«Չպետք է ոգևորվել, թե Մեղրիի միջանցքով հնարավոր կլինի Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել ՌԴ». Ատոմ Մարգարյան
Այն, ինչ կարող էր հետաքրքրել Իրանին՝ նրա տնտեսության մասնավոր կամ իրական հատվածին, նման լուրջ նախագծեր ՀՀ-Իրան չեն իրականացվել երկար ժամանակ, միակ բացառությունը, թերևս, Մեղրու ազատ տնտեսական գոտու նախագիծն էր, որն էլ, ըստ էության, մնաց թղթի վրա:
«Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանը նշեց ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությանը, ավելի կոնկրետ՝ դրա ապաշրջափակման վերաբերյալ 9-րդ կետին, ապա, ըստ տնտեսագետի, այդտեղ չկա որոշակիություն, հարցականներն ավելի շատ են, կոնտեքստում էլ ռիսկեր կան, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարավային միջանցքի գործարկմանը, ավելի կոնկրետ՝ երկաթուղային կապի ստեղծմանը և շահագործմանը:
Հավելենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
«Ես այդտեղ շատ մեծ ռիսկեր եմ տեսնում: Այլ բան է, որ, ենթադրենք, Ադրբեջանի հյուսիսային գոտուց երկաթգիծը մտնի Հայաստան, կառուցվի շատ փոքր մի հատված՝ Ֆիոլետովո-Վանաձոր, և կենտրոնական հատվածով՝ Երևանով, և արդեն Նախիջևանով, Ադրբեջանը կապ հաստատի Նախիջևանի հետ, ինչը մեզ և՛ տնտեսական առումով, և՛ քաղաքական առումով կարող է շահավետ լինել, նաև անվտանգային նկատառումներից ելնելով: Բայց Թուրքիան և Ադրբեջանը բոլորովին այլ պլաններ ունեն, և չեն էլ թաքցնում և հայտարարում են գծի մասին՝ Կարսից Իգդիր՝ դեպի Շարուր, Նախիջևանով, Մեղրիով դեպի Բաքու: Իհարկե, սա ֆանտազիայի ժանրից է՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, խնդիրները, որ առկա են, մասնավորապես այն, որ ՀՀ տարածքում Մեղրիով այդ երկաթգիծը գոյություն չունի՝ 40-45 կիլոմետրանոց հատվածը»,- նշեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ՀՀ-ում չպետք է ոգևորվեն, թե Մեղրիի միջանցքով հնարավոր կլինի Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել ՌԴ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում