Պատրաստվո՞ւմ եք գնալ Ստեփանակերտ, այսօ՞ր էլ եք պնդում, որ Արցախը Հայաստան է, և վերջ. Փաշինյանը հարցերին տվեց խուսափողական պատասխան

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ժամանակին Արցախում հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

«Այսօր ՀՀ քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին և, ամենակարևորը՝ Արցախի մեր հայրենակիցներին մեկ հարց՝ այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ»,- հարցրեց պատգամավորը։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարությամբ ինքն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը և ընկալումն Արցախի հարցի վերաբերյալ։

«Ինչպես ասել եմ հունվարի 11-ին Մոսկվայում, Արցախի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է, և այդ հարցի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ուրախ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կիսում են այդ կարծիքը, և ՌԴ արտգործնախարարի վերջին հայտարարությունը նույնպես այդ համատեքստում էր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով՝ Արթուր Դալլաքյանը նկատեց.

«Պարոն Փաշինյան, հիմա գիտե՞ք ես ձեզանից որ պատասխանը կուզեի, ես ձեզ չեմ դիմում՝ որպես վարչապետի, այլ տղամարդը՝ տղամարդուն, այսօր բոլորս ենք հասկանում, որ դուք՝ որպես գլխավոր հրամանատար, պարտվող հրամանատար եք, սա ընդունված է, և բոլորիս էլ հասկանալի է։ Պատմությունն է ասում, թե նման դեպքերում գլխավոր հրամանատարն ինչ պետք է անի»։

Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ է գնալ Ստեփանակերտ, թե՞ ոչ. «Եթե գնալու եք Ստեփանակերտ, դուք ընդունո՞ւմ եք, որ դա մեր քաղաքն է՝ իր բոլոր նախկին տարածքներով։ Որպես տղամարդ, ես ուզում եմ այս հարցի պատասխանը ձեզանից ստանալ։ Կոնկրետ եմ ուզում  հասկանալ՝ Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է, թե՞ ոչ»։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր դիրքորոշումը հստակ արտահայտել է. «Ղարաբաղի շարժման ամբողջ նպատակն ու տրամաբանությունը արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ։ Ինչպես նախկինում եմ առիթ ունեցել ասելու, որ մեր խնդիրն այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ կայունություն ապահովելն է, և կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս