Հավանական է, որ պետության կողմից արված քայլ է, որովհետև այսօր ամբողջ մեդիադաշտը Էրդողանի հսկողության տակ է. Տիրան Լոքմագյոզյան
Օրեր առաջ թուրքական TGRT հեռուստաընկերության եթերում ներկայացվել էր մի քարտեզ, որն արտացոլում է Stratfor-ի կանխատեսումները Թուրքիայի ազդեցության գոտու ընդլայնման վերաբերյալ: Ներկայացված կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը դրանում ընդգրկվելու են Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի, նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջանները՝ ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները:
Թեմային արձագանքել են ռուս քաղաքական գործիչները և փորձագետները:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշում է՝ թուրքական կողմից նման քարտեզների հրապարակմանը պետք է լուրջ վերաբերել, քանի որ դրանք արտացոլում են Թուրքիայի նպատակաները:
«Եթե հեռուստատեսությամբ է դրվում դա, շատ հավանական է, որ պետության կողմից արված քայլ է, որովհետև այսօր ամբողջ մեդիադաշտը Էրդողանի հսկողության տակ է: Միայն մի քանի ալտերնատիվ ալիքներ կան, որոնք հիմնականում արտասահմանցի են հեռարձակվում, դրանք իրենց են տնօրինությունից դուրս են, մնացածը բոլորն էլ իր ձեռքի տակ են»,- պարզաբանեց թուրքագետը 168.am-ի հետ զրույցում:
Կոնկրետ Ռուսաստանին ուղղված թուրքական վեկտորներին անդրադառնալով՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը լուրջ ճնշման տակ է Ամերիկա, Իսրայել, Մեծ Բրիտանիա եռատոնու կողմից. «Թուրքիան իրենց գործակատարն է, և այդ ամենում իր «փայն» էլ ունի, իրեն տալիս են իր փայը, իհարկե:
Եվ Ռուսաստանը, քանի որ լավ գիտի, թե ինչ է ծրագրված, շատ անգամ շատ հախուռն քայլերի չի դիմում Թուրքիայի նկատմամբ. գիտի՝ դրա հետևում ինչ է թաքնված՝ դրդել Ռուսաստանին ինչ-որ գործողությունների, որ կարողանան իրենք էլ միջամտել: Օրինակ, ժամանակին Սաաակաշվիլիի այդ քայլը Աբխազիայի և Օսեթիայի նկատմամբ հիմնականում այն էր, որ ինքը կարծում էր՝ եթե ինքնագլուխ նման քայլ անի, ԱՄՆ-ն իրեն օգնելու է, բայց քանի որ այն ժամանակ դեռ Միացյալ նահանգների պլանների մեջ չկար Ռուսաստանի հետ ուղիղ առճակատում, չգնացին դրան: Սակայն Էրդողանը հիմար չէ, նա շատ լավ հաշվարկներ ունեցող մարդ է, և ես կարծում եմ, որ Էրդողանի ամեն մի քայլի հետևում կանգնած են այն ավելի մեծ ուժերը, որոնք իրեն առաջ են մղում: Դրա համար Ռուսաստանը բավականին, կարելի է ասել, պասիվ է մնում Թուրքիայի նկատմամբ, սակայն էլի իր քայլերն անում է՝ ինչպես արեց Ղարաբաղի հետ կապված»:
Նա շեշտեց, որ հրապարկված քարտեզը նաև զգուշացում է Հայաստանի համար. «Այդ քարտեզը թե՛ մտադրություն է, թե՛ մեսիջ է՝ ով հասկանա, հասկանա»:
Հարցին՝ մեր իշխանությունները կհասկանա՞ն, թուրքագետը պատասխանեց. «Եթե ուրիշ իշխանություն լիներ, կարող է հասկանար՝ ինչ է կատարվում»:
Իսկ թե որոնք պետք է լինեն իշխանությունների անելիքները` հարցին ի պատասխան էլ մեր զրուցակիցն ասաց. «Մեր իշխանությունները պետք է դրա դեմ իրենց հակաքայլերն անեն: Սակայն կանե՞ն՝ դա այլ հարց է»:
Ճշգրտմանը, թե հակաքայլերը ենթադրում են դաշնակցային հարաբերությունների բարելավո՞ւմ՝ Ռուսաստանի, Իրանի հե՞տ, Տիրան Լոքմագյոզյանը արձագանքեց. «Դա մինիմումն է. մենք պիտի չփչացնեինք հարաբերությունները Ռուսաստանի, Պարսկաստանի և Չինաստանի հետ: Մենք մեր հարաբերությունները վատացնելով՝ ոչ միայն մեզ վատություն արեցինք, այլ նաև այդ երկրներին, որովհետև մենք այս տարածաշրջանում կողպեքի դեր ենք կատարում:
Մենք շատ կարևոր դիրք ունենք՝ չնայած փոքր երկիր լինելով, սակայն մենք այս վերջին տարիներին կամավոր այդ կողպեքի բանալին հանձնեցինք թշնամուն, և Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և այն երկրներին, որոնք թուրքական սպառնալիքի տակ են, վատ վիճակի մեջ դրեցինք. իրենք այժմ և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով շատ վատ դրության մեջ են»: