Հավասարում մի քանի անհայտով․ Սերժ Սարգսյանը՝ կուլիսներից անդին
Շուրջ երկու օր է՝ հայ հանրությունը քննարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Նախօրեին հեռարձակվեց հարցազրույցի երկրորդ հատվածը, որտեղ նախագահ Սարգսյանն ավելի խորքային անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
Ըստ էության, նախկին նախագահը, ով ՀՀ քաղաքական դաշտում նշանակալի, անգամ՝ առանցքային կշիռ ու դերակատարում ունեցող անհատականություն է, հանգամանալից խոսեց, բացատրեց, պատասխանեց մի քանի տասնյակ հարցադրումների՝ բացելով քաղաքական օրակարգի բազում շերտեր ու փակագծեր, թեկուզ՝ ուշացած։
Սերժ Սարգսյանի բովանդակային հարցազրույցը, որտեղ նա հանգամանալից անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած կոպտագույն սխալներին ու մարտավարա-ռազմական առանցքային բացթողումներին, խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ՀՀ անվտանգության ու բանակաշինության կարևորագույն գործիչներից մեկի հետ, ով, անգամ չլինելով պետության ղեկին, պատերազմի հենց առաջին օրվանից հստակ պատկերացրել է, թե ինչ անդառնալի հետևանքներ է ունենալու այն հայ ազգի համար, եթե նման անփույթ ու փնթի կառավարում ընթանա (ինչը և, ցավոք, տեղի ունեցավ)։
Իրականում Սարգսյանն իր խոսքում բավականին մատչելի ու պարզ բացատրեց, թե ինչպիսի տակտիկական քայլեր պետք է այդ օրերին կատարվեին ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ բանակում հստակ համալրում և անկորուստ հերթափոխ անցկացնելու համար, և կետ առ կետ ներկայացրեց այն բացերը, որոնք գուցե միտումնավոր չեն իրականացվել օրվա նաիվ իշխանության կողմից։ Ծավալուն հարցազրույցում նախագահ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության մասին, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։
Հարցազրույցից պարզ դարձավ մի բան․ չնայած այն փաստին, որ ՀՀ ներկայիս քաղաքական ղեկավարությունը «մերժել» է համագործակցել նախագահ Սարգսյանի հետ, այնուամենայնիվ պատերազմի թեժ օրերին նա մի քանի անգամ, ընդհուպ միջնորդավորված, փորձել է, ինչ-որ կերպ աջակցել իր խորհուրդներով և իր լուման ներդնել ռազմական գործողություններում;
Սերժ Սարգսյանի հարցազրույցի պետականակենտրոն լինելը և բացառապես ՀՀ անվտանգային օրակարգի ամրապնդմանը միտված լինելն է վկայում նաև այն, որ քննադատների կողմից ոչ մի հոդաբաշխ հակափաստարկ և կոնտենտային քննադատություն չի ներկայացվում, քանի որ փաստական առումով այն գրեթե անխոցելի է։ Չնայած իշխանական ագիտպրոպը փորձում է այս կամ այն «ռակուրսով», կոնտեքստից կտրված ինչ-որ անմեղսունակ թեզեր ներդնել մեդիատիրույթում և նիկոլապաշտ հանրությանը հերթական անգամ ներկայացնել «Սերժի վատ» լինելու փաստը։ Միանշանակ դրանք ոչ մի լուրջ ու խորքային բովանդակություն չունեն, քանզի օրվա իշխանությունների գործելակերպին բնորոշ հերթական մանիպուլյացիոն հնարքներն են, որոնցով փորձում են ցրել այն մթնոլորտը, որը տիրում է մեդիատիրույթում վերջին երկու օրերին։
Տեղին է առանձնահատուկ շեշտադրում կատարել մի դրվագի վրա, ինչը որոշակիորեն շահարկման առիթ հանդիսացավ տարբեր շրջանակների կողմից։ Խոսքը 2018 թվականի իրադարձությունների մասին է, երբ նախագահ Սարգսյանը որոշակի պարզաբանումներ ներկայացրեց, ինչը դարձավ իշխանամերձ շրջանակների ֆեյքաֆաբրիկաների համար արհեստական զբաղմունքի առարկա։
Առավել կարևոր էին Սերժ Սարգսյանի դիտարկումները՝ բանակցային գործընթացների ու բանակաշինության հետ կապված։
Ամփոփելով՝ հավելենք, որ ակնհայտ է, որ Սարգսյանի այս քայլն արմատապես գլխի վրա շուռ տվեց ներհայաստանյան օրակարգը, հանրության աչքերը բացելով այնպիսի դրվագների վրա, որոնք մինչ այս հասու չէին շարքային քաղաքացուն։ ՀՀ-ում ոչ ոք չգիտեր, թե ինչ կոռուպցիոն սխեմաների մեջ են թաթախված քաղաքական բուրգի գագաթին գտնվողները։ Իր այս հարցազրույցով նախագահ Սարգսյանը նաև կանաչ լույս վառեց իր ղեկավարած քաղաքական ուժի հանդեպ հանրային վերաբերմունքի հարցում։ Փաստ է մի բան՝ Սերժ Սարգսյանն անցել է մի ամբողջ ճանապարհ, ունի հմտություններ ու հնարավորություններ ու ինչ-որ տեղ նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ սեփական մոտեցումներն ու տեսակետը։
Արմեն Հովասափյան