«Որևէ մեկի համար գաղտնի՞ք է, որ Փաշինյանը վախկոտ է, եթե այդքան քաջություն ունի, թող գա Ստեփանակերտ, հրապարակում կանգնի գոնե մեկ վայրկյան». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե այսօր Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, պատասխանեց, որ պետք է տարբերել Հայաստանն ու Հայաստանի իշխանություններին։

«Արցախում, սփյուռքում և Հայաստանում թող միշտ հիշեն, որ Արցախում ինչպես եղել է տասնյակ տարիներ, հատկապես 1988 թվականից սկսած, առ այսօր արցախցու հայացքը դեպի Հայաստանն է, Մայր հայրենիքը։ Եթե նույնիսկ այսօր իրավունք չունենք  բարձրաձայնելու, որ Արցախը Հայաստանի մասնիկն է, ցանկացած արցախցի իր մեջ պահում է այն գաղափարը, որ մի օր ինքը միացած է լինելու Հայաստանին։ Կամ ամբողջ հայ ազգն ինչպես կորոշի՝ մենք կունենանք երկու հայկական պետությո՞ւն, թե՞ մեկ միասնական հայկական պետություն։ Հայն է իր հայրենիքի անվտանգության երաշխավորը, կրկնում եմ՝ պետք է տարբերել Հայաստանն ու հայ իշխանություններին։

Հայաստանյան ներկայիս իշխանությունները, նաև Արցախի իշխանությունները, Արցախի անվտանգության երաշխավորները չեն, նրանք աճուրդի դրեցին, արդյունքում էլ՝ վաճառեցին մեր հայրենիքը։ Այդ հայրենիքը միայն արցախցունը չէ, այն ամբողջ հայությանն է։ Նրանք Արցախի մեծ մասը կորցրել են, նաև Հայաստանի մի հատված, որտեղ ադրբեջանցին լկտիաբար մտնում է ու ասում՝ սա իմն է, և որևէ մեկը նրան չի կարողանում դիմակայել, բացի այդ տարածքում բնակվողից։ Այսինքն՝ մեր քաջ բնակչից ու զինվորից բացի, չկա որևէ մեկը, որ երաշխավորի մեր անվտանգությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, այս հարցում ապացույցների կարիք չկա, այն դարձել է աքսիոմա: «Հայաստանյան իշխանությունները Արցախի անվտանգության երաշխավորը չեն, փաստացի երևում է՝ նաև Հայաստանի»,- հավելեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը նաև անդրադարձավ հարցին, թե Արցախի պատերազմից հետո ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չմեկնեց Ստեփանակերտ և չփորձեց տեղում հասկանալ, թե պատերազմն ի՞նչ աղետալի հետևանքներ է թողել հայկական երկրորդ հանրապետությունում, ինչպե՞ս է ապրում արցախցին։

«Որևէ մեկի համար գաղտնի՞ք է, որ Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, նա պարզապես վախկոտի մեկն է։ Եթե այդքան քաջություն ունի, թող գա Ստեփանակերտ, ինչպես մեկ տարի առաջ էր եկել ու Վերածննդի հրապարակից գոռում-գոչում, որ Արցախը Հայաստան է, և վերջ, երբ Արցախի նախագահին դիմում էր՝ «պարոն մարզպետ»։ Թող նորից նման քաջություն ունենա, ես չգիտեմ, ո՞ր դեղերն էին տվել այդ քաջությունը, թող նորից գա ու Արցախի Վերածննդի հրապարակում կանգնի գոնե մեկ վայրկյան։ Այստեղ չկա մի արցախցի, որը կարողանում է տանել նրա գոյությունը»,- շեշտեց նա։

Նրա բնորոշմամբ, իր համար անհասկանալի է, թե ինչ է կատարվում հայ ազգի հետ, իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանը և իր հրոսակախումբը կարողացան ազգին դարձնել ժողովուրդ, որ ազգն այսօր համբերատար, նույնիսկ պաշտպանելով, շարունակում է նրա գոյությունը տանել։

Մեր զրուցակիցը նաև խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արած հայտարարության մասին, երբ նա ասել էր, թե 90 տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով։

Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի պատմությունը, տիրապետում է իրավիճակին և նման հայտարարություներով փորձում է կառավարել այն ամբոխին, որն այսօր կանգնած է իր թիկունքին։

«Ինքս ծնվել եմ Երևանում և շատ լավ հիշում եմ, որ Մասիս քաղաքում շատ թուրքեր էին ապրում, մեկը չկա՝ Նիկոլ Փաշինյանին հարցնի՝ Մասիսը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, թող նա այդ հարցին հստակ պատասխան տա։ Խորհրդային Միություն էր, և բոլորն այդպես ապրում էին։ Ի՞նչ կապ ունի՝ ո՞վ է ապրել Շուշիում ու ի՞նչ քանակով, քանի որ այն դարերով եղել է հայկական  բերդաքաղաք, կա ու լինելու է հայկական բերդաքաղաք։ Այս դավաճանի, վախկոտի ու կապիտուլյանտի հայտարարությունները, կարծում եմ՝ ազգի համար որևէ հիմք չեն։ Հակառակը՝ նա նորից հաճոյանում է իր տերերին և դեռ երևի չի էլ ավարտել իր ծրագիրը։ Ինքը դեռևս վաճառում է մեր բարոյականությունը, արժանապատվությունը, ամեն բան դրել է աճուրդի ու վաճառում է»։

Ի դեպ, հիշեցնենք, որ հունվարի 20-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը հենց Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ պատերազմից հետո որևէ անգամ չմեկնեց Արցախ։

Սակայն ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան չէր տվել: «Ղարաբաղի շարժման ամբողջ նպատակն ու տրամաբանությունը արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ։ Ինչպես նախկինում եմ առիթ ունեցել ասելու, որ մեր խնդիրն այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ կայունություն ապահովելն է, և կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար»,- ասել էր Փաշինյանը, որի պատասխանից հասկանալի չէր Ստեփանակերտ չգնալու բուն պատճառը։

Տեսանյութեր

Լրահոս