Վարկերից հույսը կտրեք

Ներդրումների սղության պայմաններում Հայաստանի տնտեսության զարգացման հույսն իշխանությունները կապում էին վարկերի հետ։ Վարչապետը հայտարարում էր, որ բանկերի վարկերը պիտի դառնան «տնտեսական հեղափոխության» շարժիչ ուժը։ Ոչինչ, որ բանկային թանկ վարկերը չէին կարող շարժիչ ուժ լինել «տնտեսական հեղափոխության» համար, ինչն արդեն տեսնում ենք, հիմա տնտեսությունը կանգնած է անգամ վարկերից զրկվելու վտանգի առաջ։

Սպասվում է վարկավորման տեմպի դանդաղում։ Բանկերը սկսել են զգուշավորություն ցուցաբերել վարկերի տրամադրման նկատմամբ։ Տեղի է ունեցել եկամուտների կրճատում, ինչը ստիպում է ֆինանսական հաստատություններին սահմանափակել նաև սպառողական վարկերի նկատմամբ ներկայացվող պահանջարկը։

Վարկային շուկայի պասիվացման միտում նկատվեց արդեն անցած տարվա երկրորդ կեսին։

Անցած տարվա վերջին 5 ամիսներին բանկերն ավելի քիչ վարկ են տրամադրել, քան մեկ տարի առաջ. 2019թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին բանկերի վարկային պորտֆելի աճը հասնում էր 297 մլրդ դրամի։ Այնինչ, 2020թ. նույն ժամանակահատվածում այն կազմեց 204 միլիարդ։

Վարկային պորտֆելի դանդաղում կար նույնիսկ պատերազմից առաջ։ Պատերազմից հետո այն ավելի ակտիվացավ։ Բանկերը սկսել են ազդակներ տալ, որ գնում են կոնսերվացման։ Վարկառուները, եկամուտների անկման հետևանքով, կորցրել են վարկունակությունը, ինչը ստիպում է բանկերին ավելի զգույշ լինել վարկային միջոցների տեղաբաշխման նկատմամբ։

Խնդիրն ավելի շատ տնտեսական դաշտում է։

«Հարցը հետևյալն է՝ բնականաբար, կարող են լինել խնդիրներ վարկավորման հետ կապված, հաճախորդն ունենա վարկային միջոցների կարիք, բայց չունենա այն վարկունակությունը, որն իրեն թույլ կտա վարկային միջոցներ ներգրավել»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահը։

Տնտեսությունը, ֆինանսական վիճակի վատացման հետևանքով, կորցրել է վարկունակությունը։ Մյուս կողմից էլ՝ ավելի զգուշավոր են դարձել վարկատու կազմակերպությունները։ Այդ թվում՝ ոչ միայն տնտեսության, այլև՝ մյուս հաճախորդների, և հատկապես՝ քաղաքացիների նկատմամբ, որոնք չափազանց ակտիվ էին սպառողական վարկերի շուկայում։

Իշխանափոխությունից հետո սպառողական վարկերի շուկան Հայաստանում մեծ տեմպերով ավելանում էր։ Դրանց տեսակարար կշիռը բանկերի վարկային պորտֆելում աճել էր գրեթե 7 տոկոսային կետով, ինչը շատ համարձակ քայլ էր, հատկապես, եթե հաշվի առնենք այդպիսի վարկերի ծանր բեռը։ Սպառողական վարկերի գինը հասնում է ընդհուպ 24 տոկոսի։ Բայց անգամ դա խոչընդոտ չէր վարկային շուկայի ընդլայնման համար։

Ձևավորված բարձր սպասումների հետևանքով քաղաքացիները զանգվածաբար վարկեր էին վերցնում՝ մտնելով վարկային ծանր բեռի տակ։

Վերջին տվյալներով, բանկերի սպառողական վարկերի պորտֆելը հասնում է 929 մլրդ դրամի։ Այն համարժեք է շուրջ 1,8 մլրդ դոլարի։ Միայն 2018թ. քաղաքացիները վերցրել են 190 մլրդ դրամի սպառողական վարկեր։ 2019թ. սպառողական վարկերն ավելի շատ են աճել՝ շուրջ 215 միլիարդով։

Դրանք գումարներ էին, որոնք ուղղվում էին կենցաղային խնդիրների լուծմանը։ Մարդիկ հույս ունեին, որ իշխանափոխությունից հետո տնտեսական ու սոցիալական իրավիճակը երկրում լավանալու է, ավելանալու են եկամուտները, և իրենք խնդիրներ չեն ունենալու վարկերը վերադարձնելու հետ կապված։ Բայց այդպես չեղավ։ Տնտեսական իրավիճակը հիմա Հայաստանում անհամեմատ ավելի վատ է, քան մինչև իշխանափոխությունը։ Տեղի է ունենում հասարակության համատարած աղքատացում, ինչը լուրջ ռիսկեր է ձևավորել բանկային համակարգում ու վարկային շուկայում։ Այդ ռիսկերն իրենց արտացոլումը գտան հատկապես սպառողական վարկերի շուկայում։ Արդեն անցած տարի բանկերը նվազագույնի հասցրեցին սպառողական վարկերի տրամադրումը։ 2020թ. բանկերի սպառողական վարկերի պորտֆելի աճը դադարեց։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի սպառողական վարկերն ավելացել են ընդամենը 14 մլրդ դրամով։ Աճի տեմպն ավելի քան 15 անգամ դանդաղել է։

2019թ. սպառողական վարկերն ավելացել էին շուրջ 30 տոկոսով, 2020թ. ավելացան ընդամենը 1,5 տոկոսով։

Սպառողական վարկերի աճը պատերազմից հետո ընդհանրապես դադարել է. դրանք նույնիսկ բավականաչափ նվազել են։ Տարվա վերջին 3 ամիսներին բանկերի սպառողական վարկերի պորտֆելը կրճատվել է ավելի քան 30 մլրդ դրամով։

Սպասվում է, որ այդ միտումը կշարունակվի նաև այս տարվա ընթացքում։ Սպառողական վարկերի շուկան գրեթե սառեցվել է, որովհետև էապես ավելացել են վերադարձելիության հետ կապված ռիսկերը։

Վերջին տարիների ակտիվ վարկավորման հետևանքով վարկային բեռը քաղաքացիների վրա լրջորեն ծանրացել է։ Վարկային բեռը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացել, քան եկամուտները։

Սա՝ մինչև անցած տարի։ Անցած տարի իրավիճակն ավելի բարդացավ։ Բազմաթիվ վարկառուներ կորցրեցին իրենց եկամուտները։ Մինչև հիմա էլ կորցնում են ու դեռ շարունակելու են կորցնել։ Տնտեսության վիճակը Հայաստանում հույսեր չի տալիս, որ մոտ ապագայում մարդկանց եկամուտներն ավելանալու են։

Սա բերել է նրան, որ մարդիկ բախվել են՝ վարկային պարտավորությունները կատարելու, իսկ բանկերը՝ տեղաբաշխված միջոցները հետ ստանալու դժվարությունների առաջ։ Ահա այն, ինչ ստացանք չարդարացված լավատեսության հետևանքով։ Դրանում մեղավոր են ոչ միայն վարկառուները, այլև իշխանություններն ու բանկերը. մեկը չհիմնավորված սպասում էր ձևավորում, մյուսը՝ բավարարում այդ սպասումները՝ հաշվի չառնելով, որ մի օր կարող ենք կանգնել այսպիսի խնդիրների առաջ։

Խնդիրներ, որոնք աստիճանաբար տեղափոխվում են նաև հիպոթեքի և անշարժ գույքի շուկա։

Դոլարի թանկացումը բերել է հիպոթեքային վարկերի բեռի ավելացման։ Երբեմն հնչում են նույնիսկ գնահատականներ, որ հիպոթեքը հասել է բիզնես-վարկերի գնին՝ ռիսկեր ստեղծելով ոչ միայն ֆինանսական համակարգի, այլև անշարժ գույքի շուկայի համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս