Ղարաբաղի շուրջ գործընթացները և բանակցություններն առաջիկայում կլինեն ակտիվ, սակայն առանց մեծ նորությունների. Մալաշենկո
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցում ըստ էության պետք է շարունակեն այն կետից, ինչ կանգ են առել բանակցային գործընթացում, բացառությամբ տարածքների հարցի, որը լուծվել է ռազմական գործողությունների հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հնարավոր ճգնաժամի դեպքում իրավիճակին Հարավային Կովկասում, մասնավորապես, Արցախյան հակամարտության գոտում:
Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, սակայն դրանք նոր չեն ոչ ՌԴ իշխանությունների, և ոչ էլ ԱՄՆ նորընտիր իշխանության համար, որոնք միմյանց հետ առճակատման և համագործակցության լուրջ փորձ ունեն:
Նրա որակմամբ, այս մարդիկ վերջին տասնամյակի ամենալուրջ առճակատման միջով են անցել:
Մալաշենկոյի խոսքով՝ շատ քաղաքագետների կարծիքով՝ ամենաբարդ փուլը նույնիսկ եղել է նախորդ վարչակազմը Թրամփի նախագահությամբ, որը անկանխատեսելի ու իմպուլսիվ էր:
Սակայն վերլուծաբանը չի կարծում, որ թե երկկողմ հարաբերություններում, թե երրորդ թեմաներում ռուս-ամերիկյան հարաբերություններն անկանխատեսելի ընթացք են ունենալու:
Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ բոլոր հնարավոր սցենարները երկու կողմն էլ հաշվի է առնում, ինչը, ի դեպ, մեղմացնում է այդ ռիսկերի վտանգը:
«Ներկայումս թվում է, թե այլ կոնֆիգուրացիա է Ղարաբաղում, սակայն ես այդպես չեմ կարծում: Ռուսաստանը և ԱՄՆ-ը այս հարցում ըստ էության պետք է շարունակեն այն կետից, ինչ կանգ են առել բանակցային գործընթացում, բացառությամբ տարածքների հարցի, որը լուծվել է ռազմական գործողությունների հետևանքով: Իսկ հակամարտության մյուս բոլոր հարցերը լուծված չեն և պետք է շարունակեն լուծվել, կարգավիճակի հարցն ամենակարևորն է, պետք է հստակ լինի, թե ինչ է Ղարաբաղը, որովհետև հասկանալի չէ, թե ինչ է լինելու հինգ տարի անց և դրանից հետո, կամ ինչպես է շարունակվելու ռուս-թուրքական համագործակցությունը, ինչպես է լուծվելու փախստականների հարցը, ինչ վիճակում են լինելու մի որոշ ժամանակ անց գրավված տարածքները, ինչ ճանապարհներ ու երբ են ապաշրջափակվելու ու ընդհանրապես ինչպես է այս ամենին զուգահեռ՝ ընթանալու հայ-ադրբեջանական բանակցությունները»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբանը: Նա արձանագրեց՝ փաստն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեև թույլ է, շարունակելու է աշխատանքը, սակայն ուժեղացել է թուրքական գործոնը, որը փորձում է վերահսկել ու զսպել Ռուսաստանը, համագործակցելով թե տեղում տարածաշրջանում, թե դրա սահմաններից դուրս: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, հարցերը և անորոշությունները չափազանց շատ են, սակայն կարևորը, որ կա ռազմական գործողությունների դադար, և դիվանագիտության խնդիրը բարդ է՝ արդյունավետ աշխատանք տանել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում՝ համադրելու ՌԴ, ԱՄՆ և կողմերի շահերը, սրան զուգահեռ՝ աշխատել Թուրքիայի հետ, փորձել մեղմել թուրքական ագրեսիվ նկրտումները տարածաշրջանում, դրանով իսկ ազդելով Ադրբեջանի վրա, լուծել Ղարաբաղում հումանիտար խնդիրներ, տարածաշրջանում այս հարցին հետևում և անմասն չեն նաև Իրանում և Վրաստանում:
«Սակայն ամենակարևորը՝ Ռուսաստանն ԱՄՆ նոր վարչակազմի հետ զգույշ է գործելու, և կարծում եմ՝ Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ նոր շունչ են հաղորդելու Մինսկի խմբին, իսկ Ռուսաստանն աշխատելու է առանց լարվածության, քանի որ ստացել է ռազմական ներկայություն Ղարաբաղում, Ադրբեջանում, իրեն զգում է ամուր և կարող է մասնակցել և հետևել այն քննարկումներին, որոնք ծավալվում են արևմտյան հարթակներում, դրանով իսկ վերահսկելով նաև զարգացումները: Առաջիկա զարգացումները, նախկինի նմանությամբ, լինելու են երկարատև քննարկումներ կարգավիճակի հարցի շուրջ, այստեղ հեշտ ու հասկանալի լուծումներ չկան, թեժ պայքար է լինելու, Ռուսաստանը ստատուս-քվոյի կողմնակիցն է, իսկ բանակցությունը կարգավիճակի հարցի շուրջ առաջիկայում չի խախտելու այդ կարգավիճակը, ՌԴ-ն իր այդ պնդումը թուլացնելու է, քանի որ դա կարող է առճակատումների պատճառ դառնալ, ինչն անցանկալի է:
Ռազմական հողի վրա նոր սրացումների հավանականություն չեմ տեսնում, քանի որ կողմերը սպառված են ծանր պատերազմից հետո, կողմերից մեկն ունի խնդիր՝ վերականգնել իր գրաված տարածքները, որը պատերազմական իրավիճակում հնարավոր չէ, հետաքրքրություն կա նաև ճանապարհների առումով, ուստի ներկայումս կան ծրագրեր, որոնք Ադրբեջանը ցանկանում է իրականացնել, հայկական կողմի համար էլ կարևոր է կարգավիճակի հարցը, քննարկումները կսկսվեն, սակայն կերկարաձգվեն անորոշ հեռանկարով: Այսինքն՝ Ղարաբաղի շուրջ գործընթացները և բանակցությունները կլինեն ակտիվ, սակայն, առանց մեծ նորությունների»,- ասաց Մալաշենկոն: