«Կոնկրետություն չեն պարունակում». Դատախազությունը Վալերիյ Օսիպյանի և Միքայել Համբարձումյանի՝ հանցագործության մասին հաղորդումներին ընթացք չի տվել

Երեկ ՀՀ 2 բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը և ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին:

Մասնավորապես, Միքայել Համբարձումյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է հրահանգ Վազգեն Մանուկյանի՝ հոկտեմբերի 27-ի հայտարարության հետ կապված քրեական գործ հարուցելու վերաբերյալ, սակայն վարչապետին հորդորել է չգնալ այդ քայլին, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է:

«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը:

Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»,- ասված էր գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ապա վերջինս երեկ Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին մասնակցելուց հետո, ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է ապօրինի հրամաններ։ 

«Ստացել եմ, բայց չեմ կատարել»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ ասել է Վայերիյ Օսիպյանը:

168.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե ի՞նչ ընթացք է տրվել այդ հաղորդումներին:

«Այդ հայտարարությունները կոնկրետություն չեն պարունակում: Հայտարարություններն արվել են իրավապահ մարմինների նախկին ղեկավարների կողմից, որոնց, թերևս, կարիք չկա լրացուցիչ հուշելու, թե հնարավոր հանցավոր դրսևորումների հետ առնչվելու պարագայում ինչպիսին է իրավական ընթացակարգը: Հիմա էլ նրանք զրկված չեն իրավապահ մարմիններին դիմելու հնարավորությունից»,- ի պատասխան մեր հարցի՝ հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Զարմանալի է: Գլխավոր դատախազության ներկայացուցիչները գուցե բա՞ց են թողել ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ, գնդապետ Միքայել Համբարձումյանի գրառման այն հատվածը, որում հստակ ամսաթվով թվագրված է այն հանձնարարականը, որը ստացել է: Ավելին՝ այդ հայտարարության մեջ կա նաև այն անձի անունը, ում նկատմամբ տրվել է հանձնարարական, որը չի իրականացվել:

«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»,- գրել էր Միքայել Համբարձումյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս