«Օնիկ Գասպարյանի ազատման հարցով գնդակն այս պահին Հանրապետության նախագահի դաշտում է». Ռոբերտ Հայրապետյան
Երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ վարչապետի կողմից աշխատանքից ազատելուց հետո, այսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գլխավոր շտաբը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը:
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»,- մասնավորապես գրված էր ԳՇ հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել էր Գլխավոր շտաբի ողջ կազմը, ներառյալ՝ կորպուսների հրամանատարները:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, նա այս հայտարարությունը համարեց զինված հեղաշրջման փորձ և նախ՝ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա ուղիղ եթերով իր կողմնակիցներին դիմեց՝ նրանց բոլորին կանչելով Հանրապետության հրապարակ՝ չմոռանալով հայտարարել, որ Հանրապետության նախագահին է արդեն դիմել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու պահանջով:
168.am-ը իրավաբան Ռոբերտ Հայրապետյանից պարզաբանում խնդրեց հետագա գործընթացների իրավական կողմի վերաբերյալ:
«ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին Նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Սակայն Սահմանադրության 139-րդ հոդվածը հանրապետության նախագահին լիազորում է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին, այսինքն՝ այս դեպքում՝ ՀՀ վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Այլ կերպ ասած, Օնիկ Գասպարյանի ազատման հարցով գնդակը այս պահին Հանրապետության նախագահի դաշտում է, և նա լիազորություն ունի այդ ազատումը չստորագրելու»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը: