«Եթե սկսեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, կարելի է ստանալ նաև երրորդ պատերազմը՝ արդեն ոչ թե ԼՂ-ում, այլ՝ ՀՀ տարածքում». Եվսեև

Հարցազրույց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ

– Պարոն Եվսեև, ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ըստ նրա, ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ: Ավելի վաղ Դուք խոսում էիք երկրորդ բազայի անհրաժեշտության մասին Սյունիքում, փաստորեն, դրա փոխարեն այլ լուծում է առաջարկվում: Որքանո՞վ այն կլուծի առկա անվտանգային խնդիրները և ընդհանրապես ի՞նչ կոնկրետ խնդիրներ պետք է լուծի, կոնկրետ ի՞նչ կազմավորում կարող է Սյունիքում տեղակայվել:

– Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը: Ուստի, ըստ իս, խոսքը գնալու է հավելյալ զորքերի, ստորաբաժանումների ներգրավման մասին:

Կարևոր նշանակություն ունի հակաօդային ծածկի ապահովումը, դրա համար կարող է տեղակայվել զենիթահրթիռային համակարգի դիվիզիա՝ ՀՕՊ-ի հետ միասին, քանի որ բազայի S300-ների հեռահարությունը բավարար չէ այս ուղղության համար: Հարկավոր է ուժային ներկայություն, կարող է լինել առանձին բատալյոն մոտոհրաձգային՝ ուժեղացված: Այս երկու տարբերակն էլ կարող է լինել: Ստորաբաժանումը միավորման տեղակայում չի ենթադրում,. ստորաբաժանումը կարող է լինել դիվիզիա, բատալյոն, ուժեղացված բրիգադ: Պետք է առաջին հերթին ուժեղացված մոտոհրաձգային բատալյոն, որն իր կազմում ունի տանկային խմբաքանակ, իսկ ուժեղացվածությունն ապահովում են ինքնագնաց հրետանային միջոցները, քանի որ կրակային պաշտպանությունը ևս հարկավոր է: Օդային տարածքի վերահսկողության համար ՌԴ-ն կարող է անօդաչու թռչող սարքեր գործի դնել, ինչպես Օրիոնը, որը և հետախուզական է, և հարվածային: Հուսամ, որ դա բազայի կազմից չի լինի, այլ դա կլինի հավելյալ ստորաբաժանում: Ինչ վերաբերում է, թե ինչ խնդիրներ են լուծելու՝ անվտանգության ապահովում, Սյունիքի անվտանգության ապահովումը, քանի որ հասկանում ենք, որ վտանգներ կան:

– Հարությունյանը խոսել էր նաև ռազմական բարեփոխումների մասին: Նշված ցանկում բոլոր խնդիրները ներառված էին:

– Ձեռնպահ կմնամ գնահատականից: Կասեմ, որ բարեփոխումներ հարկավոր են, և ես դրանք մի քանի մասի կբաժանեի: Ղարաբաղում երկրորդ պատերազմի ընթացքում աչք ծակեց այն, որ, մեղմ ասեմ, ՀՀ մոբիլիզիացիոն ռեսուրսը չկար, անպատրաստ վիճակում էր: Դա պահանջում է նախապատրաստության համակարգի փոփոխություն: Պետք է ունենալ ռեալ պատրաստված ռեզերվ, որպես կանոն՝ մինչ 31 տարեկանը՝ հիմնականում բաղկացած զինակոչիկներից և այդ առաջին մակարդակի ռեզերվը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ամեն ինչով, այս մակարդակում անհրաժեշտ են կանոնավոր հավաքներ: Սա չափազանց կարևոր է ՀՀ անվտանգության համար, որպեսզի չկրկնվի այնպիսի իրավիճակ, ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում: Երկրորդ՝ պետք է անցկացվի ԶՈՒ մոդեռնիզացիա, դա ենթադրում է ժամանակակից զրահատեխնիկա: Օրինակ՝ մեկ T-80 տանկը բավարար չէ, սա որպես օրինակ եմ բերում, քանի որ շատ քիչ են: Այդ տեսակի շատ տանկերը ևս քիչ են, ՀՀ-ի պաշտպանության համար ինքնագնաց հրետանային միջոցներ ևս հարկավոր են, իսկ դա թույլ կտա պատերազմել բատալյոնային տակտիկական խմբերով, որոնք գործում են մոտոհրաձգային բատալյոնների հետ, ներկայումս կիրառվող հրետանին հարմար չէ: Երրորդ՝ Սու-30-նների հետ կապված իրավճակը պետք է լուծել, նաև օդաչուների պատրաստվածության հարցը պետք է լուծել:  Չորրորդ՝ հակաօդային պաշտպանություն պետք է ունենան ՀՀ բոլոր խոշոր քաղաքները, որպեսզի նույնիսկ հիպոթետիկ հնարավորություն չլինի՝ հարված հասցնել ՀՀ տարածքներին: Պետք է նաև թռչող սարքեր ձեռք բերվեն: Պետք է ավելացնել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, ինչպես նաև հատուկջոկատայինների հարցը պետք է լուծվի, այստեղ Ադրբեջանը, ցավոք սրտի, առավելություն ուներ, ուստի Հայաստանին այնպիսի հատուկ ծառայություն է պետք, որը ոչ միայն չի զիջի ադրբեջանականին, այլև թվաքանակով մոտ կլինի:

– Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունները գիտակցո՞ւմ են այս համակարգային խնդիրները և ընթանում են ճի՞շտ ճանապարհով:

– Զինվորականների շրջանում կա գիտակցում, թե ինչ խնդիրներ, բացեր կան, որոնք պետք է լուծել, այստեղ հարցը հետևյալն է՝ այս ամենն իրականացնելու համար գոնե 5 տարի է հարկավոր և ֆինանսներ, ինչ միջոցների հաշվին է ԶՈՒ մոդեռնիզացիան կատարվելու և մոբիլիզացիայի հարցը կարգավորվելու: Հայաստանի համար սա կենսական հարց է այսօր: Ուստի դեռ չեմ հասկանում, ինչպես պետք է այս ամենն իրականացվի: Եթե ֆինանսն ու քաղաքական կամքը լինի, հնարավոր է 5 տարում նոր ԶՈՒ կառուցել:

– Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներից հետո շատ է խոսվում այն մասին, որ անվտանգության նախկին համակարգը չի գործում, չարդարացրեց իրեն և հարկավոր է կառուցել նորը՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և երաշխիքների վրա: Ի՞նչ եք կարծում նման հեռանկարի մասին:

– Իմ անձնական կարծիքն այն է, որ ՀՀ խնդիրներից մեկը ՆԱՏՕ-ի հետ ավելորդ սերտ համագործակցությունն էր, որը ոչինչ չի տվել Հայաստանին, այլ միայն թուլացրել է: Չգիտեմ գեթ մեկ փաստ, որ Հայաստանին այդ համագործակցությունն օգնել է երկրորդ պատերազմի ընթացքում: Եթե կրկին սկսեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, կարելի է ստանալ նաև երրորդ պատերազմը՝ արդեն ոչ թե ԼՂ-ում, այլ՝ ՀՀ տարածքում նույնպիսի արդյունքներով: ՆԱՏՕ-ի ուղղությունը սխալ է եղել, չեմ ասում, որ չպետք է համագործակցել, այլ նման մասշտաբով պետք չէ, քանի որ, ցավոք սրտի, դա ապակառուցողական դերակատարություն ունեցավ:

Եթե նման մեկ փաստ չկա, ինչո՞ւ խորացնել համագործակցությունը: ՆԱՏՕ-ն այլ ձևով է պատերազմում, միացյալ ուժերով, այլ մեթոդներով, ՆԱՏՕ-ն չի ենթադրում, որ մեկ պետություն, ինչպիսին ՀՀ-ն է, պետք է հաջող պաշտպանվի Ադրբեջանից, ՆԱՏՕ-ն այլ հիմքի վրա է ձևավորված, որտեղ էական է ԱՄՆ ուժը, որը գալիս է և բոլորին փրկում, ԱՄՆ-ն է որոշիչը, Հայաստանի դեպքում, կարծում եմ, անհնար է հիմնվել դրա վրա, դա հակասում է Հայաստանի ունեցած անվտանգային խնդիրների բնույթին և աշխարհագրությանը:

Տեսանյութեր

Լրահոս