«Ես որևէ սպասելիք չունեմ այժմ իրենց իշխանություն համարող անձանցից. նրանք որևէ կերպ ունակ չեն նման պլատֆորմ ստեղծելու». Իրանագետ

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում իր ելույթում երեկ հայտնել էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը:

Նկատենք՝ Իրանը մեկ անգամ չէ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով բարձրաձայնում է տարածաշրջանում ահաբեկչական վտանգի մասին:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իրանի խորհրդարանի նախագահը ներկայացնում է Իրանի պահպանողական թևը, ապա հավելեց, որ բարեփոխականների թևի հետ այս հարցում կա հստակ կոնսենսուս.

«Փաստացիորեն, նրա հայտարարությունը, կապված մեր տարածաշրջանում ահաբեկչական վտանգի հետ, հենց իրանական քաղաքական վերնախավի այդ թևի տեսակետն է, ինչը գալիս է լրացնելու բարեփոխականների նմանատիպ անհանգստությունների հատվածը, որովհետև գիտեք, Իրանի կառավարությունը՝ Ռուհանիի կառավարությունը, ներկայացնում է բարեփոխական թևը: Այսինքն՝ ըստ էության, խնդրի վերաբերյալ Իրանի ներսում կա հստակ կոնսենսուս, և սա պետք է կարևոր ազդակ լինի՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները:

Խնդիրն այն է, որ Արցախյան այս վերջին պատերազմի ընթացքում թուրքական անմիջական ջանքերով Թուրքիայի կողմից մեր տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների ներկայության հարցը, ըստ էության, չի լուծվել: Դրա վերաբերյալ եղել են նաև հայտարարություններ ռուսական կողմից՝ թե՛ ՌԴ արտգործնախարարի մակարդակով՝ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում է ակնարկ արվել այս խնդրին, և թե՛ ՀԱՊԿ մակարդակով, գիտեք, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էլ խոսեց ահաբեկչության վտանգի և ահաբեկիչների ներկայության խնդրի մասին:

Հետևաբար, իրանցիները Ռուսաստանի հետ կարծեք թե փորձում են ստեղծել ընդհանուր շահերի դաշտ, որտեղ տարածաշրջանում հայտնված ահաբեկիչների հիմնահարցը կարևորագույններից մեկն է և շարունակում է վտանգ հանդիսանալ թե՛ իրանական, թե՛ ռուսական շահերի համար: Բնականաբար, ահաբեկիչների ներկայությունն առաջնային վտանգ է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարպետության շահերի տեսանկյունից: Սա այն հարթությունն է, որտեղ մենք ունենք հնարավորություն մեր գործընկերների և դաշնակիցների հետ ձևավորելու բավական հետաքրքիր համագործակցային մթոնլորտ՝ հակաահաբեկչական պլատֆորմ, որտեղ կարող են ներառված լինել Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը»:

Ըստ իրանագետի՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ պետք է տարվեն, սակայն նշեց. «Ես որևէ սպասելիք չունեմ այժմ իրենց իշխանություն համարող անձանցից. նրանք որևէ կերպ ունակ չեն նման պլատֆորմ ստեղծելու, բայց Հայաստանի տեսլականի և հեռանկարի առումով՝ այս պլատֆորմը չափազանց կարևոր և նաև ինչ-որ առումով մեր անվտանգային շահերը ապահովող հարթակ կարող է դառնալ»:

Հաշվի առնելով կարճատև ժամանակահատվածում իրանցի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Ռուսաստան՝ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս կերպ Իրանը ցանկանում է առավել ընդգծել տարածաշրջանում Ռուսաստանի դերը, թե՞ ուղղակի փորձում է առավել ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում, ի պատասխան՝ նա ասաց.

«Ակնհայտ է, որ իրանցիներն ամեն կերպ փորձում են ներգրավվել Հարավային Կովկասում ընթացող բոլոր գործընթացներին անխտիր, և այդ թվում, բնականաբար, առաջնահերթ խնդիր է արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում իրանական ներկայությունն ապահովելը, ինչը ռուսական կողմից, դատելով արձագանքներից, արժանանում է դրական վերաբերմունքի: Կարծում եմ՝ ռուսական կողմն էլ կցանկանար իրանական ներգրավվածություն, որպեսզի հավասարակշռի թուրքական ներկայությունը թե՛ Հարավային Կովկասում, և թե՛ Արցախյան հիմնախնդրի համատեքստում:

Իրանական անհանգստությունների մյուս հատվածը վերաբերում է «հաղորդակցության ուղիների շրջափակում անունով» ներկայացվող ծրագրին, որին իրանցիները կողմ են՝ որպես հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, բայց դեմ են՝ եթե դրա տակ ենթադրվում է որևէ միջանցքի ստեղծում, որը կկապի Թուրքիան, Նախիջևանը՝ մնացյալ Ադրբեջանին: Իրանցիներն այս անհանգստությունները փորձում են կառավարել նաև ռուսական կողմի հետ բանակցությունների միջոցով»:

Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Ղալիբաֆի Մոսկվա այցին նախորդել էր նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի պաշտոնական այցը:

Տեսանյութեր

Լրահոս