«Իջևանի ցույցերին Փաշինյանը զանգեց ինձ ու Օսիպյանին, ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր՝ սատկացրեք բոլորին». Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակում ընթացող «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ երեկ Երևանում ոստիկանության իրականացրած գործողություններին, երբ խաղաղ ցուցարարներին բռնի ուժով բերման էին ենթարկում։
«Երեկվա դեպքերը, որոնք տեղի ունեցան Երևանում, ուղղակի անթույլատրելի են և ոչ իրավաչափ։ Թե ովքեր էին այդ անհայտ ծագման համազգեստով տղաները, դա մի օր կպարզենք։ Ես գիտեմ, որ հիմա հեռուստացույցի դեմ նստած մարդիկ զարմանում են, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ իր ընդդիմախոսների դեմ բռնի ուժ չի կիրառի, և եթե ժողովուրդը ցանկանա, ինքն անպայման հեռանալու է, բայց Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է։ Մեկ պատմություն եմ ուզում պատմեմ, ինչու է Նիկոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ցույց անող, կամ խաղաղ ակցիա անող ժողովրդի դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում չի սիրում այս ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը քրոնիկ սուտասան է։ Հիմա ասեմ, թե ինչու չի սիրում՝ կհիշեք երևի, 2 տարի առաջ Իջևան քաղաքում եղան բողոքի ակցիաներ, անտառից փայտ կտրողների բողոքի ակցիաները։ Այն ժամանակ ես ԱԱԾ տնօրեն էի ու հայտնվեցի այնտեղ։ Շատ տրամաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջևանում և ցուցարարների մեջ՝ մեկ շատ պարզ պատճառ կա, Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց մեծ զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ։ Նա զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, և ասաց, որ՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր՝ սատկացրեք բոլորին։ Այ, հիմա ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, թե սիրում է բոլորիդ, խոնարհվում է բոլորիդ առջև, նա սուտ է ասում, նա ատում է բոլորիդ, նա սիրում է միայն իր իշխանությունն ու պաշտոնը»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ Իջևանի այդ դեպքերի հայտնի պատմությունը վկայում է, թե ինչու են երեկ ոստիկանները նման բիրտ ուժ կիրառել, այդքան հեշտ չէ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին մերժել ու ասել, որ իր հրամանները չեն կատարում։
«Առնվազն ուժային կառույցի երեք նախկին ղեկավարներ՝ ես, Վալերիյ Օսիպյանը և Միքայել Համբարձումյանը, հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավապահ համակարգի աշխատանքին, չի տիրապետում իր պարտականություններին և ապօրինի հրամաններ է տալիս, և որևէ արձագանք չկա»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում