Միլիարդավոր դրամների ասֆալտապատում ու մեկ անձից անսպառ գնումներ՝ ի հեճուկս նախընտրական խոստումների
Արցախի 80 տոկոսն Ադրբեջանին հանձնելուց հետո եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համաձայնագիրը ստորագրած Նիկոլ Փաշինյանը խոսեց ոչ թե պաշտոնից հեռանալու, այլ` արտահերթ ընտրություներ անցկացնելու մասին: Որոշ ժամանակ անց, սակայն, ոչ թե Փաշինյանը, այլ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց` այս պահին արտահերթ ընտրություն անցկացնելու հանրային պահանջ չկա, բայց հարցը վերջնականապես չփակեց: Հետագայում հնարավոր քայլերի համար տեղ թողնելով՝ չբացառեց Փաշինյանի երկնած 6-ամսյա ճանապարհային քարտեզի ժամկետը սպառելուց հետո նոր հայտարարությամբ հանդես գալու հավանականությունը: Ասենք՝ հուլիսին, երբ իրենց համար պարզեն, որ արդեն կա արտահերթ ընտրություն անցկացնելու հանրային պահանջ։
Ֆեյսբուքով տարածած ճանապարհային քարտեզի 15 կետերում հեղինակ Նիկոլ Փաշինյանը ծավալուն և խիստ հավակնոտ խոստումներ էր տվել: Ավելի քան 2 տարի առաջ էլ «Իմ քայլը» դաշինքը նախընտրական խոստումներ տալիս գծուծ չէր եղել: Ինչպես ասում են՝ խոստումը՝ խոստում, բայց կարևորը գործն է, դրա համար որոշեցինք ևս մեկ անգամ ուսումնասիրել «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագիրն ու ընդամենը համեմատել տրված խոստումներն իրականության հետ։
Եվ այսպես՝ նախընտրական ծրագրի 7-րդ կետում՝ «Հասանելի և հուսալի ենթակառուցվածքներ» վերտառությամբ բաժնում, «Իմ քայլը» դաշինքը խոստանում է հատուկ ուշադրություն հատկացնել ճանապարհների պահպանմանը, խոստանում է, որ 2023 թվականին մարզային նշանակության ավտոճանապարհների՝ 70, իսկ տեղական ճանապարհների՝ 40 և ավելի տոկոսը լինելու է բարեկարգված վիճակում:
«Իմ քայլը» խոստանում է նաև, որ 2023 թվականին հանրապետության համայնքների մոտ 70 տոկոսն ունենալու է կենտրոնական ճանապարհային ցանցին միացնող առնվազն մեկ լավ վիճակում գտնվող ճանապարհ։ Արտաքին աշխարհին կապող ցամաքային, օդային ուղիները բազմազանեցնելու, իսկ 2022 թվականին տարեկան 4 մլն մարդ սպասարկման հզորությամբ օդանավակայան ունենալու մասին խոստումներ էլ կան:
Խոստումերի գործնական հետքերը պարզելու նպատակով 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ պաշտոնապես պատասխան ստանալու, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ իշխանությունը տված խոստումների քանի տոկոսն է իրականացրել։
Թեև Սուրեն Պապիկյանը 2018-2019 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ 2019 թ. հունիսի 1-ին՝ նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. այսինքն, ըստ էության, համակարգել է նույն ոլորտն ու իրականացրել նույն գործառույթը, սակայն, մեզ տրվել է պատասխան, որ 2019 թվականի հունիս ամսից ՀՀ ճանապարհային ոլորտը գտնվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման և կառավարման ներքո, հետևաբար՝ մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ տվյալներ չեն հայտնել։
Քանի միլիարդի և քանի կմ ճանապարհ է ասֆալտապատվել ու նորոգվել 2019 թվականին
Նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի պետական բյուջեի միջոցներով ՀՀ-ում հիմնանորոգվել է 15 մլրդ 450 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մոտ 153 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհ։
Իրականացվել են 6 մլրդ 72 մլն ՀՀ դրամի 131.5 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ։
Նույն ժամանակահատվածում Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվել է 70.2 կմ ճանապարհահատված: Իսկ սուբվենցիոն ծրագրերով 2019 թվականին հանրապետությունում վերանորոգվել է 110 կմ ներհամայնքային ճանապարհ։
Քանի միլիարդի և քանի կմ ճանապարհ է ասֆալտապատվել ու նորոգվել 2020 թվականին
2020 թվականին պետական բյուջեի միջոցներով Հանրապետություում ասֆալտապատվել է 242.5 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհ և 3 տրանսպորտային օբյեկտ: Հիմնանորոգումների համար Պետական բյուջեից նախատեսվել է 32 միլիարդ ՀՀ դրամ, բայց իրականացվել են 3,5 միլիարդ դրամի հիմնանորոգման աշխատանքներ։
Միևնույն ժամանակ՝ Կառավարության և Համաշխարհայի բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման բանկի համաֆինանսավորմամբ վերակականգնվել է 58 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված ՀՀ տարբեր մարզերում։
Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով վերաբորոգվել է 146 կմ ներհամայնքային ճանապարհ։
Մեկ անձից գնումների քանակն ու իշխող ուժի նախընտրական խոստումը
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գործող իշխանությունը խոստացել է վերանայել գնումների կազմակերպման և իրականացման կանոնակարգերը` նվազագույնի հասցնելով մեկ անձից գնումների ծավալը: Որպես թիրախ՝ սահմանել են մեկ անձից գնումների ծավալի տարեկան 20%-ով կրճատում, ընդհանուր գնումների մեջ մեկ անձից իրականացվող գնման տեսակարար կշռի առնվազն 10%-ով կրճատում:
Սա թղթի վրա գրված խոստում է ընդամենը, իսկ իրականությունը բոլորովին այլ է։
Ըստ մեզ տրամադրած պատասխանի՝ 2019 և 2020 թվականների ընթացքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող 38 ընկերություններից 11-ի հետ կնքվել են մեկ անձից գնման ընթացակարգով շինարարական աշխատանքների կատարման պայմանագրեր. Այսինքն՝ Կառավարությունը ոչ թե նվազեցրել է մեկ անձից գնումների տեսակարար կշիռը, այլ հակառակը՝ ավելացրել։