«Վարչապետը հանձնարարել էր՝ գնանք Իջևան, «Ալֆա» ջոկատայիններին տանենք, որպեսզի ժողովրդին ծեծեն». Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօրվա հանրահավաքի ավարտին հետ լրագրողների հարցերին պատասխանելիս հույս հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում կկարողանան որոշակի հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կադրային փոփոխություններին, Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ երեկ է ասել, որ ովքեր համաձայնում են դավաճան, հեռացող իշխանության հետ շարունակել պատասխանատվություն վերցնել իրենց վրա, նրանք ուղղակի դավաճաններ են։
«Նրանց կոչ եմ արել՝ որևէ նորմալ մարդու՝ չստանձնել նման պատասխանատվություն»,- նշեց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին պետը լրացուցիչ մանրամասներ պատմեց լրագրողներին 2019 թվականի հուլիսի 17-ին Իջանում տեղի ունեցած ծառահատումների արգելքի դեմ ժողովրդական ընդվզման ու դրանց կանխման վերաբերյալ: Ըստ Վանեցյանի՝ Իջևանում ցույցերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն և Վալերիյ Օսիպյանին հանձնարարել էր «սատկացնել ժողովրդին, քանի որ ինքն ուզում է արյան գետեր տեսնել», Արթուր Վանեցյանն ասաց, որ իր այդ հայտարարությունը Կառավարությունը չի կարող ժխտել, որովհետև շատ ավելի մանրուքներ էլ կարող է պատմել։
«Հիշում եք, Իջևանում եղան այդ զանգվածային անկարգությունները, և ես հայտնվեցի այնտեղ, շատերի կողմից եղան քննադատություններ, թե ինչ գործ ունեմ այնտեղ։ Այդ օրը ես գտվում էի Արցախում, ինձ զանգահարեց Վալերիյ Օսիպյանն ու ասաց, որ վիճակը լարված է, այնուհետև զանգահարեց իմ տեղակալը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, և ասաց, որ վարչապետը հանձնարարել է՝ գնանք Իջևան, «Ալֆա» ջոկատայիններին տանենք, որպեսզի ժողովրդին ծեծեն։ Պատասխանեցի, որ հանկարծ նման բան չանեն, որովհետև այդ վարչությունը նախատեսված է այլ գործառույթներ՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը զանգահարում էր ինձ ու ասում՝ ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել։ Մենք գնացինք Իջևան, իմ ու Վալերիյ Օսիպյանի աշխատանքի արդյունքում՝ կարողացանք առանց արյան գետերի կանխել այդ ապօրինի գործողությունները»,- նշեց Ա. Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ, երբ ժամանակին հրաժարական էր ներկայացրել, հրաժարականի տեքստը շատ խորը իմաստ ուներ, և հիմա ամեն օր տեսնում է, որ այն, ինչ ասել էր, արդեն իրականություն է դարձել։
«Նիկոլ անունը հայոց բառարանի մեջ դաջվեց՝ որպես դավաճան։ Ես Նիկոլի կողքին եմ եղել, բայց երբ տեսել եմ՝ երկիրը քանդվում է, ասել եմ՝ «Նիկոլ, կանգ առ»։ Այո, Նիկոլին հավատացել եմ ու արել եմ ամեն ինչ, որ երկիրը նորմալ երկիր դառնա, բայց տեսել եմ, որ այդ մարդը չի կարողացել կառավարել, ասել եմ՝ Նիկոլ, կանգ առ։ Մենք ունենք խնդիր, որը մեր երկրի ու հայրենիքի փրկությունն է»,- հավելեց Արթուր Վանեցյանը։