատասխաններ ակնկալել ենք:
– Այնուամենայնիվ, ո՞րն էր գլխավոր դատախազի հստակ դիրքորոշումը:
– Հիմքերի դեպքում՝ անհապաղ կկատարվեն քրեական հետապնդումից բխող գործողություններ՝ և մեղադրանքի առաջադրում, և դրանից բխող այլ հանգամանքները, այդ թվում՝ հենց վարչապետի նկատմամբ:
– Հիմքեր գտնելը նախաքննական մարմնի գործն է: Մենք երկու դեպք ենք քննարկում, և այդ երկու դեպքերում նախաքննական մարմինները ՀՔԾ-ն և ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտն են: Այսօրվա ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, ի՞նչ եք կարծում, Ձեր ասած հիմքերը կգտնե՞ն:
– Աշոտ Մինասյանի գործով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը 48 ժամվա ընթացքում 10-ից ավելի քննչական գործողություններ էր իրականացրել: Հիմա հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանի ձայնագրության դեպքում արդյո՞ք նույն արագությունը կա: Բոլոր հուզական գնահատականները, թե Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահն է, կանխատեսելով՝ ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ նորագույն պատմության մեջ վերջին 2.5 տարում Արցախի հիմնադիր նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի ազատագրման, պահպանման ու զարգացման հիմնական դերակատարին, իրավապահ համակարգը որևէ բարոյական կաշկանդվածություն չունեցավ քրեական հետապնդում հարուցելու, այն էլ՝ ապօրինի:
-Եվ հենց Ձեր ասածի համատեքստում՝ արդյո՞ք գլխավոր դատախազը չի մանևրում կամ ժամանակ շահում, որովհետև ըստ էության քիչ է հավանական, որ ներկայիս ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն որևէ հիմք կգտնեն:
– Առնվազն գլխավոր դատախազը կարող է տալ համապատասխան ցուցումները: Ես չգիտեմ՝ արդյո՞ք հենց դատավարական հսկողությունը գլխավոր դատախազն է իրականացնում անձամբ, թե՞ ոչ, որովհետև իմ տպավորությունն այն է, որ ոչ, բայց ամեն դեպքում դատախազությունը միասնական համակարգ է, և դատախազները նշվածը պետք է գիտակցեն: Օրինակ, եթե դատախազը տալիս է պարտադիր կատարման ցուցում, որ սեղմ ժամկետներում պետք է հարցաքննվեն Ռուսլան Իսրայելյանն ու Արայիկ Հարությունյանը, և դիցուք պատկերացնենք, որ այդ ցուցումը չի կատարվում: Այդ դեպքում դատախազությունը պետք է նյութերը փոխանցի ՀՔԾ, ուր պետք է նյութեր նախապատրաստեն այն քննիչի նկատմամբ, որը դատախազի պատշաճ վերահսկողական ցուցումները չի կատարում՝ դրանով իսկ ոչ միայն անփութություն ցուցաբերելով, այլև միգուցե խոչընդոտելով արդարադատության իրականացմանը:
– Իսկ կա՞ ողջամիտ ժամկետ, որի ավարտին դատախազությունը պարտավորվածություն կունենա իր վերահսկողական գործառույթներն իրականացնել:
– Եթե քրեական գործերը հարուցված չլինեին, կխոսեինք 10-օրյա ռեժիմի մասին, սակայն տվյալ դեպքում քննությունը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետների տրամաբանության մեջ: Մեղադրանք առաջադրելու դեպքում ժամկետների կոնկրետությունն ավելի հստակ է: Նախաքննությունը կարող է տևել մինչև մեկ տարի՝ յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ ժամկետների երկարացմամբ: Դատախազական վերահսկողությունն ամեն դեպքում ենթադրում է կոնկրետ ցուցումներ:
– Իսկ վստա՞հ եք, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հիմքեր առկա չեն, ինչպես պնդում է գլխավոր դատախազը:
– Ոչ վստահ չեմ, դա գնահատողական հարց է: Եկեք վերհիշենք սահմանադրական կարգի տապալման քրեական գործը, որի մեղադրանքը դատարաններում հենց նույն գլխավոր դատախազն էլ պաշտպանում էր, այդ թվում՝ կալանավորման հարցը, և այլն: Այն դեպքում առնվազն գործ ունեինք իրավական այնպիսի հարցերի հետ, որոնք շատ ավելի բարդ էին, քան այս դեպքերում, սակայն դատախազությունը որևէ կերպ չխորշեց կատարել կոնկրետ գործողություններ: Այն դեպքում մենք գործ ունեինք գործառութային անձեռնմխելիության, դրա չհաղթահարման, նախագահի լիազորությունների փաստացի իրացման հետ, որի հետ կապված՝ դատախազությունն ու ՀՔԾ-ն ունեին իրենց գնահատականները: Ու այս պայմաններում, երբ այս հարցերին սպառիչ պատասխան չէր տրվել, քննություն նորմալ չէր կատարվել, և, ի վերջո, չունեցան էլ դրա հետ կապված՝ վերջնական հիմնավորում, դա չխանգարեց, որ հենց սկզբից մեղադրանք առաջադրեն ու կալանավորման հարց բարձրացնեն: Ուզում եմ ասել՝ թող այդ ապացուցման ստանդարտը դիտարկեն այն համատեքստում, որ կամ 2.5 տարվա ընթացքում քաղաքական հետապնդումների շղթա և իրավական խայտառակության շրջան է եղել, կամ թող համամասնությունը պահպանեն: