«Բանակցային հետագա գործընթացին չվնասելու նպատակով այդ պահին ԱԺ չբերվեց». Տաթևիկ Հայրապետյանը՝ պատերազմի օրերին Արցախի անկախությունը չճանաչելու մասին
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ լսե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ լսել է. «Ընդհանուր առմամբ միայն այն կասեմ, որ իր ամբողջ հարցազրույցում ինքը անում էր սկզբում՝ պնդում, հետո իր բերած փաստարկներով հակասում էր այդ նույն պնդմանը»:
Խնդրեցինք որևէ օրինակ ներկայացնել պնդման և հակասության, ի պատասխան՝ նա նշեց. «Դե, օրինակ, ասում էր, որ ինքը միշտ գնացել է լուծման փաթեթային տարբերակի. փաստացի փաթեթային վերջին տարբերակը եղել է Կազանը, որի մասին նաև վարչապետն է խոսել, իսկ դրանից հետո այն լուծման առաջարկը, որի մասին ինքը խոսում էր, դա ինքնին փուլային տարբերակ էր, որովհետև հստակ նշում է, որ տեքստում չէր ամրագրվում, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծվելու է կամարտահայտմամբ, քանի որ Ադրբեջանն ընդդիմանում էր դրան»:
Նկատենք, սակայն՝ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել էր, որ Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել։ Հիշեցնենք՝ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր փաթեթային լուծում:
Իսկ թե ի՞նչ ասել է փաթեթային լուծում, ՀՀ երրորդ նախագահը հարցազրույցում ներկայացրել էր հանրամատչելի ձևով.
«Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու։ Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։ Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։ Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է»։
Դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը նաև նկատել էր, որ իր համար «անհասկանալի է, թե ինչու 44 օրերի ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը», Տաթևիկ Հայրապետյանը արձագանքեց. «Գիտեք, դրա վերաբերյալ քննարկումներ եղել են, բայց քանի որ մենք չգիտեինք՝ ռազմական գործողությունները ինչ ավարտ կունենային, ի վերջո, պայքարում էինք և փորձում էինք հաղթանակի հասնել, դրա համար բանակցային հետագա գործընթացին չվնասելու նպատակով այդ պահին խորհրդարան չբերվեց, բայց դուք հիշում եք՝ խորհրդարանում դրա հետ կապված բուռն քննարկումներ կային»:
Հարցին, իսկ ինչո՞ւ չեղավ վերջնարդյունք, որ միայն բավարարվել եք քննարկումների մակարդակով, պատգամավորը պատասխանեց.
«Նույն տրամաբանության մեջ, ինչ ինքն էր նշում, այսինքն՝ որպեսզի բանակցային գործընթացին որևէ վնաս չհասցվի, և հետագայում հանկարծ ձևաչափի փոփոխություն չունենանք»:
Ի պատասխան մեր ճշգրտող հարցին, թե՝ պատերազմի ժամանակ ի՞նչ բանակցային գործընթաց», նա պարզաբանեց. «Դե, հետագայում մտածելով բանակցային գործընթացի մասին»:
Հիշեցնենք՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությանը, ընդգծել էր.
«Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը»: